Հայերեն   English   Русский  

​ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂՈՐԴԵՆՔ, ՀԱՅՏՆԵՆՔ, ԻՍԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՊԱՐԶԵՆՔ, ԲԱՑԱՏՐԵՆՔ ՈՒ ՄԵԿՆԱԲԱՆԵՆՔ՝


ԽՆԱՅԵԼՈՎ ՓՈԽԱՆՑԵԼ ԲԱՅԸ


  
դիտումներ: 1427

Ի՞նչ է նշանակում փոխանցել բայը։Փոխանցել նշանակում է «որևէ բան մեկը մյուսին տալով՝ հանձնելով տեղ հասցնել»։ Նշանակում է նաև «ավանդել», «թողնել», «տալ», «հաղորդել»։

Կարող ենք փոխանցել իշխանությունը (ցանկալի է՝խաղաղ ճանապարհով), դպրոցում՝ գիտելիքը, գրասենյակում՝ դիմումը, բողոքը, փոխանցվում են դրամական միջոցները, հասույթը, նույնիսկ օրհնությունը։ Այսպես, օրինակ․

«Ողջ հասույթը փոխանցել է բարեգործական հիմնադրամին»։

«Դիմումները շարունակեցին փոխանցել դատախազությանը»։

«Բանկը պարտավոր է հաշվից դրամական միջոցներ փոխանցել վճարային փաստաթուղթը բանկ մուտք գործելու հաջորդ օրը»։

«Ասաց, թե ինքը չի տեսնում այն քաղաքական ուժին, որին կարելի է փոխանցել իշխանությունը»։

«Հայրապետն իր օրհնությունն է փոխանցել ողջ հոգևոր դասին ու սիրեցյալ համայն ժողովրդին»։

Զանգվածային տեղեկատվության միջոցները հաճախ չարաշահում են փոխանցել բայի գործածությունը՝անվերջ փոխանցելով լուրեր այս կամ այն երկրից, մամուլի ծառայությունից, պետական կառույցից և այլն։ Այսպես․

«Ինչպես մեզ փոխանցեցին ՀՔԾ-ից, Չարյանը կասկածվում է Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և2-րդ մասով»։

«Երեկ Բեյրութից մեզ փոխանցեցին, որ Սարգսյանի հետ հանդիպումն անցել է լարված»։

«Առողջապահության նախարարը Ամանորը դիմավորելու է Հայաստանում»,- փոխանցեց ԱՆ մամուլի քարտուղարը»։

Փոխանցել բառն այս իմաստով գործածելու չարաշահման մեջ դեր ունեն ռուսերենի «передавать» բառով համանման նախադասությունները: Հայերեն կարող էին ասել. «... տեղեկացնում են ՀՔԾ-ից», «...Բեյրութից հայտնեցին», «... հաղորդեց ԱՆ մամուլի քարտուղարը»:

Տարածված սխալ է «փոխանցել իրավիճակը» արտահայտությունը։

Ի՞նչ է իրավիճակը.այն գոյություն ունեցող վիճակն է, այսինքն՝ իրադրություն, իրերի դրություն, պայմաններ, հանգամանքներ։ Կարո՞ղ ենք փոխանցել վիճակը, իրադրությունը, իրերի դրությունը։Իհարկե ոչ։ Իրավիճակը պարզում ենք, լուսաբանում, բացահայտում, բացատրում, մեկնաբանում, իրավիճակին նաև ծանոթացնում ենք: Այսպես.

«Համաժողովը լավ առիթ է եղել Ջուղայում տիրող իրավիճակը ներկայացնելու համար»։

«Նամակը չպիտի ցույց տար․իրավիճակը պարզելու փոխարեն ավելի խճճեց»։

«Քաղաքապետը խոչընդոտում էր բոլոր նրանց, որոնք փորձում են իրավիճակը լուսաբանել»։

«Վերլուծաբանն իրավիճակը բացատրել է Հայաստանում ժողովրդավարության վիճակի վատթարացմամբ»։

«Այս իրավիճակը մեկնաբանելու խնդրանքով դիմեցինք բեռնափոխադրումներ իրականացնող խոշոր ընկերություններից մեկին»։

«Նման իրավիճակը բացահայտում է, որ մենք գործ ունենք դասական բռնատիրության հետ»։

Լեզվի կոմիտեն հորդորում է․

  • 1.չչարաշահել փոխանցել բայը և տեղեկությունը հաղորդել, հայտնել, մեկնաբանել,պարզաբանել կամ էլ ուղղակի տեղեկացնել,
  • 2.իրավիճակը ոչ թե փոխանցել, այլ պարզել, լուսաբանել, բացահայտել, բացատրել, մեկնաբանել, ծանոթացնել։

ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: