Հայերեն   English   Русский  

Մենք սպասում ենք օբյեկտիվ և ամբողջական եզրակացության. «Այբ» հիմնադրամի գործադիր տնօրեն


  
դիտումներ: 1580

«Այբ» կրթական հիմնադրամը և ՀՀ ԿԳ նախարարությունը ստորագրել են համաձայնագիր և հետագա համագործակցության հուշագիր:

Համաձայնագրով երկու կողմերը դադարեցրել են Կրթության գերազանցության ազգային ծրագրի իրականացման շրջանակում համագործակցությունը։ Ի՞նչ է ենթադրում այս հուշագիրը, ինչ արդյունքներ գրանցվեցին ստուգումներից հետո, այս հարցերի շուրջ զրուցել ենք «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանի հետ:

-Վերջին մի քանի ամիսներին շատ է շահարկվում «Արարատյան բակալավրիատ» ծրագիրը, լսում ենք տարբեր գնահատականներ, հակադարձումներ, ի վերջո հիմա ի՞նչ փուլում է ծրագիրը:

- Կրթության գերազանցության ազգային ծրագրի ֆինանսավորումն այս պահի դրությամբ ունեցած փաստերով կարող եմ ասել, հոկտեմբերի 1-ից դադարեցված է և որպես պետական ծրագիր փակված է: Հիմնավորումն այն էր, որ երկար ձգձգվող գործընթացը, որը հենց այնպես մեկնարկեց մայսիսին, մի քանի հայտարարությունների հիման վրա, ոչ մի պաշտոնական եզրահանգման չէր գալիս։ Անվերջ ձգել այն գործընթացը, որի մեջ ներգրավված են բազմաթիվ աշխատողներ, շահառուներ և դա անորոշության մեջ առաջ տանելն արդեն մեզ համար որևէ նպատակայնություն չուներ: Եթե անորոշություն է լինելու և որևէ մեկս չենք իմանալու` ինչով ենք զբաղվելու այս ծրագրի շրջանակներում, և բազմաթիվ շահառուները մարզերում, որոնք սեպտեմբերի 1-ից սպասում էին ծրագրի ներդրմանը, չեն իմանալու՝ ծրագիրը ներդրվելու է, թե չէ, մեզ համար ավելի լավ է ծանր որոշակիությունը, քան անվերջ ձգվող անորոշությունը:

- Քանի՞ շահառուի մասին է խոսքը գնում:

- Շահառուները բազմաթիվ են, ծրագիրը փուլային էր և երկարատև, որը ներառելու էր վերջնարդյունքում գրեթե բոլոր ավագ դպրոցներին, աշակերտներին, ուսուցիչներին: Ուսուցիչների առումով թիրախավորում էինք մոտավորապես 2000 ուսուցչի, որոնք կվերապատրաստվեին ծրագրով: Մեր տեսլականը մինչև 2024 թվականն էր: Հետագայում հուշագրում նաև նշված է, որ երկու կողմերն էլ իրենց ջանքերը փորձելու են ներդնել ծրագրի շարունակականությունը մինչև լայն ճանաչումը պահպանելու համար: Եվ եթե Արարատյան բակալավրիատի ներդրման հետ կապված նոր քաղաքականություն մշակվի, Այբ հիմնադրամը պատրաստ է աջակցել: Այդ ցանկությունն ամրագրել ենք հուշագրով։ Որքանո՞վ այդ ցանկությունը իրականություն կդառնա, այս պահին չեմ կարող ասել:

- Կրթության և գիտության նախարարը նշանակման օրից բարձրաձայնում էր տարբեր ֆինանսական չարաշահումների մասին, աուդիտ իրականացվեց, բայց որևէ պաշտոնական հաղորդագրություն, վերջնական արդյունք այդպես էլ չհրապարակվեց:

- Մայիսին, երբ պարոն Հարությունյանն իր առաջին հայտարրությունն արեց մասշատաբային ուդիտ սկսելու վերաբերյալ և անգամ կանխորոշեց ինչպիսի արդյունքներ կլինեն, այդ ժամանակ մեկնարկեց եռօրյա ուսումնասիրություն, որը երկարացվեց ևս մի քանի օրով։ Բայց այդ ուսումնասիրության արդյունքն այդպես էլ չտրամադրվեց։ Փոխարենը փոխնարարը հարցազրույցներից մեկի ժամանակ փաստեց, որ ֆինանսական մասով նայել են, և չարաշահումներ չկան: Պաշտոնական եզրակացություն, որը կարելի է քննարկել, դրա հետ կապված կարծիք հայտնել, չեն տվել։ Հույս ունեմ, որ հիմա, երբ երկրորդ փուլով ուսումնասիրություն է սկսել նախարարությունը և ժամկետ է վերցրել մինչև նոյեմբերի 30-ը, ուսումնասիրությունը կամփոփի պատշաճ եզրակացությամբ, որը կտրամադրի նաև մեզ, և մենք կկարողանանք դրա վերաբերյալ կարծիք հայտնել:

- Ի՞նչ ուսումնասիրություն է կատարվում երկրորդ փուլում, եթե ֆինանասականն արդեն արվել է:

- Երկրորդ փուլում ստեղծվել են մի քանի աշխատանքային խմբեր, համակարգող թիմ, որոնք ինչպես ծրագրի բովանդակությանն են անդրադառանում, այնպես էլ՝ ֆինանսական կողմին։ Սակայն մինչ օրս մենք չունենք մեր ձեռքի տակ որևէ մեթոդաբանություն, որով կատարվելու է ուսումնասիրությունը։ Չգիտես թե ինչ հարցադրումների են պատասխանելու աշխատանքային խմբով, ինչ եզրակացության պետք է գան, ինչը ինչի հետ են համադրում, բայց գիտենք, որ խմբերը ստեղծված են, մեզանից որոշակի տեղեկություններ են վերցրել, նյութեր ենք տրամադրել իրենց, մի օր էլ ունեցել ենք փորձագետների հյուրընկալություն, էստեղ անմիջապես իրենց հետ աշխատել ենք բովանդակային մասով։ Մնացած մասերով թիմերի հետ չենք հանդիպել։ Նաև նախարարության ֆինանսական բաժինն է մեզ հետ զրուցել, որոշակի նյութեր է վերցրել ուսումնասիրության համար։ Կարծում ենք, որ հաջորդ շաբաթ կլինի համապատասխան եզրակացությունը: Մենք սպասում ենք օբյեկտիվ և հիմնավոր եզրակացության:

- Ծրագրի բովանդակային մասին անդրադառնալով՝ Արայիկ Հարությունյանը նշում է, որ այս ձևով գնում ենք դպրոցների էլիտարացման ու առանձնացման:

- Չէի ուզենա որակումների մակարդակով հարցին պատասխանել: Ներդրման պահին որպես պետական ծրագիր այն բխել է կրթության ռազմավարությունից, երկրի համար մշակված ռազմավարությունից։ Այն, ինչ մենք էինք անում և ինչին մենք էինք հավատում, մենք բոլորովին չէինք դիտում որպես էլիտարացում։

Դպրոցներ այցելությունների, բազմաթիվ հանրային լսումների, մարզային դպրոցներին ներգրավելու ազատության արդյունքում ունեցանք մեծ թվով դպրոցներ, որոնք դիմում էին ծրագրին։ Կային դպրոցներ, որտեղ պետք է այս տարի առաջին փուլով ներդրվեր ծրագիրը։ Եթե դիտարկում ենք, թե այս գործընթացի արդյունքում որքան շահառուներ կան այնտեղ, նաև ներսից իմանալով, թե ինչ մեխանիզմներ էինք մշակել, որպեսզի նույն ուսուցիչները դասավանդեին բոլոր աշակերտներին՝ անկախ նրանից՝ նրանք Արարատյան բակալավրիատի ծրագրով են ուսանելու թե ոչ, եթե դիտարկում ենք այն, որ դպրոցը պետք է դառնար կարևոր համայնքային կենտրոն, գտնում ենք, որ ծրագիրն էլիտարացման տարրեր չուներ:

Իսկ այն, որ մեր երկրում պետք է լինեն ուժեղ ակադեմիական գիտելիքներով երեխաներ, ազգային կրթական ծրագրով կրթված երեխաներ, ովքեր մրցունակ կլինեն աշխարհի մակարդակով, մենք դրան հավատում ենք և կարծում ենք, որ այդ առումով մեր բռնած գործը ճիշտ է:

Նշենք, որ Արարատյան բակալավրիատը միջազգայնորեն ճանաչված հայալեզու հանրակրթական ծրագիր է՝ նախատեսված Հայաստանի, Արցախի և սփյուռքի համար։ Ստեղծվել է «Այբ» կրթական հիմնադրամի ու Քեմբրիջի համալսարանի կողմից և լրամշակվել Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում։

Տաթև Միրզոյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: