Հայերեն   English   Русский  

​Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց օրենքը «Դեղին ժիլետների» պահանջները բավարարելու միջոցների մասին


Սակայն որոշ կուսակցություններ կարծում են, որ ընդունված փաստաթղթի որոշ դրույթներ հակասում են սահմանադրության «բյուջեի անկեղծության սկզբունքին»


  
դիտումներ: 520

Երեկ՝ դեկտեմբերի 21-ին, Ֆրանսիայի Սենատը հավանություն տվեց սոցիալ-տնտեսական ոլորտում բնակչությանն օգնություն ցույց տալու շտապ միջոցների մասին օրենքի նախագծին, որը ձեռնարկվել է ի պատասխան «Դեղին ժիլետներ» շարժման ցուցարարների պահանջների:

Քվեարկությունը հեռարձակվում էր վերին պալատի կայքում: Լույս 21-ի գիշերը՝ 13 ժամ տևած բանավեճերից հետո, նախագիծն ընդունվել էր ստորին պալատում՝ Ազգային ժողովում:

Այժմ՝ խորհրդարանի հավանությունից հետո, օրենքն ուժի մեջ կմտնի Սահմանադրական խորհրդում քննարկվելուց հետո, ինչը կարվի կոմունիստների, սոցիալիստների և «Չմիավորված Ֆրանսիա» շարժման ներկայացուցիչների հարցումի համաձայն:

Նրանք կարծում են, որ ընդունված փաստաթղթի որոշ դրույթներ հակասում են սահմանադրության բովանդակած «բյուջերի անկեղծության սկզբունքին», այսինքն՝ ընդունված միջոցները ապահովված չեն երկրի գանձապետարան անհրաժեշտ ֆինանսական մուտքերով:

Միջոցների փաթեթը ձեռնարկվել է ըստ դեկտեմբերի 10-ին երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հրապարակած նախաձեռնության, որը բախվել էր ֆրանսիացիների ընդվզումների՝ ալիքին ընդդեմ գների և հարկերի բարձրացման: «Դեղին ժիլետների» ցույցերն ընթանում են նոյեմբերի 17-ից և դեռ չեն ավարտվել:

Նորամուծությունները, որոնք ուժի մեջ կմտնեն 2019 թ. հունվարի 1-ից, հետևյալն են. հարկերից կազատվի աշխատողին տրվող վարձը արտաժամյա աշխատանքի համար, կսառեցվի վառելիքի հարկերի մակարդակը, ինչպես նաև էլեկտրաէներգիայի և գազի գները, կբարձրանա նվազագույն ամսական աշխատավարձը1,5 տոկոսով: Նախատեսվում է նաև 240 եվրոյի չափով սուբսիդիա հատկացնել վառելիքի համար այն անձանց, որոնք ապրում են աշխատավայրից 30 կմ-ից ավելի հեռավորությամբ, 5-10 տոկոսով նվազեցնել տրանսպորտային հարկը փոքրլիտրաժանոց մեքենաների համար և մինչև 4 հազար եվրո մեծացնել անապահովներին տրվող սուբսիադիան բարձրէկոլոգիական դասի մեքենա գնելու համար: Առանձին հարկ է մտցվել թվային ընկերությունների գործունեության համար, որը, ըստ կանխատեսումների, պետք է որ 500 մլն եվրոյի եկամուտ բերի պետությանը տարվա ընթացքում:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր պետական գործունեության և ֆինանսների նախարար Ժերալդ Դարմանենը, Մակրոնի հայտարարած միջոցները երկրի բյուջեի վրա կնստեն 10 մլրդ եվրո: Ըստ Դարմանենի գնահատականի՝ Ֆրանսիայի բյուջերի պակասուրդը 2019 թ. այսպիսով կհասնի ՀՆԱ-ի 3,4 տոկոսի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: