Հայերեն   English   Русский  

Սևանա լճի սիգի որսի հետ կապված բարձիթողի վիճակ է. Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց գտնել լուծումներ


  
դիտումներ: 633

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին հանձնարարեց քայլեր ձեռնարկել կենդանատեսակների ապօրինի որսը բացառելու ուղղությամբ:

«Այն պետք է բացառվի ընդհանրապես: Գիտեմ, որ Ամանորից առաջ մի քանի դեպք է բացահայտվել, մեր հայրենակիցները պետք է իմանան, որ բնության պահպանության գործում առանձնակի նախանձախնդիր վերաբերմունք և դիրքորոշում ենք ունենալու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, կառավարության նիստում ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Միաժամանակ նա նշեց, որ այսօր զեկուցագիր է ստացել այն մասին, որ ի հեճուկս որոշումների՝ Սևանա լճի սիգի որսի հետ կապված 100 տոկոսանոց բարձիթողի իրավիճակ է: «Լուրերով էլ ցույց են տալիս, որ մեր բոլոր շուկաներում վաճառվում է Սևանի սիգ: Մենք արդեն այս հարցը քանի անգամ քննարկում ենք, այստեղ մենք պետք է իսկապես մտածենք երկարաժամկետ խնդրի լուծման մասին: Այդ լուծման մեթոդը կազմակերպական որոշակի լուծումների հասնելն է Սևանա լճում: Համենայն դեպս, այն զեկուցագիրը, որ ես ստացել եմ, նշվում է մեր մի շարք գերատեսչությունների թերացման մասին, այդ թվում՝ Բնապահպանության նախարարության, Ոստիկանության, «Սևան» ազգային պարկի: Դա, իհարկե, կքննարկենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը կոչ արեց Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանին՝ Ոստիկանության պետի, Գեղարքունիքի մարզպետի Բնապահպանական տեսչական մարմնի ղեկավարի հետ քննարկել այդ թեման և կոնկրետ լուծումներ առաջարկել երկարաժամկետ առումով: «Ինչքան հասկացա, հիմա սիգի վերարտադրման համար կարևոր փուլ է, և կարծես այդտեղ շատ բան առնվազն չենք անում»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: