Հայերեն   English   Русский  

Ինչպիսի՞ն են տեսնում կրթությունը 11 քաղաքական ուժերը


  
դիտումներ: 987

Այսօրվա կրթական ծառայությունների շահակիցը վաղվա տնտեսության շարժիչն է։ Հետևաբար ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի՝ կրթությանը վերաբերող ծրագրերն ուսումնասիրելով հնարավոր կլինի հասկանալ, թե նրանցից որոնք են ապագայամետ։

Նշենք, որ կրթությունն այն ոլորտներից է, որին անդրադարձել են բոլոր 11 կուսակցություններն ու դաշինքները։

«Իմ քայլը» դաշինքի ծրագրում այս ոլորտը ամենամանրակրկիտներից է ներկայացված։ Բաժինը վերնագրված է «Ներառական, մրցունակ կրթական համակարգ եւ զարգացած գիտություն»։

«Կրթության ոլորտի մեր տեսլականը միտված է պատասխանելու հետեւյալ հարցերին` ի՞նչ գիտելիք, հմտություններ և անձնային հատկանիշներ են անհրաժեշտ առաջիկա տասնամյակներում հաջողակ լինելու եւ դրանք իրացնելու համար, և ինչպե՞ս կարող է պետությունը բարեփոխել կրթական համակարգը, որպեսզի նպաստի այդ հմտությունների եւ կարողությունների ձևավորմանը:

Կրթության և գիտության պետական ֆինանսավորումը սերտորեն կապակցելու ենք պետության զարգացման ռազմավարությանը և գերակայություններին: Մեզ համար առանցքային են սովորողների ճանաչողական, անձնային և միջանձնային հմտությունների զարգացումը, ուսուցիչների կարողությունների զարգացումը և մասնագիտության հեղինակության բարձրացումը, անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացումը, ինչպես նաև կրթություն-գիտություն-աշխատաշուկա կապի ամրապնդումը»,- հայտարարում է «Իմ քայլը»։

Անդրադառնալով քայլերին, որոնք կօգնեն հասնելու սահմանված նպատակներին, քաղաքական ուժը շեշտադրում է կրթության ներառականությունը, նախադպրոցական կրթության որակի և հասանելիության բարձրացումը, հանրակրթությունում բնագիտամաթեմատիկական առարկաների և օտար լեզուների դասավանդումը ցածր դասարաններից։ «Երեք օտար լեզուների տիրապետող քաղաքացին պետք է դառնա սովորական երևույթ մեր իրականության համար»,- ասված է ծրագրում։ Դաշինքը խոստանում է նաև քայլեր ձեռնարկել ուսուցչի հեղինակության և աշխատավարձի բարձրացման ուղղությամբ։

Նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում «Իմ քայլը» նախատեսում է մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ դուալ կրթության ձևաչափեր մշակել, ինչպես նաև մարզերում առաջարկվող կրթությունը համապատասխանեցնել տվյալ մարզի տնտեսական գերակայություններին։

Բարձրագույն կրթության ոլորտում շեշտադրվում է բուհերի կրթական ծրագրերի արդիականացումը։ «Համալսարաններին պատվիրակելու ենք պետության համար առաջնահերթ համարվող մի շարք հետազոտությունների իրականացումը, ինչը նաև տանելու է համալսարանների գիտահետազոտական կարողությունների զարգացմանը: Վերանայելու ենք բուհերին տրամադրվող ֆինանսական միջոցների կառուցվածքը և թիրախայնությունը` մշակելով ֆինանսավորման մրցակցային մոդել և արդյունքում մեծացնելով պետական միջոցների օգտագործման արդյունավետությունը»,- ասվում է ծրագրում:

Փաստաթղթում կարևորվում է նաև կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդումը։ Իսկ մասնագիտական կողմնորոշման մասին նշվում է․ «Ավարտական դասարաններում տրամադրելու ենք ամբողջական տեղեկատվություն առկա մասնագիտությունների պահանջարկի, կարիերայի զարգացման հնարավորությունների, աշխատավարձի մասին` ապահովելով աշակերտների տեղեկացված որոշումների կայացումը»։

«Մենք» դաշինքը ևս կրթությանը բավականին ընդարձակ տեղ է հատկացնում՝ սակայն միայն բարձրագույն կրթությունն է շեշտադրում։ Հանրակրթության ոլորտում դաշինքը բավարարվում է մանկավարժներին աշխատավարձի բարձրացում խոստանալով, իսկ նախադպրոցական կրթությունն ընդհանրապես անտեսված է։

Բաժնի խորագիր-կարգախոսն է․ «Կրթությունը պետք է ապահովի արժանապատիվ աշխատանք: Արժանապատիվ աշխատանքը պետք է երաշխավորի բարեկեցիկ ներկա և անհոգ ծերություն»։

Դաշինքը նախատեսում է բարեփոխումներ՝ բուհերի ինստիտուցիոնալ և ներքին կառավարման մակարդակներում, գիտելիքի ստեղծման ու ձևավորման գործընթացում՝ միջդիսցիպլինար և տրանս-դիսցիպլինար մոտեցումների լայնորեն կիրառմամբ, կրթական մոդելում, այն է՝ բուհերում դասավանդման և ուսուցման այնպիսի մեթոդների ներդրում, որոնք կնպաստեն քննադատական և ստեղծագործական մտածողության զարգացմանը։

Նախատեսվում է նաև բնագիտամաթեմատիկական ոլորտի կրթության խրախուսում, շարունակական կրթության արդյունավետ համակարգի ստեղծում և զարգացում, դասախոսների աշխատավարձի բարձրացում։

Միջին մասնագիտական կրթության ոլորտում դաշինքը խոստանում է միջին մասնագիտական կրթություն ունեցող աշխատուժի պահանջարկի ավելացում աշխատաշուկայում։

Կրթության խնդիրները ոլորտ առ ոլորտ քննարկում ու լուծման իր մոտեցումներն է ներկայացնում «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը։

Կրթության ոլորտում ՔՈ ՍԴԿ-ն արձանագրում է․ «Կրթությունը պետք է հիմնվի նաև հավասար հնարավորությունների սկզբունքի վրա և կախված չլինի ծնողի նյութական հնարավորություններից ու երեխայի ընդունակություններից:

Մանկավարժի ստեղծագործական ազատությունը, ուսումնական ծրագրերի և դասավանդման մեթոդների երեխայակենտրոնությունը և երեխաների՝ ծնողների աշխարհայացքին համապատասխանող որակյալ կրթություն ստանալու հավասար հնարավորությունները հանդիսանում են ժամանակակից կրթահամակարգի ձևավորման երեք կարևորագույն սկզբունքները»։

Մինչ հանրակրթությունում առաջարկվող բարեփոխումներին անդրադառնալը կուսակցությունն ընդարձակ ցանկ է ներկայացնում, թե երեխայի, ծնողի, ուսուցչի և կրթական հաստատության որ իրավունքների ապահովման վրա պետք է ուշադրություն դարձնել։ Դրանցից են դրամահավաքների բացառումը, կրկնուսույցների ինստիտուտից հրաժարումը, քաղաքական ճնշումներից և պաշտոնեական կամայականություններից զերծ մնալը և այլն։

Մասնագիտական կրթության ոլորտում ՔՈ-ն արձանագրում է․ «ՄԿՈՒ ոլորտի կարևորագույն խնդիրներից է կրթության որակի բարձրացումը՝ ապահովելով համակարգի արդյունավետ գործունեությունը՝ քաղաքացիների` իրենց ձգտումներին և ընդունակություններին համապատասխան կրթություն ստանալու հավասար պայմաններում»։

Կուսակցությունն առաջարկում է բարելավել կրթության բովանդակությունը և չափորոշիչները, հզորացնել դասավանդող և կառավարող կադրերի կարողությունները, կրթական ծրագրերը համապատասխանեցնել սոցիալ-տնտեսական զարգացման պահանջներին, մշակել և ներդնել ուսուցման կարճաժամկետ ծրագրեր և այլն։

Կարևորվում է նաև գործատուների ներգրավումը կրթական գործընթացում, միջազգային համագործակցության ընդլայնումը և այլն։

Կուսակցությունը մեծ տեղ է հատկացնում նաև մեծահասակների կրթությանը։ «Մեծահասակաների կրթության գործընթացում անհրաժեշտ է մեկտեղել ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական համակարգերի առավելությունները՝ տալով նոր հնարավորություններ, ուղի հարթելով զարգացման և ինքնակրթման համար, օգնելով մեծահասակներին /ծնողներին/ երեխաների հետ շփումներում, ակտիվացնելով մարդկանց քաղաքացիական մասնակցությունը, ստեղծագործական ու մշակութային ակտիվությունը։

Մեծահասակների կրթության ապահովումը նպատակ ունի նպաստելու համընդհանուր բարեկեցությանը՝ օրինակ՝ վաղ տարիքում չստացած կրթության պակասը լրացնելով, որը կարող է էապես նպաստել և ակտիվացնել մեծահասակների հանրային ներգրավվածությունը հասարակական կյանքի, որոշումների կայացման գործընթացում: Պետությունը պետք է սահմանի, խթանի և հետամուտ լինի ցկյանս ուսումնառության մեխանիզմների ապահովմանը, շարունակական բարելավմանը և զարգացմանը»,- նշվում է ծրագրում։

Իսկ ահա «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նախատեսում է կրթության ոլորտի ֆինանսավորումը հասցնել ՀՆԱ 5 տոկոսին։ «Զարգացած, որակյալ, արդյունավետ, միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող, ապագային միտված ազգային կրթական համակարգ ունենալը մեր կարևորագուն նպատակներից մեկն է»,- հայտարարում է ԼՀԿ-ն։

Կուսակցությունը կարևորում է հանրակրթության որակի և աշխարհագրական մատչելիության բարձրացումը, կրթական ծրագրերի և դասագրքերի վերանայումը, նախնական և միջին մասնագիտական կրթության որակի շարունակական բարձրացումը և համապատասխանեցումը աշխատաշուկայի պահանջներին, բարձրագույն կրթության որակի, արդյունավետության և հասանելիության բարձրացումը, կրթական ծրագրերում հետազոտական ու նորարական բաղադրիչների զարգացումը, կրթության կառավարման տեղեկատվական միասնական համակարգի ներդրումը, առանձին ոլորտներում գիտակրթական կլաստերների ձևավորումը` բուհ-գիտահետոզատական ինստիտուտ-գործատու ֆորմատով:

Նշվածին հասնելու համար ԼՀԿ-ն 31 քայլ է նախատեսում։

Մյուս կուսակցությունները համեմատաբար թռուցիկ են անդրադառնում կրթությանը։ Այսպես՝ ՕԵԿ-ը խոստանում է մանկապարտեզները դարձնել անվճար, զարգացնել միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները, վերացնել ընդունելության քննությունները բուհերում, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին ապահովել անվճար կրթությամբ և պետպատվերը փոխարինել գումարային կրթական սերտիֆիկատով։

«Ազգային առաջընթաց» կուսակցությունը նախատեսում է կրթությունը հռչակել «տնտեսության գերակա ճյուղ՝ որակյալ ու մատչելի միջին մասնագիտական, բարձրագույն ու հետբուհական կրթություն ապահովելու հաշվին արտերկրյա ուսանողների հոսք ապահովելու միջոցով», ինչպես նաև ապահովել կրթության մատչելիություն։

ԲՀԿ-ն կենտրոնանում է բարձրագույն կրթության վրա՝ շեշտելով ուսանողական վարկերի և դրամաշնորհների հատկացումը կրթվելու ցանկություն ունեցող երիտասարդներին։

ԲՀԿ-ն նաև նշում է․ «Բուհական համակարգում պետք է արմատապես փոփոխել ընդունելության քննությունների կարգը՝ բացառելով ցածրամակարդակ կրթական ծառայությունների տրամադրումը մեր երիտասարդ քաղաքացիներին»։

Կրթության ոլորտում «Սասնա ծռեր» կուսակցությունը նախատեսում է համակարգը համապատասխանեցնել արդյունաբերական հեղափոխության չափանիշներին, ինչպես նաև ապահովել սոցիալապես անապահով անձանց անվճար մասնագիտական կրթությունը։

ՀՅԴ ծրագրում շեշտադրվում է, որ կրթական պետական պատվեր ձևավորելիս պետք է առաջնորդվել տնտեսության արդի և հեռանկարային կարիքներով։ Կարևորվում է նաև բիզնեսի, գիտության և կրթության սերտ համագործակցությունը։

ՀՀԿ ծրագրում կարևորվում է ռազմական կրթության որակի բարձրացումը, ինչպես նաև ուսանողների և աշակերտների ամբողջական ներգրավումը կրթական գործընթացներում։

Քրիստոնեա-ժողովրդական կուսակցության ծրագրում էլ նշվում է․ «Արհեստակցական կրթությունը կլինի Հայաստանի կյանքի անփոխարինելի բաղադրիչը, ընդսմին, ավագ դպրոցը ռազմավարական նման խմդիրների լուծման համար անհրաժեշտ կլինի բաժանել երեք հոսքի՝ բնագիտական, մշակութային և տեխնոլոգիական»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: