Հայերեն   English   Русский  

Վարկային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են տուժանքի կիրառման միասնական պրակտիկայի ձևավորմանը վերաբերող հարցեր


  
դիտումներ: 1461

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանում գործող մեկ տասնյակը գերազանցող վարկային կազմակերպությունների ներկայացուցիչների:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Մարկոսյանը, Կենտրոնական բանկի ներկայացուցիչներն ու Հիմնադրամի փորձագետները:

Արթուր Հովհաննիսյանը ողջունել է ներկաներին, շնորհակալություն հայտնել վարկային կազմակերպությունների ներկայացուցիչներին հանդիպումը նախաձեռնելու համար և անդրադարձել տարեսկզբին ուժի մեջ մտած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքին, որով առաջին անգամ սահմանափակվեց տույժերի և տուգանքների առավելագույն չափը:

Նախարարի առաջին տեղակալը տեղեկացրել է, որ օրենքի ընդունումից հետո դրա մի շարք դրույթների պարզաբանման և միասնական պրակտիկա կիրառելու նպատակով հանդիպում է եղել նաև առևտրային բանկերի ներկայացուցիչների հետ, որից հետո օրենքի կիրարկման հետ կապված որևէ մտահոգության մասին չի բարձրաձայնվել: Արթուր Հովհաննիսյանը ներկաներին բաց քննարկման կոչ է արել:

Վարկային կազմակերպությունների ներկայացուցիչների հիմնական հարցերը վերաբերել են տուժանքի առավելագույն չափի սահմանափակման, պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի հաշվարկման, տուժանքի հաշվարկային դրույքի որոշման հետ կապված իրավակարգավորումներին և դրանց առնչությամբ ծագած գործնական որոշ խնդիրներին, որոնց վերաբերյալ քննարկման ընթացքում ներկայացվել են համապատասխան դիրքորոշումներ:

Հանդիպման արդյունքում ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ քննարկման մասնակիցները առաջիկայում կներկայացնեն տուժանքի իրավակարգավորումների հստակեցմանն ուղղված առաջարկություններ, որոնց հիման վրա հետագայում կկատարվեն համապատասխան օրենսդրական փոփոխություններ:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և

հասարակայնության և հետ կապերի վարչություն





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: