Հայերեն   English   Русский  

Զարեհ Սահակյանցի 85-ամյակը կնշանավորվի համերգով


  
դիտումներ: 914

Կոմիտասի անվան կամերային երաժշտությանը տանը կկազմակերպվի համերգ՝ նվիրված Հայաստանի պետական կամերային նվագախմբի հիմնադիր Զարեհ Սահակյանցի 85-ամյակին: Նոյեմբերի 11-ին կայանալիք համերգին հանդես կգա Կամերային նվագախումբը՝ դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ:

Երեկոյի ընթացքում ելույթ կունենան Նիկոլայ Մադոյանը (ջութակ), Խուան Պարդոն (ալտ տրոմբոն/Իսպանիա), Նարեկ Կազազյանը (քանոն), Մարի Լալայանցը (ֆլեյտա), Լիա Հարությունյանը (ֆլեյտա), Մաքսիմ Նովիկովը (ալտ/Ռուսաստան):

Համերգային երեկոյին կհնչեն Գեորգ Վագենզեյլի, Ծովինար Հովհաննիսյանի, Երվանդ Երկանյանի, Էդվարդ Միրզոյանի, Մաքս Ռեգերի ստեղծագործությունները:

Դիրիժոր Հարություն Արզումանյանը փաստում է՝ Զարեհ Սահակյանցին նվիրված համերգին փորձել են ընդգրկել այնպիսի գործեր, որոնք սովորաբար քիչ են հնչում:

«Զարեհ Սահակյանցն իր ջանքերի, նվիրվածության, տաղանդի շնորհիվ հիմնադրել է Կամերային նվագախումբը: Այն մեծ համբավ ուներ խորհրդային շրջանում և մշտապես եղել է որակյալ նվագախումբ: Մինչ օրս Զարեհ Սահակյանցի հիմնադրած ավանդույթները շարունակվում են»,-նշում է Հարություն Արզումանյանը:

Նշենք, որ ջութակահար, դիրիժոր Զարեհ Սահակյանցը 1957-58 թթ. եղել է Մոսկվայի կամերային նվագախմբի ջութակահար: 1958 թ. վերադարձել է Հայաստան և 1960-63 թթ. ստանձնել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստերի պաշտոնը: 1962-75 թթ. եղել է իր հիմնադրած Հայաստանի կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը: Զարեհ Սահակյանցը շնորհիվ իր վառ անհատականության և հեղինակության կարողացավ իր շուրջը համախմբել մի խումբ նվիրյալ երաժիշտների, և կարճ ժամանակում Կամերային նվագախումբը ձեռք բերեց մեծ համբավ Հայաստանում և նրա սահմաններից դուրս: Սահակյանցի անձի և անվան հետ են կապված նվագախմբի բարձրաճաշակ գեղարվեստական ոճի ձևավորումը, երկացանկային հստակ դիրքորոշումը, ունկնդրի խանդավառ ընդունելությունը Հայաստանում, ԽՍՀՄ հանրապետություններում և արտերկրի համերգասրահներում: Նրա թողած կատարողական, ստեղծագործական հարուստ ավանդույթները ժառանգեցին ու շենացրին նվագախմբի հետագա գեղարվեստական ղեկավարները՝ Կոստանդին Բաղդասարյանը` 1975-ից, Ռուբեն Ահարոնյանը`1982-ից, Արամ Ղարաբեկյանը՝ 1997-ից: 2011-ին նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր նշանակվեց Վահան Մարտիրոսյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: