Հայերեն   English   Русский  

​Հետհեղափոխական տնտեսություն. Կառավարությունն ասում է՝ աճ, մասնագետներն ասում են՝ անկում


  
դիտումներ: 1453

Սկսենք ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 1-ի ԱԺ-ի ելույթից, որտեղ նա ասում է, թե 2018թ. առաջին 9 ամիսների ընթացքում ներդրումներն աճել են 70 տոկոսով՝

բացի հանքարդյունաբերության ոլորտից, իսկ աշխատատեղերը՝ 30 տոկոսով, նաև ավելացնում է, որ 2018թ. առաջին 9 ամիսների ընթացքում կապիտալ ապրանքների ներկրումն աճելէ 75.5 տոկոսով. «Խոսքը սարքեր, սարքավորումներ, մեքենաներներ կրելու մասին է, և վերլուծությունը ցույց է տալիս, որ այս ներկրումները մեծ մասամբ չեն վերաբերում հանքարդյունաբերության ոլորտին։ 2018թ. ընթացքում շուրջ 29 տոկոսով աճել է հումքի ներկրումը, որը, բնականաբար, պետք է օգտագործվի արդյունաբերության մեջ»։ Փաշինյանը հավելում է, որ արդյունաբերության ոլորտում այս տարվա սեպտեմբերին արձանագրվել է 0.9 տոկոս աճ, ինչը, ըստ նրա՝բավական ցածր է նախորդ տարվա սեպտեմբերի նկատմամբ, նաև նշում է, որ վարկային տոկոսադրույքները ևս նվազել են. «2018թ ֆիզիկական անձանց տրվող դրամավարկային միջին տոկոսադրույքը նվազել է մոտ 2.9 տոկոսով»։

Հիմա մեջբերեմ ԱԺ արդեն նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի ելույթից մի հատված, որը տեղի է ունեցել նույն օրը՝ նոյեմբերի 1-ին, նույն դահլիճում: «Հիմա փաստերով խոսենք։ Ներդրումային միջավայրի մասին.առաջին եռամսյակի համեմատ երկրորդ եռամսյակում ներդրումները երեք անգամ պակասել են։Երկրորդ՝այս բյուջեով գրված էր 6.5 տոկոս տնտեսական աճ, իսկ հաջորդ տարվա բյուջեի նախագծով սպասում ենք 4.9 տոկոս աճ, 3.5 տոկոս գնաճ է նախատեսվում և 0 տոկոս աշխատավարձերի բարձրացում։ Երրորդ՝ 10–15 աշխատատեղ բացում եք, «Հայլուրը» մի շաբաթ ցույց է տալիս, այն դեպքում, որ Ալավերդիի պղնձաձուլական գործարանը փակվում է, 650 աշխատող մնում է առանց աշխատանքի»,–ասում է Շարմազանովը:

Այսպիսով, արդեն տեսնում ենք հակասություն, և նույնը՝ տնտեսագետների շրջանում. ոմանք ասում են, թե ամեն ինչ լավ է, ոմանք էլ ասում են, թե ամենևին էլ լավ չէ: Իսկ եթե նայում ենք ոչ մասնագետի հայացքով, այլ շարքային քաղաքացու անզեն աչքերով և որպես չափորոշիչ ընդունում միջին վիճակագրական քաղաքացու տան սառնարանի պարունակությունը, ապա տեսնում ենք, որ այդ սառնարանի պարունակությունը գնում է դեպի նվազում մի պարզ պատճառով՝ ապրանքների գները աճում են, իսկ աշխատավարձերը չեն բարձրանում, չնայած որ մարդկանց ակնկալիքները հեղափոխությունից լիովին այլ էին: Սրան էլ ավելացնենք այն իրողությունը, որ Նիկոլ Փաշինյանը ապրիլին և մայիսին խոսում էր տնտեսության թռիչքաձև զարգացման, նաև արտաքին պարտքը նվազեցնելու անհրաժեշտության մասին, բայց մեկ ամիս առաջ տեսնում ենք, որ կառավարությունը 90 միլիոն դոլարի նոր վարկ է վերցնում հենց արտաքին պարտքը մարել չկարողանալու պատճառով, այսինքն արտաքին պարտքը նվազելու փոխարեն ավելանում է: Հետևաբար, այս տեսանկյունից նայելով, պետք է խոսենք ոչ թե տնտեսության թռիչքային զարգացման, այլ՝ տնտեսական անկման մասին, չնայած այստեղ բոլորը չէ, որ կհամաձայնվեն: Օրինակ՝ ԱԺ նախկին փոխխոսնակ, տնտեսագետ Միքայել Մելքումյանը ասում է, որ 2018-ի հունվարից սկսած՝ 6,5 տոկոս տնտեսական աճ կա, իսկ ամենաշատ անկումը եղել է գյուղատնտեսության ոլորտում, ինչը, սակայն, սեզոնային բնույթ է կրում: Մելքումյանը նաև նկատում է, որ խնդիր կա արտահանման հետ կապված, ինչի արդյունքում աճը դանդաղել է: Մեզ հետ զրույցում նա իրողությունը մեկնաբանեց այսպես. «Խնդիրն այն է, որ կառավարությունը հիմա ուզում է կառուցվածքային տեղաշարժերի վրա լինի տնտեսությունը, որը ես դրական եմ գնահատում, այսինքն՝ ագրարային տնտեսությունից գնում ենք դեպի բարձր տեխնոլոգիական վեկտոր ձևավորելուն: Դրական եմ համարում նաև համակարգային կոռուպցիայի լիկվիդացիան»: Մելքումյանը գտնում է, որ պետք է ճիշտ քայլեր իրականացնել 2 ուղղությամբ՝ ներդրումների պաշտպանություն և մաքսային ու հարկային ճիշտ քաղաքականություն: Օրինակ, միկրոբիզնեսը, ըստ նրա, պետք է ազատվի հարկերից:

Միքայել Մելքումյանը լավատես է, նա ակնկալում է, որ արտահերթ ընտրությւոններից հետո կլինի լավացում, իշխանական բուրգը կամբողջանա, կհաստատվեն խաղի հստակ կանոններ, ինչը դրական կլինի տնտեսության զարգացման համար: Այս լավատեսությունը, սակայն, չեն կիսում այլ տնտեսագետներ: Օրինակ ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը դեռ հոկտեմբերի 22-ին անդրադառնալով այս խնդրին՝ իր ֆեյբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է՝ «տնտեսական աճի տեմպը շարունակում է գահավիժել։Այն կազմում է 6.5%։ Թավշյա հեղափոխության օրերին 9.7% էր։ Իրավացի դուրս եկա` 2 օր առաջ Ա.Աբրահամյանին հյուրընկալվելիս կանխատեսելի էի անկման խորացում։Նկատի ունենալով 2017-ի հոկտեմբեր-դեկտեմբերի ՀՆԱ աճի բարձր տեմպերը՝ կանխատեսում եմ մինչև տարեվերջ աճի տեմպի անկում, իսկ 2019-ի առաջին ամիսներին ռեցեսիա։Արագորեն անկում է ապրում նաև արտահանումը, ինչը կարող է հանգեցնել դրամի արժեզրկման 3-6 ամսվա ընթացքում»։

Տնտեսագետ Արթուր Մկրտչյանը գտնում է, որ տնտեսական աճ չկա, այլ կա անկում, մասնավորապես վերջին 3 ամիսներիընթացքում՝ միջինըամսական 2-3 տոկոս: Իսկ ինչ վերաբերում է ստվերի կրճատմանը, որի մասին վերջերս խոսում են իշխանությունները, ապա դա, ըստ նրա, «հակադարձէֆֆեկտունեցավուշատփոքրձեռնարկություններփակվեցին: Այդ ձեռնարկությունները եթե նախկինումնվազագույնհարկէինտալիս,ապաստվերիկրճատման արդյունքումուղղակիփակվեցին, իսկ երբ արդեն ստվերի անվան տակ կպան խոշոր բիզնեսին ու գումարներ տարան, դաէլհակադարձէֆֆեկտտվեց: Այդմասինբարձրաձայնել էնաևԽաչատուրՍուքիասյանը»:

Ներդրումների պակասումը Արթուր Մկրտչյանը կապում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի գործոնի հետ: Ըստ նրա՝ հեղափոխությունից հետո դադարեցվեցին բազմաթիվ ներդրումային ծրագրեր, որոնք կատարվում էին Կարեն Կարապետյանի ջանքերով: Բացի այդ, հեղափոխության պատճառով փակվեց հանքարդյունաբերության զգալի մասը, և տեղի ունեցավ ֆինանսների արտահոսք:

Մկրտչյանը նաև հավելում է, որ «ստվերը իրականում չի էլ կրճատվել, քանի որ մեր բանակը ֆինանսավորվում է ստվերի հաշվին: Բանակի ֆինանսավորումը տարբեր տարիներին եղել է 250-350 մլն դոլլար բյուջեով, բայց դա բավականացնում է միայն աշխատավարձին և հագուստ-վառելիքին, իսկ սնունդը գնվում է իրական գնից անգամներով էժան Սամվել Ալեքսանյանից, և դա փաստ է: Այսինքն,տարբերությունը ֆինանսավորվում է Սամվելի գրպանից: Զենքը մենք ձեռք ենք բերում ՌԴ-ից, հիմնական մասը՝ դուրս գրման գնով: Այսինքն՝ դա բյուջեով կոպեկներ է, բայց դրա փոխարեն վճարում ենք կանխիկով այնտեղի չինովնիկներին, սակայն, բնական է,ոչ իրական արժեքի չափով: Այլ կերպ անել չենք կարող, քանի որ բյուջեն 2.5-2.7 մլրդ է, և բանակի ծախսերը մաքսիմում պետք է լինեն 20 տոկոս,ևդա կլինի մաքսիմում 500 մլն դոլար: Իսկ Ադրբեջանի բանակի բյուջեն տարի է եղել, որ մեր պետական բյուջեի չափ է եղել, հետևաբար որպե սզի դիմակայենք, օլիգարխներից տարեկան 1 մլրդ դոլարի չափ սևով բանակի գումար է վերցվում: Եվ այդ օլիգարխները հիմա էլ են տալիս, ու դրա համար էլ վարչապետըհայտարարեց,որօլիգարխչկա, դրա համար էլ ստվերի կրճատման հաշվին հարկային մուտքեր չավելացան»:

Ինչ վերաբերում է հարկային մուտքերի ավելացմանը, Արթուր Մկրտչյանի համոզմամբ՝ հարկային մուտքերը ավելացել են գյուղմթերքի հաշվին. եթե նախկինում գյուղմթերքը չէր հարկվում, ապա հիմա այն կիսով չափ հարկվեց, և հենց դա էլ դարձավ գյուղմթերքի 30 տոկոս թանկացման պատճառ, որն էլ իր հերթին բումերանգի էֆեկտով կրճատեց արտահանումը: Մկրտչյանը օրինակ է բերում ծիրանի համար. «Քանի որ նախկինում,օրինակ,ծիրանը տեղում էժան էր, մենք սպառում էինք համեմատաբար ցածր որակի ծիրանը,լավը արտահանվում էր: Այս մասով գյուղացին կրկնակի շահույթ ուներ: Հիմա՝ գինը բարձրացավ, տեղում լավը վաճառվեց,վատը մնաց»:

Տնտեսագետ Արա Պետրոսյանը անկման հիմնական պատճառը տեսնում է ոչ հմուտ կառավարման մեխանիզմների մեջ: Մասնավորապես եթե խոշոր ընկերությունները, ըստ նրա, սկսեն ԱԱՀ մուծել շրջհարկի փոխարեն՝ ունենալով գերակայող դիրք, իրենք էլ, բնական է, կթելադրեն գները: Եվ սա հանգեցնում է գնաճի:

Արա Պետրոսյանի համար մեր տնտեսության վիճակը խիստ մտահոգիչ է, մասնավորապես արտաքին պարտքի սպասարկման հետ ու կառավարության՝ վերջերս վերցրած 90 միլիոն դրամ նոր վարկի հետ կապված. «Մենք չենք կարողանում մեր արտաքին պարտքը սպասարկել, պարտք ենք վերցնում, որ մյուսը փակենք, և սա այն պայմաններում, երբ արձանագրել ենք, որ տարվա սկզբից տնտեսական աճ ենք ունեցել: Բա եթե մյուս տարի 0,2 տոկոսով գնացինք, ավելի վատ է լինելու վիճակը, տարվա սկզբից 7,5 աճ ունեինք, այսինքն՝ մյուս տարի 90 միլիոնը ավելանալու է»:

Տնտեսագետի խոսքով, խնդիրը էմոցիոնալ վերաբերմունքների մեջ է. «Էմոցիոնալ վերաբերմունքները տնտեսական խնդիրներին երբեք լավ բանի չեն բերում: Օրինակ՝ ստվերի կրճատումը էմոցիոնալ տեսակետից լավ բան է, բայց այդ ստվերի միջոցով ապահովում էին շատ հարցեր: Հիմա որ 10 տոկոսով բանկային դեպոզիտները ավելացրել են, դա տնտեսության մեջից հանած փող է… Նորը չկայացած հինը չեն քանդում: Եթե ստվերում այդ փողը պտտվում էր, հիմա դա բանկերում է դրված և օգուտ է բերում արտերկրին ու մեր վաշխառուներին, իսկ մեր երկրին օգուտ չի բերում, իսկ եթե ստվերում պտտվեր, ժողովրդի համար ինչ-որ բան դառնում էր, բյուջեին օգուտ չկար, բայց ժողովրդին կար: Իսկ հիմա՝ ոչ բյուջեին, ոչ ժողովրդին: Նման բաները միանգամից չեն անում, քիչ-քիչ են սևից անցնում սպիտակի»:

Տնտեսության անկման այս համատեքստում հասարակության համար ամենացավոտ հարցերից մեկը թոշակների ու աշխատավարձերի բարձրացումն է, որը ներկայիս գնաճի պայմաններում այդպես էլ տեղի չի ունենում, չնայած փորձեր արվել են ներկայացնելու, թե որոշ տեղերում ինչ-ինչ բարձրացումներ եղել են: Այս հարցին մեզ հետ զրույցում անդրադարձել է ՀՅԴ ԳՄ անդամ, տնտեսագետ Արմեն Գրիգորյանը.«Աշխատավարձերի բարձրացումը բացատրել կուտակային կենսաթոշակային համակարգում կատարվող փոփոխություններով ընդամենը շղարշ է, ի՞նչ է կատարվել իրականում, իրականում լրացուցիչ 80000 (հուլիսի 1-ի դրությամբ, իսկ մինչև տարվա վերջ կհատի լրացուցիչ 100000-ը)աշխատողներից պահվում են 2.5% կուտակային կենսաթոշակի գումարներ: Այս երևույթին զուգահեռ՝ ծանրացել են լրացուցիչ ծախսեր բյուջեի վրա, այսինքն՝ 2018 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին միջին աշխատավարձը կազմում է 169505 ՀՀ դրամ, որի 7.5%-ը 300000 մարդու դեպքում կկազմի տարեկան 95.0 միլիոն դոլար: Այսինքն որքան ավելանա աշխատավարձերը այնքան 7.5%-ի չափաբաժինը մեծ է լինելու, սուղ բյուջեի պայմաններում ուղղակի անհնար է այս տեսակի լուծումներով վարել աշխատավարձի ավելացմանն ուղղված քաղաքականություն»:

Իսկ ի՞նչ է պետք անել. Արմեն Գրիգորյանն առաջարկում է փոխել ամբողջ մոդելը, հակառակ դեպքում առաջարկվող ռեգրեսիվ մոդելով հետագայում աշխատավարձերի բարձրացումը չի ազդելու մինչև 150 հազար դրամ ստացողների վրա, այլ բարձր աշխատավարձ ստացողը կստանա ավելի շատ, իսկ ցածր ստացողը կստանա նույնը: Գրիգորյանը կարծում է, որ աշխատավարձի բարձրացման ներկայացնելու հաջորդ գործողությունը լինելու է ավելի ուժգին հարվածով, երբ կկատարվեն կրճատումներ պետական և հանրային բոլոր ոլորտներում, ինչպես նոյեմբերի 1-ին ակնարկեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը: «Հնարավոր է, որ իջեցված հարկի դրույքաչափերով հարկել բոլորին և հարկային եկամուտները եկամտային հարկից տեղափոխել մեկ այլ հարկի կիրառման դաշտ, օրինակ անուղղակի հարկերի դրույքաչափերի ավելացմամբ, ինչպես ոչ պաշտոնական կերպով դրվել է շրջանառության մեջ, ավելի կխորացնի սոցիալական անարդարությունը: Այսպիսի հարկային ռեգրեսիվ մոտեցումը բերելու է գնողունակության անկման, քանի որ ապրանքների գները արհեստական կարող են բարձրանալ և ցածր եկամուտ ունեցողների համար լինեն լրացուցիչ խնդիրներ: Պետք է հակառակն անել որդեգրելով մի սկզբունք, շատից՝ շատ, քչից՝ քիչ»,- ասում է Արմեն Գրիգորյանը:

Ընդհանուր առմամբ, իշխանությունները արդեն հայտարարել էին, որ 2019-ին աշխատավարձերի բարձրացում նույնպես չի սպասվում, նաև չկա որևէ երաշխիք, որ գնաճը նույն տեմպերով չի շարունակվի: Մյուս կողմից էլ՝ ձեռնարկությունների փակվելը և այդպիսով աշխատատեղերի կրճատումը խոսում են այն մասին, որ ոչ միայն թռիչքաձև, այլ առհասարակ տնտեսության զարգացման մասին մոտ ապագայում խոսք չի լինի, դրա փոխարեն կարող է աճել սոցիալական դժգոհությունը հասարակության շրջանում:

Աղբյուրը՝ FaceBlog





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: