Հայերեն   English   Русский  

Արսեն Հարությունյան. «Ուրախ եմ, որ աշխատում եմ բանիմաց ու փորձառու մասնագետների հետ»


  
դիտումներ: 1892

Վերջին շրջանում Հայաստանի առաջատար ըմբիշները հաջողությամբ հանդես են գալիս ակումբային թիմերի ըմբշամարտի Գերմանիայի բունդեսլիգայում:

2018 թվականի աշխարհի երիտասարդսկան առաջնության բրոնզե մեդալակիր, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանի նորամուտը հաղթական եղավ վերջերս կայացած ակումբային առաջնության հերթական փուլում: Հայ մարզիկը 2 հանդիպում անցկացրեց և վստահ հաղթանակներ տոնեց:

«Անկախի» հետ զրույցում Արսենը պատմում է KSV Ispringen-ից առաջարկ ստանալու և գերմանական բունդեսլիգայից ստացած տպավորությունների մասին:

- KSV Ispringen-ի կազմում հանդես գալու առաջարկը ստացա գերմանական ակումբից: Մարզիչներիս համաձայնությամբ որոշեցի հանդես գալ: Առաջին անգամ էի մասնակցում: Կազմակերպչական առումով ամեն ինչ հրաշալի էր. Հիանալի մթնոլորտ էր տիրում: Սա լավ հնարավորություն էր ինձ համար, քանի որ մրցում էի փորձառու և տարիքով ավելի մեծ մարզիկների հետ, իսկ թիմակիցներիս ելույթներին հետևելով՝ շատ բան սովորեցի: Թիմի անդամներն օգնում էին միմյանց, աջակցում ու խորհուրդներ տալիս:

Արսեն Հարությունյան

Ինձ դուր եկավ թիմային ոգին, քանի ամեն գնով մարզիկը պայքարում էր ոչ միայն իր, այլև ընկերների համար: Հարկավոր է փուլերի ընթացքում համապատասխան միավորներ հավաքել՝ եզրափակիչ դուրս գալու համար:

Մասնակցությունն ինձ հնարավորություն ընձեռեց աշխատել սխալներիս վրա, շտկել դրանք և փորձ ձեռք բերել:

-Բոլորովին վերջերս Սլովակիայում մասնակցեցիք երիտասարդների աշխարհի առաջնությանը՝ նվաճելով բրոնզե մեդալ: Գոտեմարտերից մեկում Դուք հաղթանակ տոնեցիք ադրբեջանցի մարզիկի նկատմամբ:

-Ես մեկնել էի մրցավայր՝ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելու: Բացարձակ հաղթանակի դեպքում տպավորություններս այլ կլինեին:

Ադրբեջանցի մարզիկի հետ գոտեմարտն ինձ համար շատ կարևոր էր, քանի որ այն կայացավ Հայաստանի անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին: Ամեն գնով փորձում էի առավելության հասնել: Կարողացա հաղթել և ուրախություն պարգևել հայրենակիցներիս: Այդ հաղթանակը շատ ավելի եմ կարևորում:

-Կարևոր և պատասխանատու գոտեմարտերից առաջ ինչպե՞ս եք ազատվում լարվածությունից:

-Լարվածությունը մասամբ, բայց ոչ ամբողջովին, հաղթահարում եմ երաժշտության միջոցով: Իսկ մի քիչ լարվածությունը ոչ թե խանգարում է, այլ օգնում է գորգում լինել ավելի կենտրոնացած ու զգոն:

Վերջին շրջանում հաճախ եք մրցաշարերի մասնակցում: Ծանրաբեռնվածությունը շատ չէ՞:

-Եթե մարզիչներս գտնում են, որ կարող եմ, նշանակում է՝ կարելի է: Ակումբային առաջնությունից հետո մի քանի օր կհանգստանամ և կվերսկսեմ մարզումներս: Ուրախ եմ, որ աշխատում եմ բանիմաց ու փորձառու մասնագետների հետ: Նրանք ուշադիր են, որ ծանրաբեռնվածությունը չափավոր լինի, հետևում են օրվա ռեժիմին, մարզումներին: Մարզիչներից շատ բան է կախված: Արշակ Հայրապետյանի, Գևորգ Վարդանյանի, Արթուր Մարտոյանի և Արշակ Սանոյանի ներդրումն անչափ մեծ է իմ հաջողությունների մեջ: Ես վստահում բոլորին ու գիտեմ՝ եթե ամեն ինչ իրենց ասածով անեմ, անպայման հաջողության կհասնեմ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: