Հայերեն   English   Русский  

Գագիկ Մինասյան. «Փաշինյանին տեղյակ չե՞ն պահել, որ բոլոր 4 խմբակցությունները, այդ թվում՝ «Ելքը», նամակով էին դիմել ԱԺ նախագահին եւ խնդրել, որ վերջին քառօրյան տեղի չունենա». «Հայոց աշխարհ»


  
դիտումներ: 221

Հանրապետական խորհրդարանական խմբակցության անդամ, ֆինանսավարկային, բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ,

զբաղեցնելով ՀՀԿ համամասնական ցուցակի 14-րդ հորիզոնականը, ռեյտինգային կարգով իր թեկնածությունը դրել է Երեւանի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն համայնքների թիվ 1 ընտրատարածքում։

Հարցին՝ ինչպե՞ս է զգում իրեն ընդդիմադիր թեկնածուի կարգավիճակում, նա ցավով է արձանագրում, որ «սիրո եւ համերաշխության» դրոշի ներքո իշխանության եկած քաղաքական ուժը, ի դեմս «Իմ քայլը» դաշինքի, իր նախընտրական արշավի մեխը, գուցե՝ նաեւ կյանքի նպատակը, դարձրել է 24-ժամյա ռեժիմով «նախկին իշխանություններին» քարոզչական ահաբեկչության ենթարկելը.

-Հատկապես պարոն Փաշինյանը ամեն ինչ անում է, որ քարոզարշավը դուրս գա բնականոն հունից՝ պիտակավորում է ամեն մեկին, որի տեսակետները չեն բռնում իր տեսակետներին։ Բանը հասնում է անհեթեթության. պարոն Փաշինյանն ասում է, որ Հայաստանի եւ Արցախի որեւէ ղեկավար, բացի իրենից, իր զավակին բանակ չի ուղարկել, եւ երբ մարդիկ առարկում են, ասում են՝ այդպես չէ, պարոն Փաշինյանը դա համարում է անձնական վիրավորանք, անթույլատրելի ոտնձգություն իր քաղաքական ուժի դեմ։

Այսինքն՝ իշխանությունը սվիններով է ընդունում անգամ հիմնավորված, փաստարկված որեւէ առարկություն կամ կարծիք։ Դե, իսկ ՀՀԿ ներկայացուցիչներին թիրախավորելը, պիտակներ կպցնելը, սպառնալը դարձել է սովորական երեւույթ։ Երբեմն թվում է, թե պարոն Փաշինյանը լրիվ կտրվել է իրականությունից. երկուշաբթի օրը ասում էր՝ եթե նույնիսկ հանրապետականները չհավաքվեն եւ Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից չզրկեն՝ ոչինչ, հաջորդ խորհրդարա՛նը դա կանի, կարծես Արամ Հարությունյանը հավերժ պատգամավոր է լինելու։

20 օրից պարոն Հարությունյանի անձեռնմխելիությունն ինքնին վերանալու է՝ էդ ի՞նչ հրատապ անհրաժեշտություն էր, որ պետք էր անպայման հարցը բերել այս քառօրյա նիստերի օրակարգ։

Պարոն Փաշինյանին տեղյակ չե՞ն պահել, որ բոլոր 4 խմբակցությունները, այդ թվում՝ «Ելքը», նամակով էին դիմել ԱԺ նախագահին եւ խնդրել, որ վերջին քառօրյան տեղի չունենա, որովհետեւ չորս օր հետո ընտրություններ են, եւ բոլոր պատգամավորները լծված են ընտրական քարոզարշավին։ ԱԺ նախագահն էլ իր իրավասությունների շրջանակում համապատասխան կարգադրություն էր տվել ԱԺ ծառայություններին՝ բոլորը գիտեին, որ վերջին քառօրյան տեղի չի ունենալու, եւ չէին էլ պատրաստվում լինել Երեւանում եւ մասնակցել նիստին։

Անհասկանալի է, երբ այդքանից հետո փորձում են տեսարաններ սարքել դրանից՝ ներկայացնելով այնպես, թե հանրապետականները բոյկոտեցին, «չհանձնեցին» իրենց պատգամավորին, խոչընդոտեցին արդարադատության իրականացմանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: