Հայերեն   English   Русский  

​Միջազգային հեղինակավոր կառույցները «տագնապ» են հնչեցնում


  
դիտումներ: 1316

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանատու գերատեսչություններին հավաքել է կառավարությունում:

Խորհրդակցում են Հայաստանի ներկայիս տնտեսական իրավիճակի և զարգացումների շուրջ: Քննարկել են տնտեսության աշխուժացմանը, արտահանման խթանմանը, նոր ներդրումների ներգրավմանը, ինչպես նաև առկա տնտեսական խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր: Կառավարության ղեկավարը կարևորել է տնտեսության զարգացման ուղղությամբ համակարգված աշխատանքների իրականացումը և հանձնարարել շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին համատեղ աշխատել այդ ուղղությամբ:

2015 թվականը Հայաստանի տնտեսության համար շատերը շրջադարձային են համարում, քանի որ երկիրը մուտք է գործում նոր տնտեսական տարածք` անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը: Ի դեպ, շատերը նշում են, որ ԵՏՄ-ին անդամակցությունը կարող է և՛ դրական, և՛ բացասական անդրադառնալ Հայաստանի տնտեսության վրա: Արդեն բոլորեցինք այս տարվա երրորդ շաբաթն, ու անցյալ 20 օրերի ընթացքում այնքան բացասական տնտեսական ազդակներ ստացանք, որ մեծ ուժ է պետք չընկճվելու համար: Կարճ ասած` այս տարվա առաջին 20 օրերին միջազգային տարբեր հեղինակավոր կազմակերպություններ, կառույցներ ու կենտրոններ Հայաստանի տնտեսության համար միմիայն տխուր կանխատեսումներ են անում` բոլորն էլ կապված ՌԴ տնտեսության վիճակի հետ:

Օրինակ` Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը, ինչպես նշվում է գործակալության կայքում, Հայաստանի կառավարության կողմից թողարկած եվրոպարտատոմսերի վարկանիշը «Ba2»-ից իջեցրեց «Ba3», իսկ կանխատեսումը կայունից փոխեց բացասականի:

Որպես փոփոխությունների հիմնական դրդապատճառներ նշվում են Հայաստանի արտաքին խոցելիության մեծացումը Ռուսաստանից դրամական փոխանցումների կրճատումների պատճառով, օտարերկրյա ուղիղ ներդրումների համար անորոշ հեռանկարը, փոխարժեքի փոփոխականության նկատմամբ մեծացած գերզգայունությունը և արտարժույթի պահուստների վրա սպասվող ճնշումը, ինչպես նաև երկրի աճի վատթարացած կանխատեսումը, որին նպաստել են թույլ ներդրումային ակտիվությունը և ԵՏՄ-ից դուրս գտնվող երկրների հետ առևտրի հնարավոր սահմանափակումները:

Գործակալությունը նվազեցրել է նաև տեղի արժույթով պարտատոմսերի և դեպոզիտային «առաստաղների» վարկանիշները: Եվ իրոք, նույնիսկ ՀՀ ԿԲ-ի հրապարակած վիճակագրական տվյալների համաձայն` անցած տարվա 11 ամիսների արդյունքներով արտերկրից Հայաստան փոխանցված տրանսֆերտների զուտ ներհոսքը (ստացված և ուղարկված գումարների դրական տարբերությունը) նվազել է շուրջ 12%ով` 152 մլն 705 հազար դոլարով: Մի խոսքով` ինչպես նկատեցինք, այն բոլոր ուղղություններով, որոնց շուրջ «քննարկումներ» են ծավալում կառավարությունում, գոնե այս գործակալությունը բացասական կանխատեսումներ է անում: Բայց երանի թե միայն այս գործակալության կանխատեսումներն այսպիսին լինեին:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն էլ (ՎԶԵԲ) իր հերթին է 2015 թ. Հայաստանում տնտեսության լճացում (ստագնացիա) կանխատեսում, այն դեպքում, երբ 2014 թ. սեպտեմբերին բանկի փորձագետները 2015 թ. համար Հայաստանում տնտեսության 3,5% աճ էին կանխատեսել: Այս մասին ասված է բանկի «Տարածաշրջանային տնտեսական հեռանկարներ» կանխատեսման մեջ:

Լճացում տվյալ դեպքում նշանակում է, որ Հայաստանի տնտեսական աճը 2015 թվականին կլինի 0 տոկոս. աճ չի լինի: Ըստ զեկույցի` ռուբլու արժեզրկումն ավելացրել է ճնշումը Ռուսաստանի առևտրային գործընկերների վրա: Իբր սա քիչ էր, ԱՄՀ-ն էլ իր հերթին է 2015 թ. Ռուսաստանի տնտեսության 3%-ի անկում է կանխատեսում:

«Կանխատեսումն արտացոլում է նավթի գների կտրուկ նվազման և աշխարհաքաղաքական լարվածության ուժեղացման տնտեսական ազդեցությունը»,- պարզաբանել է ԱՄՀ-ն` հավելելով, որ Ռուսաստանում աճի կտրուկ դանդաղումը և ռուբլու արժեզրկումը զգալի թուլացրել են ԱՊՀ մյուս երկրների հեռանկարները: 2015 թ. ԱՊՀ երկրների տնտեսությունը, ըստ ԱՄՀ-ի, կնվազի 1,4%-ով:

Հովիկ Աբրահամյանի կառավարությունը հրաժարական կտա՞

Միջազգային հեղինակավոր կառույցներից միայն ՀԲ-ն, է, որ իր «Համաշխարհային տնտեսության հեռանկարներ» հունվարյան զեկույցում կանխատեսում է, որ 2015 թ. Հայաստանում տնտեսական աճը կարող է կազմել 3,3%: Չնայած սա եղածներից ամենալավատեսական կանխատեսումն է, միևնույն է, ցածր է ՀՀ կառավարության 2015 թ. բյուջեի ուղերձում նշված 4.3%-ից:

Այս ամենի համատեքստում հիշում ենք 2013 թ. սկզբին Սերժ Սարգսյանի հանձնարարականը կառավարությանը. «Հայաստանի Հանրապետության այն կառավարությունը, որը տարվա արդյունքներով, դա վերաբերում է 2013-2017 թվականներին, չապահովի տնտեսական 7% աճ, այդ կառավարությունը պետք է հրաժարական տա»:

Տիգրան Սարգսյանի կառավարությունը հրաժարական տվեց, թեպետ դա նախագահի հանձնարարականի հետ կապ չուներ: Հովիկ Աբրահամյանի կառավարությունը, թեև 7%-անոց տնտեսական աճի խոստում ու պատասխանատվություն չստանձնեց, բայց անգամ իր խոստացած` 4.1% տնտեսական աճը, ամենայն հավանականությամբ, չի կարողանալու ապահովել, եթե նույնիսկ տնտեսական անկում չարձանագրի: Շատ կուզենք սխալվել, բայց…

Մի խոսքով` առաջանում է բնական մի հարց. արդյոք ստեղծված պայմաններում Հովիկ Աբրահամյանի կառավարությունը հրաժարական կտա՞, թե՞ էլի մեղքը կբարդեն տարածաշրջանային զարգացումների, «համաշխարհային դավադրությունների» ու նման բաների վրա…





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: