Հայերեն   English   Русский  

Լիլիթ Մկրտչյան. «Մոտ ապագայում ավելի բարձր արդյունքներ կգրանցենք»


  
դիտումներ: 1637

Հոկտեմբերի 10-16-ը Ուկրաինայի Վիննիցա քաղաքում կայացավ հրաձգության Ուկրաինայի բաց առաջնությունը, որին մասնակցեց շուրջ 300 մարզիկ:

Հայաստանի հավաքականը մրցաշարին մասնակցեց 4 մարզիկով և նվաճեց 7 մեդալ՝ հրացան, ատրճանակ և վազող թիրախ ձևերից:

Հայաստանի հավաքականի առաջատար մարզուհի, Եվրոպայի փոխչեմպիոն, 22-ամյա Լիլիթ Մկրտչյանը վազող թիրախ ձևի նորմալ վազքի պայքարում, խոցելով 561 միավոր, գրավեց 2-րդ, իսկ Պոդիլլի գավաթի խաղարկությանը վազող թիրախ ձևի խառը պայքարում, խոցելով 373 միավոր՝ 3-րդ հորիզոնականը:

«Անկախի» հետ զրույցում Լիլիթը խոսում է իր և թիմակիցների մասնակցության արդյունքների, ինչպես նաև այս տարվա ելույթների մասին:

-Արդեն 2 տարի է, որ հանդես եմ գալիս մեծահասակների խմբում, ինչն ավելի բարդ է: Մեր մարզաձևում մարզիկների տարիքային տարբերությունը հսկայական է: Այս տարի աշխարհի չեմպիոն դարձավ 47-ամյա չինացի մարզիկը: Ինձ տրամադրել էի, որ տարեվերջյան միջազգային մրցաշարին անպայման պետք է արդյունքի հասնեմ: Այս մրցաշրջանում աշխարհի և Եվրոպայի առաջնություններն այնքան էլ հաջող չստացվեցին միավորների հաշվարկով, բայց ոչ մարզական առումով: Մի քանի միավոր չբավականացրեց եզրափակիչ դուրս գալու համար:

Լիլիթ Մկրտչյան

Ուկրաինայում 2 մրցաշարի մասնակցեցի՝ հաջորդաբար զբաղեցնելով 2-րդ և 3-րդ հորիզոնականները: 2 վարժությունում էլ խոցեցի այնպիսի միավորներ, որ միջազգային մրցաշարերում դեռևս չէի գրանցել: Մրցակիցներս նույնպես հանդես էին եկել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում:

Նշեմ, որ Պոդիլիի գավաթի խաղարկությունում զբաղեցրած 3-րդ հորիզոնականը պաշտոնապես ճանաչվեց, բայց ես դրա համար մեդալ չստացա, քանի որ այն հաշվարկից դուրս էր:

-Չնայած երիտասարդ տարիքին՝ միջազգային մրցաշարերում պայքարում եք բազմափորձ մարզիկների հետ: Դժվար չէ՞:

-Հայասատնում ավելի բարձր արդյունքի եմ հասնում: 2-րդ տեղը զբաղեցնողից միավորների հսկայական տարբերությամբ առաջ եմ լինում: Պատասխանատվության զգացումը միշտ էլ կա, բայց մրցակցության մասին խոսք լինել չի կարող: Օտար երկրում փորձառու մրցակիցների հետ պայքարում նույն արդյունքը գրանցել հնարավոր չէ: Ինչ տարին սկսել է, միավորների առումով հետընթաց չեմ գրանցել: Նախկինում կանայք 40 հատ էին կրակում, այս տարվանից օրենքները փոխվել են: Այժմ տղաների պես կրակում ենք 60 հատ: Ես մշտապես առաջ եմ շարժվում: Աշխարհի առաջնությունում միայն մեկ մրցակից էր ինձնից փոքր, իսկ մեծն արդեն 34 տարեկան էր: Իրենց վարպետությունը թույլ է տալիս շատ 10 միավորներ խոցել: Որոշել և ինքս իմ առջև պայման եմ դրել սպորտը ուշ թողնել և հասուն տարիքում աշխարհի չեմպիոն դառնալ: Քանի որ այդ ժամանակ ես էլ կունենամ նույն փորձառությունն ու վարպետությունը: Փորձառու մարզիկները շեշտում են, որ այս տարիքում ես արդեն նրանց հավասար մրցակից եմ:

Եվրոպայի առաջնությանը խոցել եմ 547, աշխարհի առաջնությանը՝556 , իսկ Ուկրաինայում՝ 561 միավոր: Աշխարհի առաջնությանը 561միավորը բավարար էր եզրափակիչ դուրս գալու համար: Միավորների տարբերությունը և աճը նկատելի է: Ժամանակի ընթացքում արդյունքները կբարելավվեն:

-Ձեր մարզաձևում միավորների աննշան տարբերությամբ հնարավոր է զրկկվել եզրափակիչ դուրս գալու հնարավորությունից, մրցանակաին տեղ զբաղեցնելուց: Ինչպե՞ս եք ազատվում լարվածությունից:

-Պատասխանատվությունն ու լարվածությունը մրցումների ժամանակ ինքնաբերաբար են գալիս: Լարվածության հետ հարկավոր է ընկերանալ: Մարզչիս միշտ ասում է, որ լարվածությունը հատուկ է մարդ էակին: Եթե լարված եմ լինում մրցումներին, իմ աշխատանքը ստացվում է, արդյունքներն էլ բարձր են լինում: Ինձ լարվածությունը միշտ օգնել է: Դա ինքնակառավարման խնդիր է: Վերջիվերջո, ունեմ այն փորձառությունը, որ ինձ ստիպում է կառավարել լարվածությունը: Մնացածն արդեն վարպետության խնդիր է, որը մոտ ապագայում անպայման կլրացնեմ:

- Ուկրաինայի բաց առաջնությանը խաղարկվեց նաև ուկրաինացի հայտնի հրաձիգ Պոդիլիի անվան գավաթը: Հայաստանի հավաքականին հաջողվեց մեդալների հաշվարկով նվաճել այդ գավաթը:

-4 մարզիկով մասնակցեցինք և 7 մեդալ նվաճեցինք: Թիմով կարծես մեկ ընտանիք լինենք՝ մարզիչ Սերգեյ Նիկողոսյանի գլխավորությամբ: Եթե մեզնից մեկը կրակում է, ապա մյուսները ներկա են լինում՝ աջակցելու ու ոգևորելու համար: Թիմով նվաճած մեդալների քանակով գրավեցինք երկրորդ տեղը: Կային թիմեր, որ 20 և ավելի մարզիկներ ունեին: Մեր բոլոր մարզիկները՝ Ալլա Պողոսյանը, Էլմիրա Կարապետյանը, Հովհաննես Մարգարյանը, հրաշալի հանդես եկան՝ գերազանցելով իենց անձնական ցուցանիշնեը: Ալլա Պողոսյանը 15 տարեկանում խոցեց այնպիսի միավորներ, որոնք հավասար են մեծահասկաների Եվրոպայի առաջնության եզրափակչի միավորներին: Ուրախ եմ և հպարտ, որ առաջ ենք շարժվում, թիմային հաջողություններ ենք գրանցում: Մոտ ապագայում ընթացքի մեջ կմտնենք և հաստատապես ավելի բարձր արդյունքներ կգրանցենք:

Զրուցեց՝ Անժելա Բեգլարյանը





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: