Հայերեն   English   Русский  

«Աստված ոչ անի, եթե Ազգային ժողովը լինի միահեծան». Ստեփան Գրիգորյան


  
դիտումներ: 355

«Սասնա ծռեր» կուսակցության ցուցակի երկրորդ համարն ընտրությունների ընթացքում կլինի քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Ժիրայր Սեֆիլյանը:

Ինքը Ստեփան Գրիգորյանը նշեց, որ այլ ուժերից նույնպես առաջարկներ ստացել է, սակայն նախընտրել է «Սասնա ծռերը»: Պատճառն այն է, որ, ըստ քաղաքագետի, նրանք ազնիվ են ու հայրենասեր:

«Մենք Սասնա ծռերի հետ փորձելու ենք կոտրել այն կարծրատիպն, ըստ որի՝ պատգամավորներն ամեն օր երես են փոխում, խաղացող են, ինտրիգան են և իրենց անձնական հարցերն են միայն լուծում»,- նշեց Գրիգորյանը:

Ստեփան Գրիգորյանի համար կարևոր է եղել նաև կուսակցության այն հայտարարությունը, որով այս ուժը հրաժարվել է բռնությունից և այդ էջը փակված համարել:

Քաղաքագետի խոսքով՝ միակ ուժն այսօր ՀՀ-ում, որ ունի «պատրաստված, լուրջ» ռազմավարական և մարտավարական հայեցակարգ , «Սասնա ծռերն» է:

Նա նաև շեշտեց, որ ինքը ընդգծվա պրոարևմտամետ գործիչ է և դա չի փոխվելու:

««Սասնա ծռերի» ծրագրում գրված է, որ պետք է աշխատենք արևմտյան ինստիտուտների հետ և համագործակցենք ԵՄ հետ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, Ստեփան Գրիգորյանը նշեց, որ բոլորը դեմ պետք է լինեն վասալային հարաբերություններին.«Սակայն մենք պետք է կողմ լինենք փոխշահավետ համագործակցությանը ՌԴ հետ»:

Ստեփան Գրիգորյանի կարծիքով, հենց Նիկոլ Փաշինյանի շահերցի է բխում, որ ԱԺ-ում երկրորդ հզոր ուժ լինի.««Սասնա ծռերն» այնքան խելոք գտնվեցին, որ հրավիրեցին ինձ՝ քաղաքագետին, հայտնի դեսպան Արա Պապյանին համագործակցելու, այլ դեմքեր ևս կան: Նրանք որոշեցին համահայկական ամբողջ ներուժը ներգրավել »:

Ստեփան Գրիգորյանն ընդգծեց՝ Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերի առջև.« Փայլուն հեղափոխություն, լուրջ զարգացումներ, բայց մի վտանգ մեզ սպառնում է. Աստված ոչ անի, եթե Ազգային ժողովը լինի միահեծան: Մի ուժ գերիշխի և նրա առաջ կանգնած լինեն նախկին ինչ-որ ուժեր: Դա շատ վտանագավոր է: Ազգային ժողովում պետք է լինեն «Քաղաքացիական պայմանագիրը», «Սասնա ծռերը», լիբերալ դաշտից պետք է լինեն ուժեր, սակայն ոչ հին ուժեր, ինչպես Հանրապետականը»,- ասաց քաղաքագետը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: