Հայերեն   English   Русский  

​Թրյուդոն ներողություն է խնդրել Կանադայի՝ 1939 թ. հրեա փախստականներին չընդունելու համար


  
դիտումներ: 419

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, երեկ ելույթ ունենալով Համայնքների պալատում, պաշտոնապես ներողություն է խնդրել Կանադայի կառավարության՝ հրեա փախստականներին չընդունելու համար, որոնք 1939 թ. ժամանել էին նացիստական Գերմանիայից «Սենթ Լուիս» նավով: Այս մասին ասվում է վարչապետի պաշտոնական կայքում:

«Այսօր ես եղա Համայնքների պալատում, որպեսզի ուշացած ներողություն խնդրեմ հրեա փախստականներից, որոնցից երես թեքեց Կանադան: Ներողություն խնդրելով՝ ես անկեղծ հույս եմ տածում, որ մենք կարող ենք լույս սփռել մեր պատմության այդ ցավոտ էջի վրա և հոգ տանել, որ այդ դասը երբեք չմոռացվի: Հակասեմիթությունը, այլատյացությունը տեղ չունեն այս երկրում և այս աշխարհում»,- մեջբերվում է Թրյուդոյի խոսքը հաղորդագրության մեջ:

«Սենթ Լուիս» նավը, որում 930 հրեա փախստական կար, 1939 թ. Գերմանիայից մեկնեց Կուբա, որպեսզի հնարավոր լիներ խուսափել նացիստական հետապնդումներից: Նրանք մտադիր էին այնտեղ անվտանգ սպասել ամերիկյան վիզայի հերթին: Սակայն Կուբան և մի շարք լատինամերիկյան երկրներ, ԱՄՆ-ն, ինչպես նաև Կանադան հրաժարվեցին ընդունել նրանց, և նավը վերադարձավ Եվրոպա: Ուղևորներին հաջողվեց ափ իջնել ուրիշ եվրոպական երկրներում, նրանց ընդունեցին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Բելգիան և Հոլանդիան:

.





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: