Հայերեն   English   Русский  

Ի՞նչ սպասել 2019-ից․ տարվա կարևորագույն իրադարձությունները


  
դիտումներ: 1610

Ամանորյա տոներն անցյալում են և տարին արդեն ընթանում է իր հունով։ Ստորև կամփոփենք ընթացիկ տարում սպասվող կարևորագույն իրադարձությունները՝ լինեն դրանք քաղաքական, մշակութային, սպորտային, թե գիտական։

Քաղաքականություն

Առաջիկա տարվա ընթացքում նախագահական ընտրություններ տեղի կունենան Ուկրաինայում և Աֆղանստանում։ Ուկրաինայում նախագահ կընտրեն մարտի 31-ին։ Ներկա դրությամբ առաջադրվելու ցանկություն հայտնած թեկնածուների պակաս չկա։ Նախատեսվում է, որ աշնանն էլ Ուկրաինայում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ։

Իսկ ահա Աֆղանստանում նախագահ կընտրեն հուլիսի 13-ին։ Ի սկզբանե ապրիլին նախատեսված ընտրությունները հետաձգվել են տնտեսական, տեխնիկական, ինչպես նաև գարնանը սպասվող հնարավոր վատ եղանակային պայմանների պատճառով։

Տարին ընտրական է նաև Եվրոպայի համար։ Բացի ԵՄ անդամ երկրներում սպասվող տեղական, խորհրդարանական ու նախագահական ընտրությունները, այս տարի մայիսի 23-26-ը տեղի կունենան Եվրախորհրդարանի ընտրությունները։ 27 անդամ երկրների բնակիչները կընտրեն 705 խորհրդարանականների։ Առաջին անգամ Եվրախորհրդարանի ընտրություններին չի մասնակցելու Մեծ Բրիտանիան, որը մինչև մարտ պետք է դուրս գա ԵՄ-ից։

Մարտի 29-ին Մեծ Բրիտանիան պաշտոնապես կլքի ԵՄ-ն՝ շուրջ 40 տարվա անդամակցությունից հետո։ Հիմքը 2016-ին տեղի ունեցած համապետական հանրաքվեն է։ Մեծ Բրիտանիան կդառնա առաջին երկիրը, որ դուրս է եկել ԵՄ-ից։ Այնուամենայնիվ, Միացյալ Թագավորությունը, շնորհիվ Եվրադատարանի որոշման, մինչև վերջին պահը հնարավորություն ունի մտափոխվելու և մնալու ԵՄ կազմում։

2019-ին սոցիալիստական Կուբան կարող է տեղի տալ կապիտալիզմի առաջ։ Փետրվարի 24-ին Կուբայում համազգային հանրաքվե կանցկացվի՝ հաստատելու նոր սահմանադրությունը։ Ընդունվելու դեպքում երկրի մայր օրենքն առաջին անգամ կճանաչի շուկայի և մասնավոր սեկտորի դերը տնտեսությունում, որը մինչ այս խիստ սոցիալիստական պլանային էր։

Սպորտ

Ռեգբիի աշխարհի առաջնությունն առաջին անգամ տեղի կունենա Ճապոնիայում։ Աշնանը սպասվող առաջնությունն անցկացվելու է ճապոնական 12 քաղաքներում, իսկ եզրափակիչը տեղի կունենա Յոկոհամայում։

Ճապոնիայում տեղի կունենա նաև գեղասահքի աշխարհի առաջնությունը։ Նախատեսվում է միջոցառումն անցկացնել մարտի 18-24-ին։

Իսկ ահա աշխարհի աթլետիկայի առաջնությունը տեղի կունենա Քաթարում։ Եվ չնայած միջոցառման համար ընտրված է աշունը՝ հոկտեմբերը, միևնույն է, մրցույթները տեղի կունենան միայն երեկոյան ժամերին, մարաթոնը՝ կեսգիշերին, իսկ մարզադաշտերում օդափոխության համակարգեր կգործեն՝ շոգը մեղմելու համար։

Հայաստանում տարածում ունեցող սպորտաձևերից ըմբշամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա սեպտեմբերի 14-26-ն ընկած ժամանակահատվածում Աստանայում։

Իսկ ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա սեպտեմբերի 18-27-ն ընկած ժամանակահատվածում Թայլանդի Պատայա առողջարանային քաղաքում։

Հուսանք, որ մեր մարզիկները հաջող ելույթներ կունենան՝ նվաճելով ոսկե մեդալներ։

Գիտություն

Շվեդիան այս տարվա ընթացքում պլանավորում է փորձարկել մասնիկների արագացուցիչը, որի մասին այդքան գրում ու խոսում էին համաշխարհային գիտական հրատարակությունները։ Փորձարկումները տեղի կունենան Լունդ քաղաքում։

Առաջիկա օրերին՝ հունվարի 21-ին, կանխատեսվում է լուսնի ամբողջական խավարում։ Այն լավ տեսանելի կլինի Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, մասնակիորեն՝ Արևելյան Եվրոպայում և Հյուսիսային Աֆրիկայում։ Մեր տարածաշրջանում լուսնի խավարումը տեսանելի կլինի հունվարի 21-ի առավոտյան՝ արևածագից առաջ։

2019-ի հուլիսի 2-ին տեղի կունենա արևի ամբողջական խավարում։ Այն առավել տեսանելի կլինի խաղաղօվկիանոսյան տարածքի հարավարևելյան հատվածում, ինչպես նաև Չիլիում և Արգենիտնայում։

Արևի ևս մեկ խավարում, այս անգամ մասնակի, տեղի կունենա դեկտեմբերի 26-ին։ Արևի շրջանաձև խավարումն ամբողջությամբ տեսանելի կլինի Սաուդյան Արաբիայում, Քաթարում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Օմանում, ինչպես նաև Ասիայի հարավարևելյան և Ավստրալիայի որոշ հատվածներում։

Մշակույթ

Փետրվարի 24-ին Հոլիվուդի Դոլբի թատրոնում տեղի կունենա 91-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը, որտեղ կհայտարարվեն 2018-ի ընթացքում ֆիլմարտադրության ոլորտի լավագույնները։ Մրցանակների հավակնորդների անունները հայտնի կդառնան հունվարի 22-ին։

Այս անգամ «Օսկար մրցանակաբաշխության ուղիղ հեռարձակումը կտևի ընդամենը երեք ժամ։ Հեռարձակման տևողության կրճատումը պայմանավորված է վերջին տարիներին դիտվող ռեյտինգների անկմամբ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: