Հայերեն   English   Русский  

​Հոկտեմբերի 15-ը Գյուղաբնակ կանանց միջազգային օրն է


  
դիտումներ: 582

Գյուղաբնակ կանանց միջազգային օր սահմանելու գաղափարն առաջարկվել է դեռևս 1995 թվականին Պեկինում կայացած Կանանց դրությանը նվիրված 4-րդ համաշխարհային համաժողովում: Այդ օրվա սահմանումը դիտվել է որպես գյուղաբնակ կանանց բազմակողմանի դերի հասարակական ճանաչմանն ուղղված գործնական քայլ:

Համաժողովում որոշում է կայացվել նշել Գյուղաբնակ կանանց միջազգային օրը յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 15-ին:

Պաշտոնապես այս տոնը հաստատվեց 12 տարի անց ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի կողմից, որը 2007 թ. դեկտեմբերի 18-ի 62/136 բանաձևում ընդգծում է «գյուղաբնակ կանանց կարևորագույն դերը... և նրանց ներդրումը գյուղատնտեսության և գյուղական շրջանների արագ զարգացման, պարենային անվտանգության բարձրացման և գյուղական վայրերում չքավորության վերացման գործում»:

Առաջին անգամ գյուղաբնակ կանանց միջազգային օրը նշվել է 2008 թվականի հոկտեմբերի 15-ին:

Գյուղաբնակ կանանց օրը միավորում է տարբեր մասնագիտությունների տեր կանանց, որոնք ապրում են գյուղական բնակավայրերում:

Գյուղաբնակ կանայք առանցքային դեր ունեն կայուն զարգացման համար անհրաժեշտ որակապես նոր տնտեսական, բնապահպանական և սոցիալական փոխակերպումներին հասնելու գործում:

«Գյուղաբնակ կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնումը կենսական նշանակություն ունի սովի և աղքատության վերացման հարցում: Սահմանափակելով կանանց իրավունքներն ու հնարավորությունները՝ մենք զրկում ենք նրանց երեխաներին և ողջ հասարակությանը ավելի լավ ապագայից»,- ասված է օրվա կապակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձում:

2018 թ. մարտի 12-23-ը Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի կանանց կարգավիճակի հանձնաժողովի 62-րդ նստաշրջանի թեման էր «Հիմնախնդիրները և հնարավորությունները գենդերային հավասարության հասնելու և գյուղական բնակավայրերում կանանց և աղջիկների իրավունքներն ու հնարավորություններն ընդլայնելու գործում»:

Գյուղաբնակ կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնումը որոշիչ գործոն է ոչ միայն առանձին անձանց, ընտանիքների ու գյուղական համայնքների բարեկեցության, այլև տնտեսության ընդհանուր արտադրողականության համար, եթե նկատի ունենանք ողջ աշխարհում կանանց զգալի ներկայացվածությունը գյուղատնտեսության աշխատողների կազմում:

Չնայած գյուղաբնակ կանայք կազմում են երկրագնդի բնակչության մեկ քառորդից ավելին և հսկայական ավանդ ունեն գյուղական համայնքների կայունության ապահովման և գյուղատնտեսական մթերքների արտադրության գործում, ՄԱԿ-ի գնահատականներով՝ այդ կանանցից ավելի քան 500 միլիոնն ապրում են չքավորության մեջ։ Կանայք կազմում են աշխարհում սովից տառապող մարդկանց 70%-ը:

Կանայք հաճախ աշխատում են այնպիսի պայմաններում, որոնք անդառնալի վնաս են հասցնում նրանց առողջությանը, կատարում են ծանր ֆիզիկական աշխատանք, որն ըստ արժանավույն չի գնահատվում:

Գյուղաբնակ կանայք բախվում են շատ մարտահրավերների, ներառյալ վարկերի, առողջապահության և կրթության սահմանափակ մատչելիությունը, որն ավելի է խորանում համաշխարհային պարենային ու տնտեսական ճգնաժամերի և կլիմայի փոփոխման պատճառով:

Կանայք հաճախ հնարավորություն չունեն պաշտպանելու իրենց հողի իրավունքը, օգտվելու կենսականորեն կարևոր ծառայություններից, ինչպիսիք են բժշկական սպասարկումը կամ կրթությունը, նրանցից շատերը զրկված են խմելու ջրի, տրանսպորտի, էլեկտրաէներգիայի հնարավորությունից: Նրանք լիարժեք չեն ներկայացված իրենց շահերը շոշափող որոշումների կայացման մակարդակում։ Կանանց առջև անհաղթահարելի պատնեշ են առաջացնում ամենակոշտ կարծրատիպերը, նրանց խտրականության ենթարկող ավանդույթներն ու բարքերը:

Գենդերային անարդարության դրսևորումներն, անշուշտ, կախված են կոնկրետ իրավիճակներից, երկրներից, տարածաշրջաններից, սակայն նկատվում են կայուն օրինաչափություններ. կանայք կարևոր դեր են խաղում գյուղատնտեսական արտադրությունում, բայց միևնույն ժամանակ այնպիսի արտադրական ռեսուրսները, ինչպիսիք են հողը, աշխատուժը, վարկերը, կապիտալը, ինչպես նաև այդ ռեսուրսների վերահսկումը, քիչ հասանելի են կանանց:

Արժևորելով գյուղի կանանց կարևորագույն դերը և նրանց ներդրումը գյուղատնտեսության զարգացման, պարենային անվտանգության ապահովման և աղքատության վերացման մեջ՝ ՄԱԿ-ն իր պաշտոնական օրացույցում հոկտեմբերի 15-ը որպես Գյուղաբնակ կանանց միջազգային օր է հռչակել:

Պատահական չէ, որ այդ օրվան անմիջապես հաջորդող օրերին ՄԱԿ-ը նշում է ևս երկու տարեթիվ` հոկտեմբերի 16-ին՝ պարենի համաշխարհային օրը, հոկտեմբերի 17-ին` աղքատության վերացման միջազգային օրը: Այդ կերպ ընդգծվում է գյուղի կանանց առանձնակի դերը քաղցի և աղքատության վերացման և պարենային անվտանգության ապահովման գործում:

2010 թվականից սկսած՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն (FAO) իր նախապատվություններից մեկն է համարում «Կանայք սննդի անվտանգության բանալին են» սկզբունքը՝ առաջարկելով դիտարկել գենդերային անհավասարության վերացումը գյուղատնտեսության մեջ որպես զարգացման և պարենի անվտանգության խնդիր:

Գյուղաբնակ կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնման խնդիրը դիտարկվում է որպես կայուն զարգացման նպատակներին հասնելու վճռորոշ գործոն:

«Կայուն զարգացման նոր նպատակների առանցքային բաղադրիչներից է գենդերային հավասարության ապահովումը և կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնումը: Բացի այդ, դրանցում խնդիր է դրվում կրկնապատկել գյուղատնտեսության արդյունավետությունը և սննդամթերքի փոքր արտադրողների, մասնավորապես, կանանց եկամուտները: Անշուշտ, գյուղի կանայք կարող են էապես կարևոր ներդրում ունենալ կայուն զարգացման ասպարեզում բոլոր 17 նպատակներին հաջողությամբ հասնելու գործում»,– ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձում Գյուղաբնակ կանանց միջազգային օրվա կապակցությամբ:

Ըստ միջազգային գնահատականների՝ ողջ աշխարհում կանայք կազմում են գյուղատնտեսության աշխատուժի 43%-ը: Զարգացող երկրներում, որտեղ գյուղատնտեսությունը կազմում է ՀՆԱ-ի 32%-ը, տնտեսապես ակտիվ կանանց մոտ 80%-ը զբաղվում է գյուղատնտեսությամբ, սննդի արտադրությամբ:

Վերը նշված օրինաչափությունները նկատվում են նաև Հայաստանում: Գյուղատնտեսության ոլորտում կանանց իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ այստեղ առկա բոլոր հիմնախնդիրներն առանձնապես ծանր են անդրադառնում գյուղատնտեսության հիմնական աշխատուժը հանդիսացող կանանց վրա, դարձնում են նրանց առավել խոցելի խումբ, որոնց իրավունքները լրացուցիչ պաշտպանության կարիք ունեն:

Հայաստանի Հանրապետությունում կանայք կազմում են գյուղական բնակչության 50,7%-ը: Կանանց 35,1%-ը բնակվում է գյուղում :

Հանրապետության՝ գյուղատնտեսական ոլորտում զբաղված աշխատանքային ռեսուրսների 52%-ը կանայք են: Ընդ որում տղամարդկանց զբաղվածության կառուցվածքում գյուղատնտեսությանը բաժին է ընկնում 31%-ը, իսկ կանանց զբաղվածության կառուցվածքում` 37%-ը :

Կանանց ոչ ֆորմալ զբաղվածության կառուցվածքում գյուղատնտեսությամբ զբաղվողների թիվը 89% է կազմում, ինչը դարձնում է կանանց գյուղատնտեսության զարգացման առավել կարևոր մասնակից: Նրանք են ապահովում քաղաքների բնակիչներին սննդամթերքով և բուսական հումքով: Կանանց աշխատանքի շնորհիվ է խանութների վաճառասեղաններին ամեն օր հայտնվում միս, կաթ, հաց, կարագ և այլ մթերք: Ըստ էության, գյուղատնտեսական արտադրանքի մեծ մասը ստեղծվում է կանանց կողմից, և նրանք համարվում են սննդամթերքի մատակարարման և գյուղական վայրերում տնային տնտեսությունների գոյատևման հիմնական երաշխավորները: Տղամարդկանց արտագնա աշխատանքի մեկնելու պայմաններում կանանց այդ դերակատարումը միայն մեծանում է:

Գյուղական վայրերում տնային տնտեսությունների 27%-ը գլխավորում են կանայք, ընդ որում այդ տնտեսությունները ոչ միայն իրենց եկամուտներով են զգալիորեն զիջում տղամարդ գլխավորով տնտեսություններին, այլ ընդհանրապես ավելի ցածր կենսամակարդակ ունեն:

Եկամուտները գյուղատնտեսության ոլորտում ամենացածրն են՝ տնտեսական գործունեության այլ տեսակների համեմատ: Տնտեսական շուկայում այն ոլորտները, որտեղ կանանց զբաղվածությունը բարձր է, իսկ գյուղատնտեսությունն այդպիսի ոլորտ է, աչքի են ընկնում ցածր եկամուտներով: Դրա հետ մեկտեղ գյուղատնտեսությունում զգալի է կանանց ծանր ֆիզիկական աշխատանքի տեսակարար կշիռը:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ գյուղատնտեսությունում կանանց ու տղամարդկանց միջին եկամուտների անհավասարությունն ավելի խորն է արտահայտված, քան միջին ցուցանիշը տնտեսության մեջ: Գյուղական վայրերում եկամուտների վրա անմիջական ազդեցություն ունեն մի շարք գործոններ, որոնք տարբեր կերպ են անդրադառնում կանանց ու տղամարդկանց գործունեության վրա՝ խորացնելով կամ հակառակը՝ չեզոքացնելով գենդերային խտրազատումը: Ակնհայտ է, որ կանանց ու տղամարդկանց տնտեսական հնարավորությունների հավասարեցմանն են նպաստում զարգացած ենթակառուցվածքները: Կոշտ ծածկույթով ճանապարհների առկայությունը, ջրամատակարարման համակարգերի անխափան աշխատանքը, շուկաների մոտիկությունը կտրուկ բարձրացնում են կանանց հնարավորությունները լրացուցիչ եկամուտներ ստանալու առումով:

Գենդերային անարդարությունը տնտեսական գործունեությունում դրսևորվում է նաև որոշումների կայացման գործընթացներում:

Հանդիսանալով գյուղատնտեսության շարժիչ ուժը, կանայք գրեթե չեն մասնակցում իրենց համայնքներին վերաբերող որոշումների կայացմանը՝ դրանով իսկ զրկվելով իրենց շահերն արտահայտելու հնարավորությունից: Չնայած Հայաստանի կառավարությունը դեռևս 2000 թվականին Հազարամյակի զարգացման նպատակների շրջանակներում նպատակ էր դրել իր առջև` պարտավորություն ստանձնելով մինչև 2015 թվականը 10%-ի հասցնել կին համայնքապետների թիվը, սակայն, ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2016 թ. հանրապետության համայնքներից միայն 2 տոկոսն են ղեկավարում կանայք, իսկ ավագանու անդամների թվում նրանք կազմում են ընդամենը 12,1 տոկոս: Համայքների խոշորացման արդյունքում կանանց ներկայացվածությունը տեղական ինքնակառավարման մարմիններում նվազման միտում է դրսևորում: Բազմաբնակավայր համայնքներից միայն մեկն է կին գլխավորում, կտրուկ կրճատվել է նաև ավագանու կին անդամների թիվը:

Գյուղաբնակ կանանց միջազգային օրը հարմար առիթ է ըստ արժանվույն գնահատելու համեստ աշխատավորուհիներին, անդրադառնալու առկա խնդիրներին:

Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում կանանց վերաբերող վիճակագրական տվյալների վերլուծությունը ի հայտ է բերում այս ոլորտում դեռևս առկա գենդերային անհավասարությունը, որը պայմանավորված է կանանց կրկնակի ծանրաբեռնվածությամբ, հողի սեփականության նկատմամբ փաստացի սահմանափակմամբ, վարկերի և ռեսուրսների սահմանափակ մատչելիությամբ, աշխատանքային իրավունքների մասին ցածր իրազեկությամբ, սոցիալական պաշտպանվածության ցածր մակարդակով, կանանց ոչ բավարար մասնակցությամբ համայնքային որոշումների գործընթացներում: Այս հիմնախնդիրներից շատերի հիմքում ընկած են սոցիալ-մշկութային բնույթի խտրական նորմերը, որոնք առավել արտահայտված են հատկապես գյուղական միջավայրում և խոչընդոտներ են ստեղծում գյուղաբնակ կանանց համար:

Կանանց հնարավորությունների ընդլայնմանն ու ներուժի արդյունավետ օգտագործմանն ուղղված քայլերը ինքնանպատակ չեն, դրանք միտված են նպաստելու հայ գյուղի բարօրությանն ու զարգացմանը:

Հայ գյուղը վերածնունդ կապրի միայն կանանց ու տղամարդկանց միասնական աշխատանքով և համատեղ մասնակցությամբ համայնքի կառավարման ու զարգացման գործընթացներին:

Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: