Հայերեն   English   Русский  

Մտնում ենք Ազգային ժողով մեր դեմքը ցույց տալու, վերականգնվելու. Վահրամ Բաղդասարյան


  
դիտումներ: 854

Հանրապետական կուսակցությունը առաջիկայում հայտարարություն կանի արտահերթ ընտրություններին մասնակցելու ձևաչափի մասին, իսկ ցուցակի հնգյակը, քառյակը կամ տասնյակը մենք չենք քննարկել։

Այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամին այս մասին հայտնեց «ՀՀԿ» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Հարցին, թե արդյոք հնարավոր է, որ նախընտրական ցուցակը գլխավորի Սերժ Սարգսյանը. խմբակցության ղեկավարը նշեց. «Որևէ բան առայժմ չենք կարող ասել, որովհետև այդ հարցի քննարկումը կանենք առաջիկա օրերին: Քննարկումից հետո դրանից կխոսենք»։

Ըստ նրա՝ արտահերթ ընտրություններին մասնակցելու դեպքում ցուցակը պետք է լինի քաղաքական։

«Մեր մասնակցության դեպքում ցուցակը պետք է լինի քաղաքական ցուցակ, միանշանակ, միայն այդքանը կարող եմ ասել, մեր ցուցակը պետք է լինի ընդդիմությանը հարիր ցուցակ: Մնացածը կասենք մի քանի օրից հետո»,-ասաց նա:

Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ իրենք ընդդիմադիր կերպարով են հանդես գալիս և իրենց ցուցակը կլինի ընդդիմությանը հարիր ցուցակ:

Նա նաև ընդգծեց՝ ՀՀԿ-ի նպատակն է խորհրդարանական երկրին հարիր քաղաքական խորհրդարան ձևավորելը։

«Մեզ համար գերնպատակ չի եղել լինել իշխանություն կամ լինել ընդդիմություն, քաղաքական ուժերը պետք է պատրաստ լինեն թե՛ ընդդիմություն, թե՛ իշխանություն լինելուն: Եթե ասում եմ ընդդիմություն, նշանակում է փոքրամասնություն: ՀՀԿ-ն եղել է մեծամասնություն և պատրաստ է լինել նաև փոքրամասնություն։ Ցանակցած քաղաքական ուժ պետք է ձգտի լինել մեծամասնություն: Մենք մտնում ենք Ազգային ժողով՝ մեր դեմքը ցույց տալու, վերականգնվելու համար»,- ասաց նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: