Հայերեն   English   Русский  

​Կատաղություն


  
դիտումներ: 2226

(Սեպտեմբերի 28. Կատաղության դեմ պայքարի համաշխարհային օր)

Վարակիչ հիվանդությունների մեջ կատաղությունը (մյուս անվանումը` հիդրոֆոբիա) հատուկ տեղ է զբաղեցնում մահացությամբ (եթե տուժածին վարակվելուց հետո առաջին ժամերին օգնություն չցուցաբերվի, ապա դա կհանգեցնի տուժածի անխուսափելի մահվան): Ամեն տարի աշխարհում կատաղության հետևանքով մահանում է 55 հազար մարդ կամ միջինը մեկ մարդ` ամեն 10 րոպեն մեկ:

Այսօր գոյություն ունեն անվտանգ ու արդյունավետ պատվաստանյութեր, որոնց օգնությամբ հնարավոր է դադարեցնել հիվանդության զարգացումն այն մարդու մոտ, որը վարակված կենդանու հարձակման զոհ է դարձել:

Կատաղությունը վարակիչ բնույթի հիվանդություն է, որ առաջանում է վարակված կենդանու կծելուց կամ խայթելուց: Դրա հետևանքով ախտահարվում է մարդու նյարդային համակարգը` հիմնականում հանգեցնելով անխուսափելի մահվան: Այս վիրուսն արտաքին միջավայրում կայուն չէ, մահանում է մինչև 56 աստիճանում 15 րոպե տաքացնելու դեպքում կամ 2 րոպե եռացնելու շնորհիվ: Զգայուն է ուլտրամանուշակագույն և արևի ուղիղ ճառագայթների ու շատ ախտահանիչների նկատմամբ, սակայն խիստ կայուն է ցածր ջերմաստիճանային պայմանների, ֆենոլների ու հակաբիոտիկների նկատմամբ:

Օրգանիզմ թափանցելուց հետո տարածվում է նյարդային վերջույթներով` ախտահարելով գործնականում ամբողջ նյարդային համակարգը. առաջանում է այտուց, արյունազեղում, դեգեներատիվ ու նեկրոտիկ փոփոխություններ գլխուղեղի ու ողնուղեղի նյարդային բջիջներում:

Վարակի աղբյուր են ինչպես վայրի, այնպես էլ տնային կենդանիները. վայրի կենդանիներից` գայլերը, աղվեսները, չղջիկները, մկներն ու կրծողները, իսկ տնային կենդանիներից` շներն ու կատուները, ձկներն ու ձիերը, մանր ու խոշոր եղջերավոր անասունները: Սակայն ամենավտանգավորն անօթևան շներն ու աղվեսներն են ամառ-աշուն սեզոնին: Հաճախ հնարավոր է տարբերել հիվանդ կենդանուն առատ թքարտադրությամբ ու արցունքահոսությամբ, ինչպես նաև ջրվախությամբ:

Մարդը վարակվում է միայն վարակված կենդանուց կամ էլ հիվանդ կենդանու թքի` օդա-կաթիլային փոխանցման հետևանքով, եթե մաշկի վրա վնասվածք կա:

Հիվանդության գաղտնի փուլը խայթոցից կամ կծելուց հետո մինչև հիվանդության սկիզբն է` մոտ 30-50 օր, չնայած կարող է նաև 10-90 օր տևել, երբեմն` 1 տարի: Ընդ որում, որքան հեռու է խայթոցի տեղը գլխից, այնքան գաղտնի շրջանը երկար է տևում:

Հատկապես վտանգավոր է համարվում գլխի կամ ձեռքերի խայթոցը: Հիվանդության ամենատևական զարգացումը ոտքի խայթոցի հետևանքով է, քանի որ ոտքը գլխից շատ հեռու է:

Հիվանդությունը 3 փուլով է ընթանում՝ նախնական, գրգռման և պարալիտիկ:

Առաջին փուլն ընդհանուր թուլությամբ է արտահայտվում, գլխացավով, մարմնի բարձր ջերմությամբ, մկանային ցավերով, բերանի չորությամբ, ախորժակի կորստով, կոկորդի ցավով, չոր հազով, սրտխառնոցով ու փսխումով: Խայթի, կծելու տեղում այրոցք է զգացվում, կարմրություն, քաշող ցավ, գերզգայնություն:

Հիվանդը ճնշված է, ներփակված, հրաժարվում է սննդից, անհասկանալի տագնապ է ունենում, թախիծ, անկումայնություն, հազվադեպ՝ գերնյարդայնություն: Բնորոշ են անքնությունը, տեսողական ու հոտառական հալուցինացիաները, մղձավանջները:

Երկրորդ փուլը սկսվում է 1-3 օրից. գրգռված վիճակ, անհանգստություն է առաջանում, տագնապ: Այս փուլին առավել բնորոշ է ջրվախությունը: Ջուր խմելու փորձից, երբեմն անգամ ջրի տեսքից ու ձայնից կոկորդի ու ըմպանի կծկումներ են առաջանում, տագնապի զգացում է սկսվում: Հիվանդի շնչառությունն աղմկոտ է, ցավով ու կծկումներով է ուղեկցվում: Այս փուլում հիվանդը նյարդային է, գրգռված, շատ ագրեսիվ, «կատաղած»: Նոպաների ժամանակ բղավում, դեսուդեն է նետվում, կարող է նույնիսկ շրջապատող իրերը ջարդուփշուր անել գերմարդկային ուժով ու մարդկանց վրա հարձակվել: Նկատվում է գերքրտնարտադրություն ու թքարտադրություն: Հիվանդը դժվարանում է թուքը կուլ տալ ու անընդհատ թքոտում է: Այս փուլը 2-3 օր է տևում:

Հետո արդեն սկսվում է երրորդ փուլը, որին բնորոշ է սկզբում հանդարտվելը, վախն անհետանում է, նաև՝ ջրվախության նոպաները, առողջացման հույս է նշմարվում: Դրանից հետո բարձրանում է ջերմությունը մինչև 40-42 աստիճան, վերջույթներն ու տարբեր տեղակայման, գանգային նյարդերն են անդամալուծվում, գիտակցությունը մթագնում է, ցնցումներ են սկսվում: Մահը վրա է հասնում շնչառության կամ սրտի կանգի հետևանքով: Հիվանդության տևողությունն այս դեպքերում հազվադեպ է մեկ շաբաթից անցնում:

Կանխարգելման համար առաջարկվում է պատվաստվել կատաղության դեմ: Այս հիվանդության ռիսկի խմբում են կենդանաբանները, որսորդները, անասնաբույժները:

Իսկ ի՞նչ կարելի է անել, եթե արդեն վարակման փաստ կա:

Առաջինը, որ պետք է անել, խայթոցի տեղն օճառով լվանալն է. պետք է մոտ 10 րոպե ջանադիր լվանալ: Իսկ խորը վերքերը պետք է հոսող օճառաջրի շիթով լվանալ` ներարկիչի օգնությամբ: Այրելու կամ կար դնելու կարիք չկա:

Դրանից հետո պետք է անմիջապես բուժկետ դիմել, որտեղ «մեղավորի» նկարագրությունը պետք է տալ, տեղեկություններ արտաքին տեսքի, վարքի, վզկապի առկայության, կծելու հանգամանքների վերաբերյալ:

Այնուհետև պատվաստումներ են կատարվում. 40 ասեղ ներարկումներ որովայնում վաղուց արդեն չեն անում, հիմա պատվաստում են, ապա տուն ուղարկում, այդպես 5-6 անգամ: Հնարավոր է, որ տուժածին բուժկետում պահեն, եթե վիճակը ծանր է կամ եթե նա նյարդային համակարգի կամ ալերգիկ հիվանդություններ ունի և կամ հղի է: Պատվաստման ընթացքում ու դրանից 6 ամիս անց էլ պետք է ձեռնպահ մնալ սպիրտային խմիչքների գործածումից: Բացի այդ, պատվաստվողը չպետք է գերհոգնի, գերտաքացման կամ էլ գերսառեցման ենթարկվի:

Պատվաստման ընթացքում պետք է ուշադիր հետևել տուժածի առողջական վիճակին ու յուրաքանչյուր գանգատի դեպքում դիմել համապատասխան մասնագետի:

ԱՀԿ-ի տվյալներիը

Կատաղության ախտանշանների արտահայտման պահին արդեն հիվանդությունը մահացու է:

Կատաղություն հանդիպում է բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից:

Կատաղության բոլոր դեպքերի 99%-ը տեղի է ունենում Աֆրիկայում, Ասիայում, ընդ որում, դրանց 80%-ը` գյուղական բնակավայրերում:

Կատաղությունից մահացության դեպքերի 95%-ը բաժին է ընկնում շան կծոցին, հատկապես Աֆրիկայում ու Ասիայում, Ամերիկայում կատաղությամբ վարակման հիմնական աղբյուրը չղջիկներն են:

Կատաղությունից մահացության 40%-ը մինչև 15 տարեկան երեխաների շրջանում է պատահում: Ուսումնասիրություններով պարզվել է, որ երեխաները, մեծերից վախենալով, թաքցնում են տուժելու փաստը, ինչի հետևանքով չեն ստանում առաջին ու հետագա բուժօգնություն:

Պատվաստումն իհարկե կարևոր է, սակայն դա կատաղությունից ցմահ պաշտպանություն չի երաշխավորում:

Ի դեպ, սեպտեմբերի 28-ը պատահական չի ընտրվել որպես Կատաղության դեմ պայքարի օր: 1895-ի այդ օրն է մահացել կատաղության դեմ առաջին պատվաստանյութի հեղինակ, ֆրանսիացի անվանի գիտնական, միկրոկենսաբանության ու իմունաբանության հիմնադիր Լուի Պաստերը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: