Հայերեն   English   Русский  

​Սիսիանցիների կախարդական փայտիկը


  
դիտումներ: 1985

Սյունիքի մարզի Սիսիանի տարաշրջանում, որ հայտնի է իր գեղատեսիլ վայրերով և ապշեցուցիչ բնությամբ (բավական է նշել Շաքիի ջրվեժը, Զորաց քարերը, Որոտանի կիրճը, լեռնային լճերն ու ջրամբարները), հեշտ չէ ապրելը:

Մեծ հեռավորությունը մայրաքաղաքից և մարզկենտրոնից, լեռնային լանդշաֆտը, երկարատև ու ցուրտ ձմեռները, որոշ բնակավայրերում ենթակառուցվածքների իսպառ բացակայությունը, անբարեկարգ միջհամայնքային ճանապարհները, փոխադրամիջոցների բացակայությունը, ո՞ր մեկն ասես: Թվում է, թե կյանքն այստեղ ծայրից ծայր խնդիր է, բայց ի տարբերություն շատ ավելի բարենպաստ ու բարեկեցիկ տարածաշրջանների, այստեղ տրտունջներ չես լսի: Ըստ երևույթին դժվարությունները մարդկանց աշխատասեր ու իմաստուն են դարձնում և ստիպում ապավինել միայն իրենց ձեռքերի ու մտքի ուժին: Դրանից է հավանաբար նրանց խաղաղ ու արժապատաիվ կեցվածքը:

Փաշինյանը Սիսիանում

Սակայն վերջերս այցելելով Սիսիանի համայնք՝ ուզում էինք հատկապես հասկանալ, թե ինչպես է, որ հեղափոխությունը Սյունիքի մարզ չի հասել, ինչպես հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանի ընտրություններից հետո: Գիտեինք, որ այստեղ էլ մայիսին հուզումներ են եղել, այստեղ էլ էին ճանապարհներ փակել, երբ իրենց ընտրած ՀՀԿ-ական պատգամավոր Ավետ Սարգսյանը, որ ի դեպ, Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի եղբայրն է, Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու օգտին չէր քվեարկել: Գիտեինք, որ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի մարզային այցերը մեկնարկել էին հենց Սիսիանից, որտեղ նրան ընդունել էին մեծ ոգևորությամբ: Ավելին, ելույթ ունենալով սիսիանցիների առջև և պատասխանելով նրանց հարցերին՝ այստեղ էլ Նիկոլ Փաշինյանը հավաստիացրել էր, որ բոլոր խնդիրների լուծման կախարդական փայտիկ գոյություն ունի՝ ժողովրդի վստահությունը: Ուստի հանդիպումների ժամանակ անընդհատ փորձում էինք խոսակցություն սկսել առկա խնդիրներից, քաղաքականությունից, հին ու նոր իշխանություններից, կուսակցություններից, նոր մարզպետի նշանակումից, ապագա ընտրություններից: Ոչինչ ստացվեց:

Փորձեցինք համայնքի դժվարություններից խոսել, հայտեցինք մեր այն տպավորությունը, որ շատերը մեծ թվով՝ 32 բնակավայր, Սիսիան քաղաքը ներառյալ, մի խոշորացված համայնք դարձնելը քննադատում են և գուցե արդարացի են, հատկապես որոշ գյուղերի տասնյակ կիլոմետրերով հեռավորության և վատ ճանապարհների պարագայում:

«Համայնքի չափն էական չէ, ոչ էլ մարդկանց թիվը,- մեզ հակադարձեց Սիսիանի համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իվանյանը: Պատմեց, որ մի համայնք, որի անունը չուզեցավ տալ, երկար ժամանակ բողոքել է վատ ճանապարհից: Վերջապես նորոգել են ճանապարհը, և դրանից հետո մի քանի տարում գյուղը դատարկվել է: «Ես Վրաստանում համայնքներ եմ տեսել, որոնք կարծես լրիվ կտրված են աշխարհից, բայց կարողանում են մնալ ու զարգանալ, նույնիսկ զգալի եկամուտներ ապահովել: Խնդիրներն իհարկե շատ են, բայց դրանք պետք է համակողմանի դիտարկել, բոլոր գործոնները հաշվի առնել: Սակայն առանցքայինը եղած և այլ ռեսուրսների ներգրավումն ու դրանք ճիշտ ժամանակին ճիշտ բաշխումն է: Կարելի է շատ հեշտ ու արդյունավետ կազմակերպել խոշորացված համայնքների գործընթացները, քանի որ ռեսուրսները կենտրոնացվում են: Բայց մեզ համար ամենից կարևորը մարդկային կապիտալն է, դրա որակը, մարդկանց գիտակցությունը, գիտելիքները, սեփական իրավունքներն ու պարտականություններն իմանալը և ճիշտ առաջարկներ ու պահանջներ դնելը: Այդ առումով շատ կարևոր է շարունակական կրթությունը՝ ոչ ֆորմալ դասընթացները, հատկապես՝ մեծահասակների համար, որպեսզի նրանք գիտելիքներ ձեռք բերեն և արդյունավետ մասնակցեն համայնքի կառավարման հետ կապված որոշումների ընդունմանը: Այդ առումով, իհարկե, մենք լուրջ անելիքներ ունենք»:

Զարմանալիորեն մեր մյուս զրուցակիցները նույնպես ամենից շատ կարևորում էին բնակչության կրթության, նրանց իրավական գիտելիքների մակարդակը բարձրացնելու հարցը: Ասում էին, որ շատ հարցեր ավելի հեշտ ու արագ կլուծվեին, եթե մարդիկ լավ իմանային թե կառավարման որ օղակից ինչ պետք է պահանջել և ինչպես:

Առավել քան հետաքրքիր էր մեր զրույցը Սիսիանի զբաղվածության տարածքային կենտրոնի ղեկավար Նաիրա Սարգսյանի հետ: «Սիսանում աշխատաշուկան շատ աղքատ է, քանի որ հիմնականում գյուղատնտեսական շրջան է: Կան ձեռնարկություններ քարի մշակման, կաթնամթերքների և այլ գյուղմթերքների վերամշակման, սպասարկման, տուրիզմի ոլորտներում, սակայն փոքր են՝ մինչև 40 աշխատատեղերով: Բավական է ասել, որ պետական հատվածում աշխատողների թիվը գրեթե հավասար է մասնավոր հատվածում աշխատողների թվին: Բացի այդ, արտադրանքն իրացնելու խնդիր ունենք, շուկան փոքր է: Եթե նախկինում արտագնա աշխատողներ գրեթե չունեինք և դրանով էապես տարբերվում էինք մյուս տարածաշրջաններից, վերջին շրջանում արդեն արտագնա աշխատանքի մեկնողների հոսք է նկատվում: Բայց այս պայմաններում էլ անում ենք հնարավորինը մարդկանց զբաղվածությունն ապահովելու համար, տարբեր գործիքներ ենք կիրառում, և կարող եմ ասել, որ սեպտեմբերի տվյալներով 143 հոգու տեղավորել ենք աշխատանքի»:

Ի պատասխան մեր այն նկատառմանը, թե Հայաստանում տարածված կարծիք կա, որ մարդիկ գերադասում են աղքատության նպաստ ստանալ, քան աշխատել, մեր զրուցակիցը, պատասխանեց, որ դա օբյեկտիվ պատճառներ ունի: Եթե մարդը 37 հազար դրամ նպաստ է ստանում, իսկ աշխատանքի ընդունվելիս նրան 45 հազար աշխատավարձ են առաջարկում, բնականաբար սկսում է մտածել՝ արժի՞ արդյոք: Հետևաբար խնդիրն այն է, թե ինչու գործատուն չի կարողանում ավելի բարձր աշխատավարձ առաջարկել:

«Բայց մեր ժողովուրդն աշխատասեր է և ուզում է աշխատել: Բացի այդ, պետք է հիշել, որ երկու անգամ հարմար աշխատանքից հրաժարվելու դեպքում մարդը զրկվում է գործազուրկի կարգավիճակից, հետևաբար՝ որոշակի միավորներից աղքատության գնահատման համակարգում: Այնպես որ ամեն ինչ այնքան միանշանակ չէ, որքան թվում է առաջին հայացքից: Մենք օրինակ՝ մինչև երեք տարեկան երեխաների խնամքի ապահովման ծրագիր ենք իրականացնում, որի շնորհիվ մայրերն իրենց աշխատավարձի կեսը տալիս են դայակին և հետծննդյան արձակուրդը չավարտված՝ գնում են աշխատանքի, որպեսզի չկորցնեն այն, հաշմանդամների ուսուցման ծրագիր ենք անում քոլեջի հետ, որի շնորհիվ հինգ հաշմանդամ այժմ արդեն զբաղվելու է մեղվաբուծությամբ, բազմաթիվ անմրցունակ անձանց ենք տեղավորում՝ ֆինանսապես շահագրգռելով գործատուներին, նորավարտներին ենք օգնում, որ գոնե երեք ամսվա աշխատանքային փորձ ունենան և այլն: Պետությունը մեզ տարբեր գործիքներ է առաջարկում, և ինչպես տեսնում եք, դրանց մեծ մասը հաջողություն են բերում»:

Երևան վերադառնալիս մեր կողքին մի երիտասարդ սիրունատես աղջիկ նստեց երեխայի հետ Շաքի գյուղից, ի պատասխան մեր զարմանքին, որ այդքան երիտասարդ արդեն հասցրել է երեխա ունենալ, ծիծաղեց: Պարզվեց՝ երեխան նրա երրորդ որդին է: Երբ հարցրինք, թե ինչպես է հաջողվում այդքան մեծ հոգսն ուսերին այդպես խնամված ու ժամանակակից տեսք ունենալ, նորից ծիծաղեց ու ձեռքերը ցույց տվեց, որոնք ծածկված էին կոշտուկներով. «Հա, մի զարմացեք,- ասաց,- և՛ տանն եմ աշխատում, և՛ հողի վրա: Բա իմ երեք երեխաներին ո՞վ պիտի պահի»:

Երևանում արդեն համացանցը փորփրելիս մեր աչքով մի տեսագրություն ընկավ ամռանը Սիսիանում կազմակերպված տոնակատարության վերաբերյալ, որի տակ՝ մեկնաբանություններում, մի երիտասարդ գրել էր. «Մեր քաղաքապետը լավն է էլի։ Ափսոս ՀՀԿ-ից է, բայց միևնույն է, ինքը մի ուրիշ կերպ է սիրում Սիսիանը և սիսիանցներին»։

Այնպես որ կարելի է ասել՝ սիսիանցիների կախարդական փայտիկը սերն է: Նրանք սիրում են իրենց Սիսիանը և սիսիանցիներին, հետևաբար վստահում են ոչ թե իշխանություններին, այլ իրենց ուժերին, անկախ նրանից, թե ով ինչ կուսակցության է պատկանում:

Անահիտ Հարությունյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: