Հայերեն   English   Русский  

​Հայաստանում Ինժեներական քաղաքում ISB ընկերության հետազոտական կենտրոնի հիմնման մասին


  
դիտումներ: 2761

Որախությամբ տեղեկացնում ենք, որ ևս մեկ միջազգային ինժեներական ընկերություն մուտք գործեց Հայաստան

ISB ընկերությունն իր Հետազոտական կենտրոնն հիմնեց Ինժեներական քաղաքում:

Օրեր առաջ Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակներում տեղի ունեցած տնտեսական ֆորումից տպավորված, ISB ընկերության ներկայացուցիչ, կանադահայ Գևորգ Թորոսյանը հայտնել էր Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում ներդրում անելու և ISB հետազոտական կենտրոն հիմնելու իր մտադրության մասին: ISB ընկերությունը գործում է 1972 թվականից և առաջատար դիրք է գրավում էլեկտրոնային անվտանգության և ավտոմատացման արտադրանքների, մետաղի դրոշմման և արտադրության մեջ:

Գործարարն այցելել է Ինժեներական քաղաք, ծանոթացել այնտեղ գործող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների գործունեությանը, համատեղ քննարկել Հայաստանում բիզնեսի զարգացման հնարավորությունները, ինչի արդյունքում որոշվել է Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի աջակցությամբ մասնաճյուղ հիմնել Երևանում։

- Չափազանց տպավորված եմ ինժեներական աշխատանքով և շատ առաջադեմ մտքերով, ինչպես նաև խանդավառված եմ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններով, - ասել է Գևորգ Թորոսյանը։

-Հայաստանն աշխարհում դիրքավորվում է որպես ինժեներական լուծումներ տրամադրող առաջադեմ երկիր և մեզ համար չափազանց կարևոր է սփյուռքահայերի ներգրավմամբ հենց ինժեներական ոլորտի միջազգային ընկերությունների հիմնումը մեր երկրում,-ասել է ՁԻՀ տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

-ISB ընկերության հետազոտական կենտրոնն արդեն այսօրվանից տեղակայված է ինժեներական քաղաքում: Ընտրվել են մասնագետներ, աշխատանքային միջավայրը համապատասխանում է ընկերության պահանջներին, միասնական ջանքերով նպաստելու ենք ընկերության ընդլայմանը Հայաստանում- ասել է Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի ծրագրի ղեկավար Ամալյա Եղոյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: