Հայերեն   English   Русский  

Փաշինյան. 350 հազար մարդ ճռռում է, 800 հազար մարդ ուզում է, որ նրանք ավելի շատ ճռռան


  
դիտումներ: 546

Աստանայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հայաստանի քաղաքացիներին կոչ է արել աշխատել։


Նա նշել է, որ շուտով Հայաստանում օրենսդրական փոփոխություններ են արվելու տնտեսական գործունեությամբ զբաղվելու հնարավորություններն ավելի հասանելի դարձնելու համար։

«Մեր հիմնական նպատակն է մարդկանց քաջալերելը, ինչպես հեղափոխության ժամանակ, մենք նրանց ասացինք՝ ժողովուրդ ջան, դուք հզոր եք, վեր կացեք, ձեր իրավունքներին տեր կանգնեք։ Հիմա նույն բանը բիզնեսին ենք ասում։ Հիմա մեր խնդիրն է, որ հարյուր հազարավոր մարդիկ տնտեսական առումով ինչ-որ մի բան անեն, ամեն մեկն իր չափով, որ մարդիկ հասկանան միայն աշխատանքով է հնարավոր լուծել այն խնդիրները, որոնք կան»,-նշել է նա։

Փաշինյանն ասել է, եթե շարժվեն տանը նստելու ու կառավարությանը սպասելու տրամաբանությամբ, այդ խնդիրները չեն լուծվելու։

«Այսօր Հայաստանում աղքատությունը շատ լուրջ խնդիր է ու դրա հաղթահարումն առաջին հերթին կառավարության պատասխանատվությունն է։ Բայց ես ուզում եմ մի բան ասել, արդյո՞ք կառավարությունը կարող է հաղթահարել այն ընտանիքի աղքատությունը, եթե ընտանիքի անդամներն իրենք որևէ բան չեն անում այդ իրավիճակը հաղթահարելու համար»,-նշել է նա։

Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը նշել է, գյուղերում իր հանդիպումների ժամանակ մարդիկ իներցիոյաով ասում են՝ «աշխատանք լինի, աշխատենք»։

«Հետո մի քիչ հարցուփորձ ենք անում, տեսնում ենք, որ նույն գյուղում, որտեղ մեզանից աշխատանք են պահանջում, թափուր աշխատատեղ կա, ու սեփականատերն ասում է, երկու տարի չի կարողանում երկու հոգու ընդունել աշխատանքի, որովհետև մարդիկ չեն գալիս աշխատելու, որովհետև աղքատության նպաստ են ստանում, էդ աղքատության նպաստն էլ ինչքան է, 25 հազար դրամ է։ Բանը հասել է նրան, որ մարդիկ իրենց կովերին մորթում են, որ աղքատության նպստ ստանան, հեռուստացույց չեն առնում, որ աղքատության նպաստ ստանան»,-նշել է նա։

Փաշինյանի խոսքով, Հայաստանում 350 հազար մարդ աշխատում է ու այս մարդկանց աշխատանքի արդունքը բաժանվում է 800 հազար մարդու միջև։

«800 հազար մարդ պահանջում է այդ 350 հազար մարդուց, 350 հազար մարդ ճռռում է, 800 հազար մարդ ուզում է, որ նրանք ավելի շատ ճռռան, մեր խնդիրն այն չէ, որ էս 350 հազար մարդուն բռնենք, այնքան քամենք, որ ասեն՝ չենք ուզում»,-ընդգծել է նա։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: