Հայերեն   English   Русский  

​«Քանի հնարավորություն է ստեղծվել, պետք է ամրապնդել մեր պետականության հիմքերը և բազմաբևեռ հարաբերություններ ստեղծել»


  
դիտումներ: 2227

Հայաստանի երրորդ Հանրապետությունը 27 տարեկան է։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին կողմ քվեների 99,5 տոկոսով հռչակվեց Անկախ Հայաստանի Հանրապետությունը։

Տոնի առթիվ «Անկախը» զրուցել է անկախության ակունքներում կանգնած գործիչներից մի քանիսի հետ՝ նրանց հղելով նույն հարցերը։

- Անկախության հանրաքվեի 27-ամյակն ենք նշում։ Ձեր կարծիքով՝ նախորդ 27 տարիները որքանո՞վ ենք արդյունավետ օգտագործել պետականաշինության տեսակյունից։

Պարույր Հայրիկյան (Խորհրդային տարիներին գաղտնի գործող Ազգային միացյալ կուսակցության ղեկավար, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ, 1-ին գումարման ԳԽ և ԱԺ պատգամավոր) - Ժամանակը պետականաշինության առումով ինչ-որ չափով օգտագործել ենք։ Քանի որ հայկական պետականությունն ի սկզբանե որպես բարձրագույն նպատակ ընդունած մարդիկ չէ, որ եկան իշխանության և՛ 90, և՛ 98 թվականին, և՛ հետո, բնականաբար չհասանք նրան, ինչին պիտի հասած լինեինք։

Ազատ Արշակյան (խորհրդային տարիների անկախական գործիչ, 1-ին գումարման ԳԽ և ԱԺ պատգամավոր) - Մինչև 95 թվականը շատ արդյունավետ է եղել, ընդունվել են երկրի հիմնական օրենքները։ Այսինքն՝ կարելի է ասել, որ 95 թվականին պետականաշինություն ասվածը ավարտվել է։ Դրանից հետո սկսվեց անկում, էռոզիա, ժողովրդավարությունն այլևս առաջ չգնաց։ Հետագայում հող նախապատրաստվեց Եվրասիական միությանը միանալու համար, վերականգնվեցին Խորհրդային Միությանը բնորոշ ատրիբուտները, ինչպես չեկիստների օրը, մարտի 8-ը կամ սովետական բանակի օրը նշելը։

Կարծում եմ, որ մեծ նահանջ տեղի ունեցավ՝ փոխվեց վերաբերմունքը հայոց լեզվի և մշակույթի հանդեպ, ընդհանրապես մշակույթը գնաց դեպի ռաբիզացում և այդպես շարունակ։ Անկումը հասավ մինչ այն, որ ԱԺ պատգամավորներ էին ընտրվում ակնհայտ տգետ և գռեհիկ վարքագծով մարդիկ։ Նրանք պարզապես առնում էին պատգամավորի տեղը և քվեարկում էին հակապետական օրենքների օգտին։

Սամվել Շահինյան (1-ին գումարման ԳԽ պատգամավոր, Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի գեոէկոլոգիայի և կենսաանվտանգության ամբիոնի վարիչ, երկրաբան-երկրաֆիզիկոս, քարանձավագետ) - Սկզբում ժամանակն անհամեմատ արդյունավետ էինք օգտագործում, բայց 94 թվականից ամեն ինչ փոխվեց, մենք շեղվեցինք ճանապարհից։ Երևի կուսակցականացումը խանգարեց ժողովրդական շարժումը ավելի հեռուն տանելուն։

Մինչ այդ մենք կարողացանք Խորհրդային Միության տարածքում եղած օրենքերում գտնել առկա բոլոր բացերը, թերությունները և անարյուն հեղափոխություն իրականացնել։ Ես դա համարում եմ մեր՝ պետություն կառուցող ազգի նախակրթարանի կարևորագույն քննությունը։ Օրինական ճանապարհով հաղթանակներ տանելը կարծես թե ի սկզբանե պարտադրվեց մեզ։ Հետո մենք աստիճանաբար անկախության գաղափարից և հոգևոր ըմբռնումներից շատ հեռացանք։ Բայց այսօր կարծես վերականգնում ենք։

92 թվականից հետո մինչև 2004-ը մենք մի հաղթանակ էլ կարողացանք ձեռք բերել՝ ձևավորվեց մեր բանակը՝ չնայած տարատեսակ նենգ հարձակումներին։ Հիմա կարող ենք ասել, որ այն շատ ճիշտ ձևավորված և ամուր կառույց է։ Իմ բանակ գնացած ու վերադարձած ուսանողների մեջ տեղի ունեցած փոփոխությունները պարզապես հնարավոր չէ գերագնահատել։

Երրորդ՝ արդեն կա ազատության սերունդը, բայց դեռ չի կայացել։ Ես նրան հավատում եմ։

Եվ, վերջապես, ձեռքբերում է այն փոքրիկ փաստը, որ մենք այսքան տարի անկախ պետություն ենք։ Կարևորագույն և հիմնարար, նշաձողային փաստաթուղթ եմ համարում մեր անկախության հռչակագիրը, որից երբևէ չպետք է շեղվենք։

Ասել, թե ամեն ինչ վատ է եղել, ծիծաղելի կլինի, ասել, թե ամեն ինչ լավ է, ունենք հզոր պետություն, դա նույնպես անհեթեթություն կլինի։ Մենք շատ բաների կարող էինք հասնել, եթե պահպանեինք ժողովրդական այն միասնությունը։

- Պարբերաբար ասվում է, որ երկրում իրավիճակ է փոխվել և այժմ նոր Հայաստանում ենք ապրում։ Ձեր կարծիքով՝ այս սեպտեմբերի 21-ը ինչո՞վ է տարբերվում նախորդ 26-րդից։ Իսկապե՞ս նոր Հայաստանում եք ապրում։

Պարույր Հայրիկյան - Այս իրավիճակում դեռևս հիմքեր չունեմ ասելու, որ ամեն ինչ ճիշտ ճանապարհի վրա է։ Իհարկե, դրական փոփոխություններ կան, հետևողական, սկզբունքային պայքարը կամ գոնե այդպես թվացող պայքարը նկատելի է։ Դրանք դրական տրամադրություններ տալիս են։ Բայց սահմանադրությանը ոչ պատշաճ լրջությամբ վերաբերմունքը ցույց է տալիս, որ այստեղ էլ ուրախանալու քիչ բան ունենք։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե հին իշխանության դաստիարակության պայմաններում կայացած և այսօր իշխանական լծակներին տիրող ուժերը պատրա՞ստ են նոր մոտեցումներին` կյանքը ցույց կտա։

Ազատ Արշակյան

Ազատ Արշակյան - Դեռևս դժվար է ասել։ Ուղղակի հույս կա, որ նոր է, քանի որ այս նոր Հայաստանի ղեկավարները երիտասարդ են, նախկինում նրանց մի մասը եղել է ժողովրդական և ժողովրդավարական, և քանի որ նրանք մերժեցին, դուրս մղեցին Հայաստանի իշխանական համակարգից քրեաօլիգարխիկ տարրը։ Հույս ունեմ, որ հակադրվելով քրեաօլիգարխիկ, հակապետական իշխանությանը՝ նրանք կլինեն պետական ու մտավորական իշխանություն։

Սամվել Շահինյան - Նոր իրավիճակն առկա է իսկապես, որովհետև ես հիմա հանգիստ քնում եմ՝ չվախենալով, որ որևէ մեկը դուռը կծեծի և կասի՝ այսպես պետք է անես, ես այսպիսի թիկունք ունեմ։ Անօրինականությունը դարձել էր ապրելակերպ իշխանավորների և անգամ իշխանավորիկների համար։ Ամենավերջին ստահակին էլ թվում էր, թե քաղաքացիներին կեղեքելու իրավունք ունի։ Փաստ է, որ նոր իրավիճակ է։ Բայց խոսքերը դեռ ոչինչ չեն ասում, սպասենք արարքներին, գործողություններին և արդյունքներին։ Մարդուն բնութագրում են իր գործողությունները, ոչ թե խոսքերը։

Եթե այդ գործողությունները շարունակվեն օրենքից շեղումներով` իմ մեջ կասկածներ կառաջանան, իսկ եթե օրենքի շրջանակներում ամեն ինչ արվի` ես կողջունեմ ու կծափահարեմ։

Քանի դեռ հնարավորություն է ստեղծվել` պետք է ամրապնդել մեր պետականության հիմքերը, բազմաբևեռ հարաբերություններ ստեղծել և դուրս գալ աշխարհ մեր ունեցած քչով, այն քչով, որով կարող ենք աշխարհի հետ սեղան նստել, ոչ թե ծառայել սեղանի մոտ։

- Ձեր կարծիքով՝ որո՞նք են ներկա իրավիճակում մեր երկրի առջև ծառացած ամենալուրջ մարտահրավերները։

Պարույր Հայրիկյան - Ցավոք սրտի, մարտահրավերները նույնն են, ինչ 90 թվականին։ Այն ժամանակ դե յուրե և մասնակիորեն դե ֆակտո անկախություն նվաճեցինք։ Այսօր մենք, այնուամենայնիվ, ունենք ազգային արժեքային համակարգի վերականգնման խնդիր։

Մենք մի կերպ ընդունեցինք իմ կողմից առաջարկված «ցեղասպանության հետևանքների վերացում» ռազմավարական կարգախոսը։ Հայկական հարցը դեռևս չի դարձել մեր արտաքին քաղաքականության ռազմավարության առանցքը։ Ազգային արժեքային համակարգի տեսանկյունից մենք շարունակում ենք մնալ աշխարհի միակ երկու տարբեր ուղղագրություններ ունեցող ժողովուրդը, երբ պետական լեզուն այլ բան է, ուղղագրությունը՝ այլ։

Բազմաթիվ խնդիրներ ունենք, այդ թվում և ազգային անվտանգության հարցը, որի մեջ մտնում է նաև ժողովրդագրության խնդիրը։ Զարմանում եմ, թե ինչպես եմ 24-25 տարեկան երիտասարդ լինելով՝ այն ժամանակ անկախականների հիմներգը գրելիս տվել հիմնական ձևակերպումը․

Մենք ուզում ենք, որ անկախ լինի Հայքը,

Որ ոչ մի հայ էլ պանդուխտ չլինի,

Հայրենիքի սիրով վանում ենք ահը՝

Որ երկիրը մեր միշտ ազա՛տ լինի:

Այս 4 տողի մեջ հիմնական խնդիրները դրված են։

Ազատ Արշակյան - Նախորդ հարցի պատասխանից ելնելով՝ ասեմ, որ առաջնային է ինքնիշխանության վերահաստատումը և ամրապնդումը։ Հայաստանի իշխանությունը պետք է ծառայի Հայաստանի քաղաքացիներին և հայ ժողովրդին։

Հիմա կարծում եմ, որ դա է առաջնայինը։ Իսկ ընդհանրապես կան սոցիալ-տնտեսական, անվտանգության հետ կապված բազմաթիվ խնդիրներ։

Պետք է ամրապնդել իշխանությունը, այն ծառայեցնել ժողովրդին և առաջանցիկ ձևով լուծել սոցիալ-տնտեսական հրատապ խնդիրները։

Սամվել Շահինյան

Սամվել Շահինյան - Ներքին կյանքում մի բան եմ տեսնում՝ կոռուպցիայի վերացումը և օրենքով ապրելը։ Օրենքի տարբեր տիպի մեկնաբանություններին պետք է վերջ տրվեն, բոլորն օրենքի առջև պետք է հավասար լինեն։

Իսկ ամենակարևոր խնդիրը՝ պետք է շատ զգույշ քաղաքականություն վարենք արտաքին հարբերությունների ասպարեզում՝ անընդհատ աչքի առաջ ունենալով ոչ թե մեր պաշտպանության և անվտանգության խնդիրը, այլ միայն մեր զարգացման հնարավորությունների խնդիրը։ Պաշտպանության մասին խոսելով, վախով ամեն անգամ դարձել ենք ինչ-որ մեկի ճորտը։ Պետք է վերջ դրվի այդ ամեն ինչին։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ կարողանանք արտաքին հարաբերություններից առավելագույն օգուտ քաղենք թե՛ պետության հզորացման և թե՛ ժողովրդի ապրելակերպը բարելավելու համար։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: