Հայերեն   English   Русский  

​Լրատվական գործունեությունդ խուզարկությունով կտրեմ, կամ երբ առերեսվում ենք «մասնագիտական հավկուրության հետ»


  
դիտումներ: 942

Առավոտ էր, Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկը, երբ Ոստիկանության 6-րդ վարչության ու քննչական կոմիտեի աշխատակիցները, դատարանից ստացած «օրդերը» ձեռքներին, մտան Yerevan.Today-ի խմբագրություն խուզարկության:

Մոտ 6 ժամից, իհարկե, նրանք հեռացան՝ «Երևան Սիթի» տոպրակներով փաթաթված ինչ-որ իրեր իրենց հետ դուրս տանելով, որոնց մեջ, հետո պիտի պարզվեր, գլխավոր խմբագրի աշխատանքային համակարգչի պրոցեսորն ու մյուս աշխատանքային համակարգիչների կոշտ սկավառակներն էին: Միանգամից պարզ էր՝ խուզարկուները փնտրում էին սեպտեմբերի 11-ին ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ ղեկավարի հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրությունները՝ բնօրինակներով, ինչպես նաև հանցանքի գործիքները՝ գաղտնալսող սարքերը:

Իսկ ի՞նչն էր նման ենթադրության հիմք դարձել: Դա անգամ ամենավատ սցենարով դետեկտիվ ֆիլմերում հնարավոր չէ հանդիպել: Մեջբերենք. «Խմբագրությունում կատարված խուզարկությունը որևէ կերպ առնչություն չի ունեցել իրականացվող լրագրողական գործունեության հետ, այլ բացառապես ուղղված է՝ ապահովելու քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունը, ստուգելու քրեական գործով ձեռք բերված նախնական տվյալները, պարզելու երկու իրավապահ մարմինների ղեկավարների հեռախոսազրույցը գաղտնի ձայնագրելու և տարածելու եղանակը և էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։ Քրեական գործի նախաքննությամբ օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ հեռախոսային խոսակցության գաղտնալսման վերաբերյալ տեսանյութն առաջին անգամ տեղադրվել է Yerevan.today լրատվական կայքում և կարճ ժամանակ անց հեռացվել կայքից: Ըստ Google որոնողական համակարգի՝ 2018 թ. սեպտեմբերի 11-ին համացանցում լայն տարածում ստացած տեսանյութը լրատվական կայքում առաջին անգամ տեղադրվել է դրանից 2 օր առաջ»:

Սևակ Հակոբյան

Պատկերացնելն անգամ դժվար է, որ Google որոնողական համակարգի ինչ-ինչ տեխնիկական անսարքության հետևանքով հնարավոր է մի ամբողջ խմբագրություն խուզարկել: Եվ սա այն դեպքում, երբ դրա նախորդ օրը կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը, մեդիա անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, այլ փորձագետներ նշում էին, որ դա պարզապես Google-ի խափանման արդյունք է, ոչ ավելի, ոչ պակաս: Նույն Yerevan.today-ի մեկ այլ՝ հենց նույն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի ասուլիսի տեսագրությունը, որ հրապարակել էր Yerevan.Today-ը ասուլիսի օրը, նույնպես Google-ով ցույց էր տալիս, որ ասուլիսից երկու օր առաջ է հրապարակվել: Բայց մեր պանծալի խուզարկուներին անգամ դա չէր օգնել հասկանալու, որ չէր կարող Yerevan.Today-ը երկու օր առաջ իմանալ ԱԱԾ ու ՀՔԾ ղեկավարների ասուլիսի մասին, քանի որ իրենք ևս չգիտեին, որ ասուլիս են տալու:

Չես կարող չմտածել, որ պարզապես պետք էր խուզարկել Yerevan.Today-ի խմբագրությունը, ու քննչական մարմինները դա արեցին հաճույքով: Թքած, որ անգամ հիշողությունը գերլարելով նորանկախ Հայաստանի վերջին 20 տարվա պատմության մեջ հնարավոր չէ հիշել մի այդպիսի դեպք: Նման դեպք վերջին անգամ եղել էր հեռավոր 1994 թ., երբ կասեցվեց Դաշնակցությունը, և որոշ լրատվամիջոցներ փակվեցին, խմբագրություններում էլ խուզարկություն արեցին: Դե շատ մեծ ցանկության դեպքում դրան կարելի է գումարել նաև ՀՀ այսօրվա վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստեղծած «Հայկական ժամանակի» խմբագրությունից համակարգիչների առգրավումը, բայց ոչ թե քննչական մարմինների կողմից ու ոչ թե «շպիոնաժի» կասկածներով, այլ ԴԱՀԿ-ի կողմից, կապված հարկային պարտավորություններն իբր չկատարելու ինչ-որ մութ պատմության հետ: Տարբերությունը, կարծում ենք, հասկանալի է:

Եվ իզուր չէ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը նշում , որ վերջին 20 տարում նման դեպքեր շատ քիչ են եղել. «Քաղաքական կոնկրետ ենթատեքստով խուզարկություն` կոնկրետ ուղղվածությամբ ու պոռթկմամբ, մենք 94-ից այս կողմ չենք հիշում»,- «Սպուտնիկ Արմենիայի» եթերում նշում էր նա: Իսկ մինչ այդ, իր մեկ այլ հարցազրույցում Սեյրանյանը նշել էր, որ այս խուզարկությունն առնչվում է կայքի լրատվական գործունեությանը:

Իհարկե, ովքեր փոքրիշատե սթափ են մտածում այս խառնակ ժամանակներում, չեն կարող չմտահոգվել նման փաստով, չեն կարող չմատնանշել այն վտանգները, որ կարող է բերել նման գործելաոճը, ինչի մասին տարբեր խմբագիրներ բարձրաձայն արտահայտեցին, իսկ որոշ խմբագրություններ իրենց անվերապահ աջակցությունն ու զորակցությունը հայտնեցին Yerevan.Today-ին:

Բայց այս ամբողջ պատմության մեջ պարզապես «սպանում է» քննչական մարմինների տրամաբանությունը կամ դրա բացակայությունը: Եկե՛ք մի պահ երևակայության մեջ համաձայնենք խուզարկուների «կասկածներին» ու «խուզարկության հիմքերին»: Այդ դեպքում ստացվում է, որ մի փոքրիկ խմբագրությունը կարող է հանգիստ գաղտնալսել մի ամբողջ պետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի ու Հատուկ քննչական ծառայության պետի հեռախոսազրույցը: Եթե դա հնարավոր է, ուրեմն բրավո լրատվամիջոցին, որ նման բան է կարողացել անել: Բայց նաև ուշադրություն դարձնենք այս տեսակետի անհեթեթությանը: Եթե որևէ խմբագրություն այնքան հզոր է ու շրջահայաց և տիրապետում էր այնպիսի տեխնիկայի ու տեխնոլոգիաների, որոնցով հնարավոր էր գաղտնալսել ուժային կարևոր կառույցների ղեկավարներին, մի՞թե իր այդ տեխնիկական միջոցները կտաներ ու կպահեր իր խմբագրությունում: Ավելին, եթե որևէ մեկը կարող է գաղտնալսել թիվ մեկ գաղտնալսողին, մի՞թե այնքան շրջահայացություն չէր ունենա մտածելու, որ իրեն էլ կարող են գաղտնալսել, դեռ ավելին՝ խուզարկել, ու մի՞թե «իրեղեն ապացույցները» կպահեր իր մոտ:

Մեկ այլ ուշագրավ կողմ. խուզարկողներն իրենց հետ վերցրել են այնպիսի համակարգիչների կոշտ սկավառակներ, որոնցից մեկը, օրինակ, վերջին 2 տարում առհասարակ չի աշխատել, փչացած է եղել: Ու անգամ տեխնիկայից ու տեխնոլոգիաներից ամենահեռու մարդը մի հպանցիկ հայացք եթե նետեր այդ համակարգչի հովացնող սարքի՝ «քուլերի» վրա ու նկատեր դրա վրա դրված մի մատ հաստությամբ փոշին, կհասկանար, որ այդ համակարգիչը առնվազն վերջին ամիսներին չի աշխատել: Ու նման համակարգչի կոշտ սկավառակը առգրավել այնտեղ մի քանի օրվա ինֆորմացիա գտնելու հույսով առնվազն պրոֆեսիոնալ «հավկուրության» նշան է:

Լրատվամիջոցներ կան, որոնք պաշտոնական հաղորդագրությունից դեռ շատ ավելի վաղ ու շատ ճշգրիտ տեղեկություններ են հրապարակում. ինչո՞ւ էնտեղ խուզարկություններ չեն անցկացվում: Կամ ինչպե՞ս է ընտրվում, թե ո՛ր լրատվամիջոցում պետք է խուզարկություն անցկացվի, և որում՝ ոչ:

Այս ամենը համադրելով՝ պարզապես այլ տարբերակ չի մնում, քան տպավորությունը, որ պետք էր հենց լրատվամիջոցին այս կերպ ճնշել, միաժամանակ «կուժ, քեզ եմ ասում, կուլա՛, դու հասկացիր» տարբերակով մյուսներին էլ հասկացնել, որ խուզարկող տղերքը կան և մի գեղեցիկ ու լուսապայծառ առավոտ էլ կարող են իրենց այցելել՝ դատարանի որոշումը ձեռքներին: Իսկ դա լրջագույն մարտահրավեր է մեր երկրում ազատ մամուլի համար, մեր երկրի, մեր ժողովրդավարության համար ընդհանրապես: Պատահական չէր, որ դեպքին միանգամից արձագանքեցին թե՛ ՄԻՊ-ը, թե՛ գիտակից լրագրողներն ու լրատվական կազմակերպությունները, որոնց համար մամուլի ազատությունը, խոսքի ազատությունը, ժողովրդավարությունը ու նման «մանր-մունր կատեգորիաները» պարզապես հանրահավաքների ժամանակ հնչեցվող լոզունգներ ու սիրուն հայտարարություններ չեն, այլ իսկական արժեքներ:

Բայց փոքր-ինչ խորանանք այս տհաճ միջադեպի «փոքրիկ» նրբությունների մեջ, որոնք, խոշոր հաշվով, ճակատագրական կարող են դառնալ մեր հասարակության ու հատկապես մամուլի ազատության համար: Օրինակ՝ իզուր չէ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել Yerevan.Today կայքի խմբագրությունում ոստիկանության իրականացրած խուզարկությունը: Կազմակերպության պաշտոնական կայքը շեշտել է, որ իրավապահների գործողությունները խախտում են լրագրողական աղբյուրների գաղտնիությունը:

Yerevan.Today-ում խուզարկություն իրականացնելը և սարքավորումների առգրավումը լրագրողական աղբյուրների պաշտպանության սկզբունքի կոպիտ խախտում են, որը երաշխավորված է Հայաստանի օրենսդրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ ՄԻԵԴ-ի կողմից: Ցավում ենք, որ ոստիկանությունն առավել համաչափ եղանակ չի գտել իրենց օրինական նպատակին հասնելու համար»,- ասել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Յոհան Բիհրը:

Դեռ մի կողմ թողնենք այս հարցի ակնհայտ երևացող կողմը, որ նման խուզարկությամբ քննչական մարմինը խախտում է ամբողջական լրատվամիջոցի՝ աղբյուրների գաղտնիությունն ապահովելու իրավունք-սկզբունքը: Անդրադառնանք նաև այլ հանգամանքի: Յուրաքանչյուր լրագրող ունի տեղեկատվության բացահայտ ու գաղտնի աղբյուրներ, շեշտում ենք՝ յուրաքանչյուր լրագրող: Ու հատկապես հաջողակ է այն լրագրողը, որն ունի ավելի շատ, թեկուզ գաղտնի, բայց վստահելի աղբյուրներ, որոնց հրապարակումներն ու հոդվածները հիմնավոր են: Եվ յուրաքանչյուր փոքրիշատե փորձված լրագրող գիտի, որ աղբյուրները երբեք չի կարելի բացահայտել, եթե աղբյուրը դրան դեմ է: Բացահայտումը լրագրողական կարիերայի ավարտ է նշանակում:

Հիմա տրամաբանական ևս մեկ հարց. տողերիս հեղինակը Yerevan.Today-ի ստեղծման առաջին իսկ օրվանից աշխատել է այնտեղ՝ մոտ 2,5 տարի: Այդ ընթացքում ունեցել եմ բազմաթիվ աղբյուրներ, բազմաթիվ ու բազմապիսի տեղեկատվություն: Դրանց մի մասը, կարող էր, չէ՞, տեղ գտնել իմ աշխատանքային համակարգչում: Այն համակարգիչներից մեկում, որի կոշտ սկավառակը քննչական մարմինները առգրավել են: Ու քանի որ ժամանակակից տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներում ամեն ինչ ունի իր էլեկտրոնային հետքը, դժվար չէ իմանալ, օրինակ, իմ աղբյուրների մասին: Դրանից հետո ինձ, որպես լրագրողի, ո՞վ կվստահի: Կամ ինչպե՞ս ես կարող եմ երաշխավորել որևէ տեղեկության պոտենցիալ աղբյուրի գաղտնիությունը, եթե նման բան է տեղի ունեցել: Իսկ լրագրողների կողմից տեղեկատվության աղբյուրները գաղտնի պահելու իրավունքը պաշտպանված իրավունք է ոչ միայն տեղական իրավական նորմերով, այլև մեր երկրի ստանձնած միջազգային պարտավորություններով: Յուրաքանչյուր լրագրող իրավունք ունի չբացահայտելու իր տեղեկատվության աղբյուրը, անգամ՝ դատարանում: Իսկ հիմա իմ այդ մասնագիտական իրավունքը լուրջ վտանգի տակ է՝ չնայած գործունեության ամբողջ ընթացքում փորձել եմ տեղեկատվության գաղտնի աղբյուրների հետ աշխատանքի վերաբերյալ բոլոր տվյալները պահել հնարավորինս ապահով վայրերում, այդ համակարգչում նման տեղեկատվություն չկա: Միևնույն է, երևույթն ինքնին մտահոգիչ է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: