Հայերեն   English   Русский  

​Հայաստանն այնուամենայնիվ կոնտրաստների երկիր է,լուսանկարներ


  
դիտումներ: 6345

Կարծես արդեն ավանդույթ է դառնում «Անկախի» համար ամեն տարի հոկտեմբերի 15-ին Գյուղաբնակ կանանց միջազգային օրվա առիթով այցելել հանրապետության որևէ համայնք և հանդիպել գյուղի կանանց:

Խոստովանենք, որ այս այցելություններն ուղղորդված էին, հետևել էինք Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի հորդորներին: Բանն այն է, որ այս կազմակերպությունն ամեն ինչ անում է մեզանում Գյուղաբնակ կանանց միջազգային օրը նշանավորելը արմատավորելու համար՝ համարելով, որ դա ևս մի միջոց է գյուղի կանանց և նրանց խնդիրներին ուշադրություն դարձնելու և նրանց ըստ արժանվույն գնահատելու տեսանկյունից:

Անցած տարի, ի դեպ, երբ Սյունիքի մարզի Հացավան գյուղում էինք, հավաքվել էին մի 20-25 կանայք այդ և հարևան համայնքներից: Խոսակցությունն ավելի թեժացնելու համար ուշադրություն հրավիրեցինք այն վիճակագրական տվյալների վրա, ըստ որոնց՝ «գյուղաբնակ կանայք կազմում են աշխարհում սովից տառապող մարդկանց 70%-ը»: Պետք էր տեսնել, թե ընդվզման ինչ ալիք բարձրացավ:

- Ինչո՞ւ եք այդ միջազգային տվյալները մեջտեղ բերում,- ասացին,- մենք դրանց մեջ չենք մտնում, մենք չքավոր չենք, էլ չասեք:

- Ինչպե՞ս, դուք խնդիրներ չունե՞ք, ամեն ինչ լա՞վ է, լա՞վ եք ապրում:

- Խնդիրներ շատ ունենք, հետո՞ ինչ, բայց դա չի նշանակում, որ մենք չքավոր ենք: Եթե մարդ չի ուզում չքավոր դառնալ, երբեք չի դառնա, եթե մարդ ուզում է աշխատել և գիտի աշխատել, չքավոր չի լինի:

Հետո ամեն մեկը սկսեց պատմել, թե ինչպես է անձամբ հաղթահարել դժվարությունները հանուն իր ընտանիքի բարեկեցության: Յուրաքանչյուրը իսկական սխրանքի մի հուզիչ պատմություն:

Գյուլագարակ-2

Այս տարի, երբ մեկնում էինք Գյուլագարակ, կարծում էինք՝ նման մի քննարկման ենք մասնակից դառնալու, բայց ականատես եղանք ճոխ տոնակատարության: Մեզ տարան մշակույթի տան դահլիճը և առանց ճառերի մի զարմանալի համերգ սկսեցին: Երիտասարդ համերգավարները, արանքներում մեծարելով իրենց կանանց և կարևոր տեղեկություններ հայտնելով, հերթով բեմ էին հրավիրում պարային համույթներին և մենակատարներին, բոլորն էլ՝ խոշորացված համայնքի մեջ մտնող գյուղերից, բոլորն էլ սիրունատես պատանիներ՝ սկսած 6-7 տարեկանից մինչև 17-18, բոլորն էլ տաղանդավոր: Ապշեցուցիչ էր, այնպես էին իրենց պահում բեմում, ասես հենց բեմում ծնված լինեին կամ բեմական երկար ճանապարհ անցած: Ավարտին էլ առանձին-առանձին շնորհակալագրեր հանձնեցին համայնքի վաստակավոր կանանց համայնքում ունեցած ավանդի համար: Եվ այս ամենը թաթախված անկեղծ հարգանքի, իսկապես սիրո ու հանդուրժողականության ջերմ մթնոլորտում:

Գյուլագարակ-3

Փաստորեն, այս համայնքում մտածում են ոչ միայն իրենց երեխաներին լավ կրթություն, այլև գեղագիտական դաստիարակություն տալու, նրանց ստեղծագործական ունակությունները բացահայտելու և ինքնաիրացման հնարավորություն ընձեռելու մասին: Իսկ որ այդ ջանքերը չափից ավելի արգասավոր են, ապացույցը նշված համերգ-ցուցադրությունն էր:

Ավելի մեծ եղավ մեր զարմանքը, երբ ավարտից հետո իմացանք, որ այդ ամբողջ միջոցառումը երկու հոգով էին կազմակերպել՝ ավագանու անգամ Աիդա Սարգսյանը և համայնքապետարանի աշխատակից Վրույր Այվազյանը:

Գյուլագարակ-4

Այդ համեմատաբար տարեց կնոջ և երիտասարդ տղամարդու հետ էլ կարճ շփումներից ակնառու էր, որ այս համայնքի հաջողության գրավականը համագործակցելու ունակությունն է, համագործակցությունն ու համերաշխությունը ոչ միայն համայնքի ղեկավարության ու համայնքի անդամների, ոչ միայն կառավարման մարմինների, այլև տարբեր սերունդների ու սեռերի միջև: Կարճ ասած, այստեղ, առանց չափազանցության, Թումանյանի երազած անկյան՝ հաշտ ու խաղաղ մարդկության մի կարճատև վայելք ունեցանք:

Գյուլագարակ-5

Ի դեպ, ամբողջ ժամանակ փորձում էինք լուսանկարելու համար գյուղաբնակ կնոջ մի տիպական կերպար գտնել՝ գլխաշորով, արևահարված ու հոգնատանջ դեմքով: Չգտանք: Բոլորը կոկիկ, բարեկեցիկ, «քաղաքաբնակ» կանայք էին: Եվ այդ փնտրտուքի մեջ հասկացանք, որ գերի ենք մնացել ավանդական կարծրատիպերին, կյանքը շատ ավելի առաջ է գնացել, քան կարծում ենք, նույնիսկ մեր հայրենի գյուղերում, որոնք մինչև պարանոցը խրված են արդեն տասնամյակներ ի վեր չլուծված խնդիրների մեջ: Բայց և նկատեցինք, որ մեր կողքին նստած կինը շարունակ թաքցնում է ձեռքերը, ու երբ հատուկ ուշադրություն դարձինք, մեղավոր ժպիտով արդարացավ.

- Ինչքան լվացի, էս սևությունը չանցավ:

Գյուլագարակ-6

Տունդարձին, երբ վերհիշում էինք երևանյան իրադարձությունները, որոնք շարունակ լարվածության մեջ են պահում մեր նյարդերը, մտածում էինք, որ հավանաբար երջանկությունը հեռու մնալն է զանազան քաղաքական քարոզներից ու հակասական լուրերից և պարզ մարդկային արժեքներով ապրելը: Իսկ երբ հիշեցինք ուրիշ համայնքներում տեղի ունեցող դեպքերը՝ այսպես կոչված հներին պաշտոնանկ անելու ցույցեր, համայնքի բնակչության բաժանումներ կողմնակիցների ու դեմերի, ատելության հասնող անհանդուրժողականություն, ճանապարհների ու շենքերի պաշարում և այլն, կրկին ու կրկին եզրակացրինք, որ Հայաստանն այնուամենայնիվ կոնտրաստների երկիր է, այս 30 հազար քկմ-ի մեջ ամեն ինչ կտեսնես և ոչ միայն գեղեցիկ ու յուրահատուկ բնության առումով:

Այնպես որ, եթե Երևանում հուսահատությունը կամ հոռետեսությունը վրա է տալիս, գյուղ գնացեք:

Անահիտ Հարությունյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: