Հայերեն   English   Русский  

​Թող բարի լինեին ու կազմակերպչական ջանքեր գործադրեին, որպեսզի իրենց թրի տակով անցած պատգամավորները ներկայանային նիստերի դահլիճ. «Հայոց աշխարհ»


  
դիտումներ: 231

Գործող իշխանությունը խորհրդարան է բերել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների՝ «արագի մեջ» կազմված նախագիծ:

Շտապողականության շարժառիթը նույնպես հայտնի է՝ ԱԺ արտահերթ ընտրությունները, որ, Նիկոլ Փաշինյանի ու իր մերձավոր զինակիցների համոզմամբ, անպայման պետք է հենց այս տարվա դեկտեմբերին անցկացնել:

Բայց… Հանրապետական կուսակցությունը եւ ՀՀԿ խմբակցությունը հստակ հայտնել էին իրենց քաղաքական դիրքորոշումը, այդ թվում՝ նման արագությամբ խորհրդարան բերված հիշյալ նախագծի վերաբերյալ: Չեն ասել՝ այն ընդունելի է, չեն գովերգել, այլ, հակառակը, քննադատել են նման ափալ-թափալ մոտեցումները եւ բերված նախագիծն այդ թվում:

Եվ ըստ իրենց քաղաքական դիրքորոշման էլ վարվել են: Դա սաբոտա՞ժ է: Այսինքն՝ նենգադուլ, էլի: Ո՛չ, ոչ մի դեպքում սաբոտաժ չէ: Ավելին: Այսօր ՀՀԿ-ն մի՞թե խորհրդարանական մեծամասնություն է: Էլի՝ ո՛չ: Իր հետեւողական ճնշումների, այլոց զանգվածաբար պիտակավորելու եւ պախարակելու եւ նմանօրինակ այլ քայլերի միջոցով Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, դեռ գործող խորհրդարանում, կարելի է ասել՝ խայտաբղետ մեծամասնություն ունի: Էական փաստն այն է, որ ՀՀԿ-ն արդեն մի որոշակի ժամանակ է, ինչ գործող ԱԺ-ում մեծամասնություն չէ:

Առնվազն վեց տասնյակ մանդատավորներ անցել են Փաշինյանի թրի տակով, երեւի նաեւ հավատարմության երդում են տվել, մի խոսքով՝ «միացել են ժողովրդին»: Եթե նրանց գումարենք Փաշինյանի սեփական «Ելք» խմբակցության անդամներին, կստացվի արդեն համարյա 70 «վարչապետական» մանդատավոր: Է՜հ, եթե այդ նախագծի ընդունումը Նիկոլ Փաշինյանին ու նրա գլխավորած ուժին իսկապես խիստ անհրաժեշտ էր, թող բարի լինեին ու կազմակերպչական ջանքեր գործադրեին, որպեսզի իրենց թրի տակով անցած պատգամավորները ներկայանային նիստերի դահլիճ ու վարչապետի պաշտոնակատարի քմահաճույքին համահունչ՝ սեղմեին քվեարկության կոճակները:

Ո՞վ է մեղավոր, որ իրենք, այսպես ասենք՝ չեն աշխատել: Այնքան չեն աշխատել, որ «ժողովրդի ու վարչապետի կողքին» մշտապես կանգնելու մասին հայտարարած խոշոր գործիչներից մեկը ԱԺ շենքում է եղել, բայց քվեարկության չի մասնակցել, որովհետեւ… մարզահագուստով էր: Չենք հորինում: Իր իսկ ներկայացուցիչն է հայտարարել:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: