Հայերեն   English   Русский  

​Սառան շատ ճիշտ է


Ֆբ գրառում


  
դիտումներ: 411

«Անկախի»լրագրող Անահիտ Հարությունյանի գրառումը:

Կարդացի ֆեյսբուքում «Հետքի» լրագրող Սառա Պետրոսյանի գրառումը Արմեն Գևորգյանի մասին: Չափազանց ճիշտ դիտարկում, որի տակ ինքս էլ կստորագրեի: Վստահ եմ՝ կստորագրեին շատ ուրիշ լրագրողներ, որոնք 2008-2014 թթ. գործ են ունեցել տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ:

Ես այդ տարիներին մի առիթով եմ շփվել տվյալ նախարարության հետ, մասնակցում էի տեղական ինքնակառավարման մարմինների զարգացմանն ուղղված մի ծրագրի, որն իրականացնում էր մի հասարակական կազմակերպություն այդ նախարարության հետ համատեղ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ֆինանսավորմամբ:

Եվ ահա գործի բերումով սկսեցի շփվել նախարարության տարբեր մակարդակների աշխատակիցների հետ, մասնակցել նրանց խորհրդակցություններին, տվյալներ պահանջել և ստանալ նրանցից, որպեսզի կարողանայի հնարավորինս որակով կատարել աշխատանքս:

Եվ ապշած էի: Մինչ այդ բազմաթիվ նախարարությունների հետ էի շփվել, և հիմնականում արդյունքը հիասթափեցնող էր: Տարածքային կառավարման նախարարությունը՝ իր կազմակերպվածությամբ, կուռ գործելաոճով, աշխատակիցների գիտելիքների մակարդակով ուղղակի չէր տեղավորվում մյուսների շրջանակի մեջ: Կարծես օազիս լիներ, որ ցույց էր տալիս՝ եթե ուզենանք, այսպիսին էլ կարող ենք լինել հենց նույն իշխանությունների դեպքում ու նույն համակարգի մեջ:

Եվ բնական է՝ ակնածանք առաջացավ նախարարության ղեկավարի հանդեպ, որի մասին մինչ այդ, խոստովանեմ, բավական հակասական տեղեկությունների տրվելով՝ այնքան էլ լավ վերաբերմունք չունեի: Դա լավ դաս էր ինձ համար երբեք չհավատալ օդում թևածող կարծիքներին, քանի դեռ ինքդ անձնապես այդ ամենը չես ստուգել, քանի դեռ ձեռքիդ անառարկելի փաստեր չկան:

Մեծ ափսոսանք ապրեցի, երբ Արմեն Գևորգյանը ժամանակին հրաժարական տվեց, իսկ հիմա ցավում եմ, քանի որ օրակարգում նրան կալանավորելու հարցն է: Ցավում եմ, քանի որ նախորդ աղմկոտ նախաքննություններն ու դատավարությունները ցույց տվեցին, որ ամեն ինչ արվում է օրենքն ու իրավունքը ոտնահարելով, այդ քննություններից ու դատավարություններից, միևնույն է, մենք ճշմարտությունը չենք իմանա, բայց որ մեր պետությունը կկորցնի ևս մի լավ ու գիտակ կառավարողի, կասկած չկա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: