Հայերեն   English   Русский  

«Սա ուղղակի մղձավանջ է». Կոնստանտին Օրբելյան


  
դիտումներ: 2068

«Սա իսկապես շատ ծանր հարված է յուրաքանչյուրիս համար, մեր բալետի և ողջ թատրոնի համար:

Սա ուղղակի մղձավանջ է»,-Անկախ-ի հետ զրույցում ասաց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը՝ անդրադառնալով օրեր առաջ տեղի ունեցած սարսափելի ավտովթարին, ինչի հետևանքով թատրոնի առաջատար պարող Վահագն Մարգարյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:

Վահագն Մարգարյանը գտնվում է անգիտակից վիճակում: Նրան վիրահատել են, նա լուրջ վնասվածքներ ունի, այդ թվում՝ գլխի շրջանում, և բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար։

Վահագն Մարգարյան

«Հանրապետական հիվանդանոցի գլխավոր բժշկի խոսքից հասկանում ենք, որ Վահագնի վիճակում մի փոքր դրական տեղաշարժ կա: Բայց դեռևս շատ երկար ճանապարհ կա անցնելու, նրա վիճակը կրիտիկական է: Աղոթում ենք, որ նա առողջանա և կրկին կարողանա պարել»,-ասում է Օրբելյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Չիպոլինո» բալետի մեծ պրեմիերան, որտեղ գլխավոր դերում հանդես էր գալիս Վահագն Մարգարյանը: Նոյեմբերի 12-ին նախատեսված «Չիպոլինո» բալետային ներկայացումը չեղարկվել է և տեղափոխվել նոյեմբերի 23-ին:

Opera and Ballet Theatre of Armenia-ի լուսանկարը:

23-ամյա տաղանդավոր բալետի արտիստին խոստումնալից ապագա էր սպասվում, և մաեստրո Օրբելյանն անձամբ էր աջակցում նրա հաջողություններին ու հաղթանակներին Հայաստանում ու Հայաստանից դուրս:

Վահագն Մարգարյանը ծնվել է 1995թ. սեպտեմբերի 5-ին, Էջմիածնում: 8 տարի հաճախել է ՀՀ Արմավիրի մարզի Ապագա գյուղի միջնակարգ դպրոց, որից հետո տեղափոխվել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարան` ուսումը շարունակելով նախ հայկական ժողովորդական, ապա դասական բաժիններում: Ավարտական կուրսում մասնակցել է Լեհաստանում կայացած «Պատանի պարողների Եվրատեսիլ» միջազգային պարի մրցույթին՝ ներկայացնելով Հայաստանը: 2013թ. ավարտել է պարարվեստի պետական ուսումնարանը և ընդունվել աշխատանքի Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն` որպես բալետի արտիստ: 2015թ. Չեչնիայում մասնակցել է Մախմուդ Էսեմբաևի պարի միջազգային 7-րդ փառատոնին և արժանացել 2-րդ մրցանակին: 2016 թվականին մասնակցել է Էստոնիայում Տալլինի միջազգային բալետային մրցույթին և զբաղեցրել է երրորդ հորիզոնականը: Այս տարվա հունիսի 18-22-ը Լատվիայի մայրաքաղաքում տեղի ունեցած Բալթյան 4-րդ միջազգային բալետային մրցույթի ժամանակ ստացել է գլխավոր մրցանակը:

Վահագն Մարգարյան

Վահագն Մարգարյանը հանդես է եկել Ա.Խաչատրյանի «Գայանե» (Կարեն), «Սպարտակ» (Հովիվներ), Ժ.Բիզեի, Ռ.Շչեդրինի «Կարմեն» (Սպա), Պ.Չայկովսկու «Շչելկունչիկ» (Պադեդե), Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» (Պադեդե) և այլ ներկայացումներում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: