Հայերեն   English   Русский  

Հանուն նախարարի բիզնեսի զարգացման ծրագիրն ու միջգերատեսչական գզվռտոցը


  
դիտումներ: 1805

Կառավարության վերջին նիստում հավանության արժանացած «Ինժեներական քաղաք»-ի ստեղծման ծրագրին նախորդել են միջգերատեսչական գզվռտոցներ,հաղորդում է Պանորաման։

Բանն այն է, որ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը սեփականացրել ու որպես իր ծրագիր է ներկայացրել ավելի վաղ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից մշակված ու ներկայացված նախագիծը։

«Որևէ կերպ հիմնավորված չէ մի պետական գերատեսչության կողմից նախաձեռնված ծրագրի շրջանակում մշակված փաստաթուղթը մեկ այլ պետական գերատեսչության կողմից պատճենելու և որպես նոր նախագիծ ներկայացնելու տրամաբանությունը»,-նշված է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներկայացրած եզրակացության մեջ։

Նախարարությունն առաջարկել է նախագիծը հանել հետագա շրջանառությունից։ Առաջարկը չի ընդունվել։



Բանն այն է, որ ծրագրի իրականացումից օգտվելու է այն ընկերությունը, որտեղ մինչ պաշտոնյա դառնալը աշխատել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։

«Տրանսպորտի նախարարը, Հակոբ Արշակյանը՝ Կառավարության որոշում է անցկացնել տվել, որով պետությունը Համաշխարհային Բանկից 10 միլիոն դոլար պարտք է վերցնում Հակոբի նախկին գործատուի (National Instruments), Հակոբի սեփական ֆիրմայի (Araxis Engineering) և մի քանի այլ ընկերության հետ Ջրվեժում Ինժիներական քաղաք ստեղծելու համար։ Ծախսերի 50 % պետք է կրի պետությունը՝ ՀԲ վարկի հաշվին, իսկ մնացած 50 % Հակոբ Արշակյանի նախկին գործատուն, Հակոբ Արշակյանի սեփական ֆիրման և մի քանի այլ ընկերություն»,-գրել է սոցցանցի օգտարերերից մեկը։

Այն, որ նախարարը կապ ունի այդ ընկերությունների հետ, նշվում է նաև նախարարության էջում հրապարակված նախարարի կենսագրության մեջ։ Այն, որ գումարը տրամադրվելու է այդ ընկերություններին, փաստվում է կառավարության պաշտոնական էջում հրապարակված նախագծում։


Ըստ ծրագրի, ««Ինժեներական քաղաք»-ի ստեղծման ծրագրի իրականացման համար նախատեսվում է մոտ 21.2 մլն ԱՄՆ դոլարի չափով ներդրում, ընդ որում` ընդհանուր ծախսերի 50%-ը (մինչև 10.5 մլն ԱՄՆ դոլար) նախատեսվում է համաֆինանսավորել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` Համաշխարհային բանկի «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքներ» վարկային ծրագրի միջոցով, մնացած 50%-ը` «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի և կոնսորցիումի /ներառում է «Նեյշնլ Ինսթրումենթս ԷյԷմ» ընկերության կողմից ծրագրի շուրջ համախմբված 14 ինժեներական ընկերություններ/ կողմից: Նախատեսվում է, որ ծրագիրն ինքնածախսածածկ կդառնա գործունեության 4-րդ տարում»։

Խնդրին կարծես լավատեղյակ օգտատերը նաև նշել է, որ նախորդ կառավարությունը չէր հաստատել այս ծրագիրը, քանի որ «կառավարությունը ժողովրդի հաշվին cash փող էր պարտքով վերցնում Համաշխարհային Բանկից ու պարտավորվում էր Ինժիներական քաղաքի համար շենքեր-շինություններ կառուցել, իսկ Հակոբի գործատուն և Հակոբի սեփական ֆիրման հստակ չէին պարտավորվում, թե իրանք որքան գումար են ներդնելու այս ծրագրի մեջ և կոնկրետ ինչի մեջ են ներդնելու։ Բայց դե հիմա Հակոբը Նախարար ա դառել, ու էլ ինչ պրոբեմ կա որ։ Թող պետությունը պարտքով փող վերցնի և cash ներդրում անի, իսկ Հակոբի նախկին գործատուն և Հակոբի սեփական ֆիրման խոսք են տալիս, որ մի օր մի բան կներդնեն: Ու նենց չի, որ խոսք են տալիս, որ cash ներդրում են անելու, իրանք իրանց «մտավոր սեփականությունն էլ» կարան ներդնեն, կամ ասենք «Թրեյնինք իրականացնեն», ու այս ամենը համարվի ներդրում։ Բա Հակոբի մտքերը կարո՞ղ ա ձրի են»։

Ծրագրի նախագծում էլ օգտատիրոջ մտավախությունը հիմնավորող տողեր կան «Իրականացվող միջոցառումներ բաժնում». «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կազմում Ինժեներական քաղաքում «Համակարգերի ճարտարագիտություն» բազային ամբիոնի հիմնում, ԻԲՏ ոլորտի սկսնակների համար աքսելերացիոն ծրագրի մշակում և իրականացում, Ինժեներական քաղաքում ԻԲՏ ոլորտի մասնագետների համար դասընթացների կազմակերպում և անցկացում, դասընթացավարների կարողությունների բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում...»։

Պաշտոնական տեղեկատվության համաձայն, ինժեներական քաղաքը նախագծված է այնպես, որ մեկ վայրում տեղակայվեն և կենտրոնացվեն ԻԲՏ ոլորտի ընկերությունները/ հաստատությունները: Այն ստեղծելու նպատակով ընտրվել է Բագրևանդ փողոցի 3.0 հա մակերեսով հողամասը, որն առանցքային նշանակություն ունի «Ինժեներական քաղաք»-ի ստեղծման ծրագրի դրական արդյունքների ապահովման համար։ Այն թույլ կտա մեկ վայրում համախմբել ինժեներական էկոհամակարգի հիմնական մասնակիցներին։ Ծրագրով նախատեսվում է Ինժեներական քաղաքում տեղակայվելիք 35-40 ընկերությունների շենքերի նախագծում և կառուցում։

Օգտատերը նաև նկատում է. «Վերջ ի վերջո, այստեղ հստակ շահերի բախում գոյություն ունի։ Եվ նորմալ երկրում, Նախարար Հակոբը պարտավոր էր պաշտոնապես հրաժարվել այս ծրագրի հետ որևէ առնչությունից։ Նախարարը չպետք է հարկատուների հաշվին պարտքով փող վերցնի, որ ֆինանսավորի մի պրոյեկտ, որում ընդգրկված է սեփական ընկերությունը»։

Խնդրի վերաբերյալ Panorama.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ անձամբ նախարարից։ Հարցը դեռ չլսած՝ Արշակյանը նշեց, տեղը հարմար չէ, խնդրեց երեկոյան խոսել։

Panorama.am-ը կներկայացնի նաև նրա մեկնաբանությունը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: