Հայերեն   English   Русский  

ԱԺ նորընտիր պատգամավոր Նարինե Թուխիկյանը էական է համարում բարեփոխումները մշակույթի բնագավառում


  
դիտումներ: 723

Հ. Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը (Խաչատուրյան), որը ՀՀ ազգային ժողովում կներկայացնի «Իմ քայլը» դաշինքը, հատկապես նշանակալի է համարում բարեփոխումները, որոնք պետք է իրականացվեն կրթության և մշակույթի բնագավառում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Թուխիկյանը հույս հայտնեց, որ իրեն կներառեն Ազգային ժողովի կրթության, մշակույթի և սփյուռքի հանձնաժողովում:

«Հովհաննես Թումանյանն ինձ շատ բան է սովորեցրել: Նա ուներ մշակույթի զարգացման իր տեսլականը, որը շատ հետաքրքիր է: Թումանյանը կարծում էր, որ որպես աշխարհասփյուռ ազգ մենք մեծ ներդրում կարող ենք ունենալ ոչ միայն մեր, այլև համաշխարհային մշակույթի և քաղաքակրթության զարգացման գործում: Կցանկանամ` իրականություն դառնան նրա գաղափարները»,-նշեց Թուխիկյանը:

Նա ընդգծեց, որ շատ է կարևորում մշակույթի տարբեր բնագավառներում բացակայող օրենքների հարցը: «Օրենքների գոյությունն էական է, քանի որ դրանց չլինելու պատճառով քաոս է ստեղծվում, բարդանում է այս կամ այն հաստատության կառավարումը, կամայական լուծումներ ու որոշումներ են կայացվում: Կհստակեցվեն օրենքները, ինչի արդյունքում պարզ կդառնան նաև մարդկանց պարտականությունները, իրավունքները: Դրանք օրակարգային հարցեր են»,-ասաց պատգամավորը և հույս հայտնեց, որ օրենքները շուտ կընդունվեն, և մեխանիզմները կսկսեն գործել:

Թուխիկյանը տեղեկացրեց, որ այլևս չի կարող իրականացնել Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենի պարտականությունները, քանի որ օրենքը դա բացառում է:

«Ես թանգարանի պաշտոնից հեռանալու դիմումն արդեն ներկայացրել եմ ՀՀ մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարին: Երբ հունվարի 14-ին տեղի կունենա Ազգային ժողովի առաջին նիստը, ես վայր դրած կլինեմ թանգարանի տնօրենի լիազորությունները»,-եզրափակեց Նարինե Թուխիկյանը:

Անժելա Համբարձումյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: