Հայերեն   English   Русский  

Արտոնություններ են տրամադրվել հերթական ներդրումային ծրագրերին. կստեղծվի ավելի քան 900 նոր աշխատատեղ


  
դիտումներ: 136

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:

Կառավարության որոշմամբ «Գինափ» ՍՊԸ-ին տրվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու թույլտվություն: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործվելու է արհեստական և պլաստիկ թաղանթների ֆլեքսո տպագրության, ինչպես նաև վակուում տոպրակների, պանրի տոպրակների, սուրճի և այլ բազմատեսակ տոպրակների արտադրության մեջ։ Ներդրումները կազմում են 2,5 մլրդ ՀՀ դրամ, մինչև 2025թ նախատեսվում է հավելյալ 1 մլրդ ՀՀ դրամ ներդրում նոր սարքավորումներ և 8,9 մլրդ ՀՀ դրամ ներդրում հումք գնելու նպատակով։ Ստեղծվել է 56 աշխատատեղ և նախատեսվում է ստեղծել ևս 50-ը՝ 180 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կազմում է 3 մլրդ ՀՀ դրամ, որից 2,5 մլրդ ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 300 մլն ՀՀ դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 200 մլն ՀՀ դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում։

Կառավարության որոշումներով մաքսատուրքից ազատման արտոնությունից կօգտվեն նաև «Արմենիան հելիքոփթերս» և «ԱրմՍանպրոդակտ» ՍՊԸ-ները:

«Արմենիան հելիքոփթերս» ՍՊԸ ներմուծվող ապրանքը՝ մեկ մարդատար ուղղաթիռը, օգտագործելու է փոքր ավիացիայի ոլորտում։ Ընկերությունն արդեն իսկ իրականացրել է 1 550 000 000 ՀՀ դրամի ներդրում, նախատեսում է իրականացնել 271 400 000 ՀՀ դրամի ներդրում: Ստեղծվել է 13 աշխատատեղ, կստեղծվի ևս 3-ը՝ 600 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։

«ԱրմՍանպրոդակտ» ՍՊԸ ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ջերմոցային տնտեսության կառուցման համար՝ իրականացնելով 42,68 մլրդ ՀՀ դրամի ներդրում: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 700 նոր աշխատատեղ՝ 150 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալն առաջին տարում կկազմի 16 մլրդ ՀՀ դրամ, որից 14 մլրդ ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 2 մլրդ ՀՀ դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում ։

Կառավարության մեկ այլ որոշմամբ «Արթիկի ՓՀԿ» ՍՊԸ-ն կօգտվի ԱԱՀ գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտությունից: Ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը նախատեսում է ՀՀ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում՝ արդեն իսկ վերանորոգած բամբակամանվածքային ֆաբրիկայի շենքում, զբաղվել տեքստիլի արտադրությամբ: Ընկերությունը կարտադրի թել և բժշկական բամբակ, կզբաղվի նաև կտորների թափվածքների վերամշակմամբ։ Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 6 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրում, որից բարձրորակ հումք և այլ ապրանքներ ձեռք բերելու համար ներդրում կկատարի շուրջ 4,26 մլրդ ՀՀ դրամի չափով։ Արդյունքում երեք տարվա ընթացքում կստեղծվի 160 նոր աշխատատեղ` 185 հազ․ ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

Գործադիրը լրացումներ և փոփոխություններ է կատարել «Ներդրումային ծրագրի շրջանակում «Ռադ Սանե Վաշամիր Գրուպ» ՍՊԸ կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» որոշման մեջ՝ ներմուծվող ապրանքների ցանկի փոփոխման, լրացման և հստակեցման անհրաժեշտությամբ պայմանավորված:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: