Հայերեն   English   Русский  

​Թումանյանին, այո, կարդացել ենք, բայց չենք հասկացել,լուսանկարներ,տեսանյութ


  
դիտումներ: 1576

Մի նախապաշարում կա՝ կապված Ամանորի հետ: Ասում են՝ շատ կարևոր է, թե նոր տարում առաջինն ով է ոտք դնում քո տուն, եթե լավ, բարի, լուսավոր մարդ է, ուրեմն տարին լավ կանցնի:

Նույնն ասում են Ամանորին ուրիշի տուն այցելության մասին: Բայց եթե առաջինը չես կարող վերահսկել, չես կարող այնպես անել, որ դուռդ թակի քո ուզած մարդը, ապա երկրորդը միանգամայն իրագործելի է:

Եթե սա սոսկ նախապաշարում չէ, իրոք այս համոզման մեջ թաքուն խորհուրդ կա, ապա ամենայն հավանականությամբ 2019 թվականն ինձ համար առանձնահատուկ կլինի, քանի որ այնպես ստացվեց, որ առաջինը Ամանորին ոտք դրեցի Թումանյանի տան շեմին: Բառի բուն իմաստով:

Թում-2

Բանն այն է, որ մեր հարյուրավոր և գուցե հազարավոր երևանցիների պես մեր ընտանիքն էլ որոշեց Նոր տարին անցկացնել Թբիլիսիում (Հայաստանում հարմար գնով հանգստյան տան տևական փնտրտուքներից հետո): Ասում եմ հարյուրավոր սահմանին գրանցվելու համար մեծ հերթ կանգնելուց հետո ստացած տպավորությունից, նաև այն հանգամանքից ելնելով, որ երբ փորձեցինք Թբիլիսիի ռեստորաններից մեկում սեղան պատվիրել, ասացին՝ հնարավոր չէ, ավելի քան 300 տեղանոց ռեստորանը նախօրոք «գրավված» է, «ռեստորանը հայերը փակել են»: Ափսոս, չկարողացա տեսնել, թե ինչպես ենք հայերս Նոր տարին տոնում ուրիշ քաղաքում, ստիպված եղանք տեղ վերցնել մի ակումբում, որտեղ, իհարկե, շատ հարմարավետ և ուրախ էր, բայց օտարներ էին:

Առաջին երկու օրը քաղաքում զբոսնելուց հետո Սուրբ Գևորգ եկեղեցում երկու հոգու խոսակցությունը լսելով՝ ուրախությամբ իմացա, որ Թումանյանի տունը հունվարի 3-ին բաց է լինելու, ուստի հաջորդ օրն ուղևորվեցինք Սոլոլակ թաղամաս՝ որոնելու Ամաղլեբա 18 հասցեն:

Թում-3

Խոստովանեմ, որ բավական հակասական մտքերի մեջ էի ճանապարհին, ափսոսանք էի զգում, որ միևնույն է, չեմ զգալու այնտեղ Թումանյանի ներկայությունը, քանի որ գիտեի՝ նրա տնից մնացել է միայն շինությունը, պատերը և ընդամենը երկու իր՝ պատի հախճապակե վառարանը և մեծ երկաթե հայելին, բայց գոհանում էի այն հեռանկարով, որ տեսնելու եմ շենքը, պատշգամբը, որտեղից բանաստեղծը և Անդրանիկը ուղերձներ են հղել հավաքված հայրենակիցներին, բարձրանալու եմ աստիճաններով, նստելու եմ նրա սիրած թախտին բակի պատշգամբում:

Թում-4

Թում-5

Բայց շատ մեծ անակնկալ էր ինձ համար այն, որ այդ տանն իրոք թումանյանական օրերի շունչ զգացի շնորհիվ համապատասխան կահավորանքի՝ գրեթե հար և նման երևանյան թանգարանի ցուցանմուշներին: Նաև հաճելիորեն զարմացրեց այն, որ այստեղ «թանգարանային» խստություն չզգացի, երբ զգուշացնում են իրերին չդիպչել, այս կամ այն ցուցանմուշին շատ մոտ չկանգնել և այլն: Աշխատակցուհին խնդրեց միայն չնստել ճոճաթոռներին, մնացած դեպքերում ազատ էինք: Իրոք այնպիսի տպավորություն էր, որ տուն ենք եկել՝ կենդանի շնչող տուն:

Ի լրումն՝ այս տան ջերմ մթնոլորտն ապահովում էր հյուրընկալ աշխատակցուհին, որ շատ սիրով ու ջերմեռանդ էր պատմում թե՛ Թումանյանի, թե՛ տվյալ կենտրոնի ստեղծման ու գործունեության մասին: Եվ, ի թիվս այլոց, լսեցի մի տեղեկություն, որ չգիտեի: Սա էլ երկրորդ անակնկալն էր: Պարզվեց, որ այս կենտրոնում երբեմնի թումանյանական մթնոլորտը վերականգնելու հարցում մեծ դեր է խաղացել նախկին առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

Թում-6

Աշխատակցուհին պատմեց, որ մի անգամ տիկին Ռիտան այցելել է իրենց և տեսնելով ժամանակակից կահ-կարասին՝ վրդովվել է, թե մարդիկ ինչպե՛ս պիտի զգան, որ Թումանյանի տուն են եկել: Նրան բացատրել են, որ այս տան եղած-չեղածը ժամանակին տեղափոխել են Երևան, ոչինչ հնարավոր չէ անել: « Ոչ, հնարավոր է, մենք Երևանի թանգարանում կնկարենք բոլոր իրերը և ձեռք կբերենք դրանց նմանակները հնաոճ իրերի խանութներից, հակառակ դեպքում վարպետներ կգտնենք և կպատվիրենք նորը պատրաստել դրանց նմանությամբ, ինչ վերաբերում է միջոցներին, ես ձեռք կբերեմ»,- ասել է նա:

Հետագայում Թումանյանի տան կահավորման աշխատանքները Ռիտա Սարգսյանը հսկել է օնլայն ռեժիմով, յուրաքանչյուր իր տեղադրվել է միայն նրա հավանությունից հետո: «Ասում եմ այն, ինչ որ կա»,- ասաց աշխատակցուհին մի տեսակ կաշկանդված, ձեռքերն իրար սեղմելով, իսկ ձայնի մեջ ակնհայտ ենթատեքստ կար՝ «գիտեմ, որ հիմա շատերին հաճելի չէ դրական բան լսել նախկին իշխանությունների մասին, բայց եթե պատմություն եմ ներկայացնում, ինչպե՞ս այդ հատվածը չասեմ»:

Երեկոյան սկսեցի փորփրել համացանցը, ուզում էի պարզել՝ վերոհիշյալ փաստը ե՞ս չեմ նկատել, թե՞ նման տեղեկություն չի եղել: Բոլոր նյութերում նշվում էին տվյալ հաստատության գոյության հետ կապված մյուս բոլոր երախտավորների անունները՝ երջանկահիշատակ Լևոն Անանյան, Վարդան Ղուկասյան, Ռուբեն Վարդանյան (IDeA հիմնադրամ), «Ջինիշյան» հիմնադրամ, վիրահայոց թեմ, բացի Ռիտա Սարգսյանից: Միայն երկու տեսագրությունում հնչեց նրա անունը: Առաջինը պատրաստել էր Հայաստանի հանրային հեռուստատեսությունը և տեղադրվել էր 2018 թ. հունիսի 18-ին, իսկ երկրորդը մի փոքր հատված էր կենտրոնի աշխատակցուհու վերոհիշյալ զրույցից: Մեր եղած ժամանակ, փաստորեն, մյուս այցելուներից ինչ-որ մեկին էլ զարմացրել էր այդ տեղեկությունը, անմիջապես հեռախոսով տեսագրել էր և շտապել էր տեղադրել համացանցում՝ տեսագրությունը վերնագրելով «Շնորհակալ են Ռիտա Սարգսյանին»:

Բայց ի՜նչ մեծ ափսոսանք ապրեցի, երբ կարդացի մեկնաբանությունները, ահավոր ամոթ զգացի հայրենակիցներիս փոքրոգության ու նեղմտության համար: Եթե կարծում ենք, որ կարդացել ենք Թումանյան և ուրիշ մեծերի, եթե կարծում ենք՝ կրթված, խելոք, խելացի ժողովուրդ ենք, եթե կարծում ենք՝ հազարամյա փառավոր մշակույթի ժառանգորդ ենք, ապա ինչո՞ւ չենք հասկացել մի տարրական բան՝ երախտապարտ լինել, եթե ազգանպաստ գործ է կատարվել: Ով էլ որ արած լինի, անկախ այն հանգամանքից՝ սիրում ենք, թե ոչ, հարգում ենք, թե ոչ: Ինչո՞ւ չենք սովորել գնահատել ըստ արժանվույն, պարզապես անաչառ լավին լավ ասել, վատին՝ վատ: Եվ անտեղի ենք կարծում, թե Թումանյան ենք կարդացել, կարդացել ենք, բայց փաստորեն ոչինչ չենք հասկացել:

Անահիտ Հարությունյան

Հ.Գ. Հիշողությունիցս չի հեռանում մի դրվագ, որ ժամանակին մի առիթով ինձ երջանկահիշատակ Սիլվա Կապուտիկյանը պատմեց: Մի անգամ Իրանում այցելում է հայկական նախակրթարան և սաներին հարցնում է, թե ինչպես է կոչվում իրենց հայրենիքը: Մի աղջնակ պատասխանում է՝ Հովհաննես Թումանյան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: