Հայերեն   English   Русский  

«Սա դժվար որոշում է». Կարեն Կարապետյանը չի մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրություններին


  
դիտումներ: 581

ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը չի մասնակցելու կայանալիք արտահերթ ընտրություններին: Այս մասին նա հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Ես վեց անգամ անընդմեջ Հայաստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր եմ ընտրվել մեր քաղաքացիների, իմ համերկրացիների ուղիղ ընտրությամբ՝ յուրաքանչյուր հաջորդ անգամ վստահության ավելի մեծ քվե ստանալով, ինչի համար երախտապարտ եմ:

Այս երկար տարիների ընթացքում ես, իմ ընտանիքի անդամները ջանացել ենք պարզ ու շիտակ լինել հասարակության առաջ: Պատգամավորական մանդատը, մեր հնարավորությունները փորձել եմ ծառայեցնել երկրի զարգացմանն ու բնակչության սոցիալ-տնտեսական, հոգեւոր-մշակութային կյանքի բարելավմանը: Արել եմ, ինչ կարողացել եմ:

Վստահեցնում եմ՝ պետական դիրքը երբեք չեմ օգտագործել անձնական շահի կամ ավելի մեծ իշխանություն ունենալու համար: Քաղաքական հարաբերություններում բաց ու անկեղծ եմ եղել: Այսօր ես որոշում եմ կայացրել՝ չեմ մասնակցելու Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին:

Սա դժվար որոշում է: Մարդկանց հետ ճանապարհ եմ անցել, շատերի հետ անձնական հարաբերություններ կան, թերեւս նրանցից ոմանք այսօր էլ ակնկալիքներ ունեն ինձանից: Բայց, կարծում եմ, դադար առնելու ժամանակն է: Պատգամավոր դառնալն ինձ համար նպատակ չէ:

Մեր պետականությունը բարդ ու դժվարին վերափոխումների փուլում է: Քաղաքական համակարգի վիճակը, իմ տեսակին ոչ հարազատ որոշ գործընթացներ ինձ հարկադրում են այս անգամ չառաջադրվել:

Շնորհակալություն օրենսդիր-գործադիր մարմինների բոլոր գործընկերներիս համատեղ աշխատանքի համար: Շնորհակալություն հատկապես մեր քաղաքացիներից յուրաքանչյուրին, ովքեր վստահել եւ հավատացել են ինձ:

Հասարակական-քաղաքական գործընթացներին մասնակից լինելու, անհրաժեշտության դեպքում համապետական խնդիրների վերաբերյալ դիրքորոշում, գնահատական հնչեցնելու համար պատգամավորի մանդատ ունենալը պարտադիր չէ:

Ես շարունակելու եմ լինել Ձեր կողքին, իմ պետության հետ, շարունակելու եմ կարողություններիս սահմանում ծառայել մարդկանց:

Իմ ընտանիքի միջոցներով սկսված բոլոր ծրագրերն ավարտվելու են, նորերն են իրականացվելու:

Նոր ձեւավորվելիք իշխանություններին հորդորում եմ՝ հատուկ ուշադրություն դարձնել մեր անվտանգության հիմնահարցերին, դրա կարեւորագույն բաղադրիչ, հիմքերի հիմք տնտեսական քաղաքականությանը, բնակչության սոցիալական խնդիրների լուծմանը:

Խոստումների, ճառեր ասելու ժամանակներն անցել են: Զանգ կախողներ են պետք: Հատկապես ընտրություններից հետո, երբ մեր երկիրը բարդագույն մարտահրավերներ է դիմագրավելու:

Իմ համակիրներին, ընտրողներին խնդրում եմ պատասխանատվությամբ մոտենալ առաջիկա ընտրություններին եւ քվեարկել խղճի մտոք: Միայն այդ պարագայում կկարողանաք պահանջատեր լինել եւ չհիասթափվել: Միայն այդ պարագայում կկարողանաք Ձեր զավակների արժանապատիվ ապագայի հիմքերը դնել:

Դարձյալ շնորհակալություն: Համոզված եմ՝ դեռ հանդիպելու շատ առիթներ ենք ունենալու»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: