Հայերեն   English   Русский  

«Ամենաանսպասելի զարգացումներով տարին էր»․ կրթության փորձագետն ամփոփում է տարին


  
դիտումներ: 3701

Ինչպիսի՞ն է եղել տարին կրթական համակարգի համար, ի՞նչ ձեռքբերումներ են արձանագրվել և որո՞նք են հաջորդ տարվա առաջնահերթությունները․ այս մասին «Անկախը» զրուցել է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ։

-Պարոն Խաչատրյան, ինչպիսի՞ն է եղել 2018-ը մեր երկրի կրթական համակարգի համար։

-Երևի թե ամենաանսպասելի զարգացումներով տարին էր, որովհետև տարին սկսվեց այլ տրամադրություններով, մասնավորապես, «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծի քննարկումներով։ Նախարարությունը ցանկանում էր ունենալ մի օրենք, որով բուհերի կառավարման խորհուրդներում այլևս չպետք է լինեին քաղաքական գործիչներ և պաշտոնյաներ։ Վերջին պահին ԱԺ-ում փոփոխություններ արվեցին, որ այնուամենայնիվ 1-2 հոգի կարող են լինել խորհրդի կազմում։ Դրանից հետո եղավ հեղափոխությունը, ու օրենքը հետ վերադարձվեց և դեռևս ընդունված չէ։

Տարվա սկզբին շատ ուժեղ քննադատություններ կային այն մասին, որ դպրոցները կուսակցականացվում են, և այլն, և այլն։ Եվ հեղափոխությունից հետո այստեղ ունեցանք դրական զարգացումներ։ Վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ դպրոցներն արդեն կարծես ազատվեցին ընտրական պրոցեսներին ներգրավվելուց։ Թեև ես չեմ բացառում, որ ինչ-որ առանձին փոքրիկ դեպքեր եղել են։

Մյուսը վերաբերում է կրթության բյուջեին։ 2018-ի սկզբին շատ հոռետեսական էինք տրամադրված, որովհետև կառավարությունն առաջիկա երեք տարիներին պետք է շարունակաբար կրճատեր կրթության բյուջեն։ Բայց հեղափոխությունից հետո, երբ միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հրապարակվեց, նկատեցինք, որ կարծես կրճատում չի լինում, այլ բացարձակ թվերով կրթության բյուջեն անգամ կարող է ավելանալ։

Բայց գլխավոր, բոլորին հուզող հարցն, այնուամենայնիվ, լուծում չստացավ․ ուսուցիչների աշխատավարձի հարցը մնաց նույնը։ Նոր կառավարությունը մի շարք խմբերի համար դրական բաներ արեց։ Օրինակ՝ 150 հազար դրամից բարձր աշխատավարձ ստացողների համար եկամտահարկը նվազելու է, պոլիկլինիկաների աշխատողների աշխատավարձը բարձրացվեց, բազմաթիվ տուգանքներ, վարկային պարտավորություններ ներվեցին, նույնիսկ քրեական հանցագործները ներում ստացան, բայց ցավոք ուսուցիչների համար այս պահի դրությամբ որևէ դրական առաջընթաց չունենք։ Ու սա ինձ շատ մտահոգում է, որովհետև հիմա Հայաստանում արդեն շատ նկատելի է դառնում ուսուցիչների պակասի խնդիրը։

Մենք Հայաստանում ունենք բազմաթիվ գյուղեր, որտեղ ուսուցիչների զգալի մասը, իսկ որոշ գյուղերում մեծ մասը գալիս են այլ գյուղերից և քաղաքներից, այսինքն այդ գյուղերում մենք արդեն ուսուցիչ չունենք։ Եթե ուսուցիչն, օրինակ՝ ապրում է Վանաձորում և գնում է հարևան գյուղում աշխատելու, ինքն այնտեղ երկար չի աշխատում։ Հենց Վանաձորում աշխատանք եղավ, դուրս է գալիս։ Այսօր մենք ունենք գյուղեր, որտեղ տնօրենը ստիպված է ամեն 2-3 տարին մեկ մարդ գտնել, որովհետև նախկինը թողել և գնացել է ուրիշ դպրոց։

Գյուղերում ուսուցիչների դեֆիցիտ կա և դա շատ լուրջ խնդիր է։ Նաև նրանց տրանսպորտային ծախսերը չեն փոխհատուցվում, իրենց հաշվին են գնում և գալիս, ինչն էլ դեմոտիվացնում է։ Նույնիսկ Երևանում կա ուսուցիչների խնդիր, ինչը համեմատաբար նոր զարգացում է։ Օրինակ՝ դպրոցները դժվարությամբ են գտնում ռուսերենի կամ գերմաներենի ուսուցիչ։ Խնդիրը պայմանավորված է ցածր աշխատավարձով և մասնագետների որակով։

Ուսուցիչների քաղաքականության հարցը շատ կարևոր է։ Նախկին նախարարը՝ Լևոն Մկրտչյանը, հայտարարել էր, որ իրենք ընդունելու են «Ուսուցիչ» ծրագիրը, որը պետք է ուսուցիչների համար ստեղծեր նպաստավոր պայմաններ, պաշտպաներ նրանց և արտոնություններ տար։ Բայց այդ ծրագիրն էլ մնաց օդում։ Այսօր ոչ մի փաստաթուղթ չկա։ Ի՞նչ եղավ այդ ծրագիրը, շարունակո՞ւմ է նոր կառավարությունը այն, թե՞ հրաժարվել է, պարզ չէ։

Նույն տրամաբանությամբ, բացի «Բարձրագույն կրթության մասին» օրենքից, այս տարի մենք սպասում էինք, որ պետք է նաև ընդունվի Կրթության զարգացման պետական ծրագիրը, որը պետք է ընդունված լիներ դեռ 2016-ի հունվարի 1-ին, որովհետև նախորդը 2015-ին ավարտվել էր։ Օրենքով 2016-ին նորը պետք է ունենայինք, արդեն 2018-ն էլ ավարտվեց, այսինքն 3 տարի մենք օրենք ենք խախտում և չունենք կրթության զարգացման պետական ծրագիր, և պարզ չէ, թե դա երբ է լինելու, կամ լինելու է, թե ոչ։ Սա էլ շատ լուրջ խնդիր է։

Մյուսը՝ կրթակարգի հարցն է, որով պետք է մշակվեին միջնակարգ կրթության չափոփոշիչները և պետք է վերանայվեին առարկայական չափորոշիչները։ Նորից 2016-ին մեկնարկած ծրագիր էր, ներկայացվեց կրթակարգի նախագիծ, թեթև հանրային քննարկում եղավ օն-լայն տարբերակով, հիմա 2018-ը ավարտվեց, և պարզ չէ՝ այս փաստաթուղթն երբ է լինելու և ինչ է լինելու։

Այս իմաստով ներկա վիճակում լիքը անելիքներ կան, բազմաթիվ կիսատ գործեր կան։ Հիմա էլ նախատեսվում է նախարարությունների միավորում․ կրթության նախարարությանը կարծեք թե երկու նախարարություն է միավորվում։ Հիմա ես չգիտեմ, այս իրավիճակում, երբ նախարարությունը բազմաթիվ խնդիրներ ունի, ևս երկու նախարարություն միացնելու պարագայում ինչ կունենանք։ Հուսանք լավ կլինի։

-Իսկ նոր իշխանությունների կրթական քաղաքականությունն ինչո՞վ է տարբերվում նախորդներից և արդյո՞ք տարբերվում է։

-Նոր իշխանությունները կարծեք թե կուսակցական բաներից ազատվեցին, որոշակի դրական տեղաշարժ ես տեսնում եմ բուհերի խորհուրդների հետ կապված։ Եթե առաջ այդ խորհուրդներում նախարարներ, պատգամավորներ էին, հիմա կարծեք թե փոխնախարարներ կամ վարչապետի խորհրդականներ են։ Սա իհարկե հարցն արմատական չի լուծում։

Իհարկե, ընդհանուր առմամբ տեղի է ունենում նաև ռեկտորների փոփոխություն, բայց ես հույս ունեմ, որ սա տեղի կունենա շատ արդար և մրցակցային ձևով, և առաջիկա ընտրություններին կլինեն մի քանի թեկնածուներ, խորհրդի անդամներն ավելի ազատ կքվեարկեն, չնայած եթե փոխնախարարներ են, դա գրեթե բացառվում է, նրանք քվեարկելու են իշխանության թեկնածուի օգտին։ Դրա համար ես կուզեի, որ խորհուրդներում լինեն մարդիկ, որոնք իսկապես կարող են ինքնուրույն քվեարկել՝ խղճի մտոք՝ տեսնելով, թե ում ծրագիրն է ավելի լավը, ով է ավելի լավ մասնագետ։

-Այսինքն կարո՞ղ ենք ասել, որ նոր իշխանությունների կրթական քաղաքականությունն առանձնապես չի տարբերվում նախորդներից։

-Ասեմ՝ ինչով է տարբերվում։ Օրինակ՝ Ագրարայինի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Վարդան Ուռուտյանը։ Ես վստահ եմ, որ նրան չեն ընտրել այն բանի համար, որ նա ինչ-որ կուսակցության անդամ է։ Պարզապես մարդը նախկինում լավ է աշխատել, և իր այդ աշխատանքի դիմաց առաջարկվել է լինել ռեկտորի պաշտոնակատար։ Նույնը՝ Կինոյի և թատրոնի ինստիտուտում։ Նկատել եմ, որ նախարարությունը որպես պաշտոնակատար առաջարկում է հնարավորինս ըստ արժանիքների։

Բայց ինձ մի հարց է հետաքրքրում։ Լսում ենք, որ ռեկտորն իր դիմումի համաձայն ազատվել է, հիմա ինձ հետաքրքիր է՝ իսկապե՞ս իր կամքով է ազատվել, թե՞ իրեն կանչել են նախարարություն և ասելն են՝ դիմում գրիր։ Եթե երկրորդ դեպքն է, դա նշանակում է միջամտություն բուհի կառավարմանը նախարարության կողմից։

Կարևոր է, թե հիմքը ոնց է դրվում։ Եթե հիմքը լավ է դրվում, հետո լավ կշարունակվի։ Եթե հին գործելակերպը մնա, դա խնդիր է ստեղծելու, որովհետև ցանկացած հեղափոխական հասարակությունում կա ռիսկ վերադառնալու հին գործելակերպին։

-Եթե տարվա կրթական գոնե մեկ ձեռքբերում նշեք, ո՞րը կլինի։

-Ես կասեի՝ ամենակարևորը բյուջեի դրական տեղաշարժն է։ Բայց իհարկե, ես ավելին եմ անկնալում, որովհետև մենք մի քիչ շատ ժլատ ենք կրթության հանդեպ։

-Իսկ եթե 2019-ի անելիքները նախանշեք, ամենաառաջնայինը ո՞րն եք համարում։

-Առաջնայինը Կրթության զարգացման պետական ծրագիրն է։ Մենք պետք է հասկանանք՝ հիմա ի՞նչ ենք անում, ի՞նչ ուղղությամբ է գնում այս համակարգը, այդ ծրագիրը պետք է պատասխանի բոլոր հարցերին։ Հիմա շատ անորոշ վիճակ է։ Ուսումնական հաստատություններում կան քաոսային զարգացումներ, բոլորը բոլորի դեմ բողոքում են։ Սրանից միակ ելքն այն է, որ մի ծրագիր ստեղծվի և դրանով համակարգն առաջ տարվի։ Եթե դա չեղավ, ամեն օր պետք է ականատես լինենք, որ ինչ-որ մի դպրոցում գործադուլ է, մեկ ուրիշ դպրոցում դատարան են դիմում, կամ բողոք են գրում վարչապետին։ Այս առօրեական բաները ամբողջությամբ կրթական համակարգը խեղճացնելու են, և մենք ընկնելու ենք ինչ-որ բողոքներ ու հարցեր լուծելու, ոչ թե համակարգի զարգացումն ապահովելու։ Այդ ռիսկը հիմա շատ մեծ է, որ համակարգը ծրագրային զարգացման փոխարեն գնա տեղական փոքր հարցերի լուծման ուղիով։ Այդ ռիսկը միշտ է եղել, հիմա ավելի է սրվել, որովհետև հեղափոխությունից հետո ինչքան հին բողոք ու կռիվ կար, մեջտեղ է բերվել։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: