Հայերեն   English   Русский  

Հայկազ Գալստյան. «Կարևոր է, որ հայ երիտասարդները զբաղվեն պրակտիկ հրաձգությամբ»


  
դիտումներ: 2807

Պրակտիկ հրաձգությունը ողջ աշխարհում օր օրի զարգացող և մասսայականություն վայելող մարզաձևերից է:

Այսօր մարզաձևից կազմակերպվում և անցկացվում են միջազգային մրցաշարեր, աշխարհի և Եվրոպայի առաջնություններ:

Մեր հայրենակից, մոսկվաբնակ Հայկազ Գալստյանը, թեև բոլորովին վերջերս է մուտք գործել այս ասպարեզ, սակայն հասցրել է լուրջ հաջողություններ գրանցել` հաղթելով մի շարք առաջնություններում ու դառնալով Ռուսաստանի լավագույն և առաջատար մարզիկներից:
Անկախի հետ զրույցում Հայկազ Գալստյանը պատմում է ըմբշամարտիկի կարիերայի, պրակտիկ հրաձգությամբ զբաղվելու և մարզաձևը Հայաստանում զարգացնելու ու տարածելու ցանկության մասին:

-Ձեր մարզական կարիերան սկսել եք ըմբշամարտի մարզադահլիճում` մասնակցելով օլիմպիական խաղերի ու միջազգային մրցաշարերի, լավագույն մարզիկների շարքում ընգրկվելով:

-1993 թվականից եմ սկսել զբաղվել հունահռոմեական ըմբշամարտով: Եղբայրներիս ելույթներին հետևելով, հասկացա, որ մարզաձևն ինձ գրավում է: Մասնակցել եմ բազմաթիվ միջազգային մրցաշարերի, Եվրոպայի, աշխարհի առաջնությունների, 2000 և 2004 թվականների օլիմպիական խաղերին: 2000 թվականի Սիդնեյի օլիմպիական խաղերում բացման արարողության ժամանակ Հայաստանի հավաքականի դրոշակակիրն եմ եղել: Ծանրքաշային

Հայկազ Գալստյան

կարգում էի հանդես գալիս, Հայաստանում չունեի մրցակիցներ, ինչը փորձի առումով բացասական ազդեցություն ունեցավ: Բայց, այնուամենայնիվ, բավական լավ արդյունքներ եմ ցույց տվել, օլիմպիական խաղերի ուղեգիր եմ ձեռք բերել` 7-րդ և 10-րդ հորիզոնականները զբաղեցնելով: Սպորտը թողնելուց հետո մոտավորապես 2009-2010 թթ. տեղափոխվել եմ Մոսկվա:

-Սպորտի հանդեպ սե՞ րը պատճառ հանդիսացավ, որ տարիներ հետո վերսկսեցիք մարզումները` այս անգամ Ձեր ուժերը փորձելով պրակտիկ հրաձգությունում:

- Առանց սպորտի ապրել հնարավոր չէ: 2016-ին որոշեցի գնալ հրաձգարան` կրակելու: Ծանոթացա մարզաձևին, հասկացա որ այն շատ դինամիկ է և հետաքրքիր: Պրակտիկ հրաձգությունն ամբողջ աշխարհում տարածված է: ԱՄՆ-ից է եկել այս մարզաձևը և գոյություն ունի 50-ից ավել տարի: Մարզաձևից անցկացնում են աշխարհի և Եվրոպայի առաջնություններ, միջազգային մրցաշարեր: Այն շատ լավ է ազդում ուղեղի, մտքի զարգացման վրա, ինքանկառավարման համար է կարևոր, ուժեղացնում է մարզիկի ռեակցիան:
Մարդիկ արդյունքի հասնելու համար երկար տարիներ պարապում են: Ես կարճ ժամանակահատվածում կարողացա հաջողություններ գրանցել: 2017 թվականին դուելային մրցաշարում արժանացա Ռուսատանի չեմպիոնի կոչմանը` հաղթելով 7-ակի չեմպիոնին:

Տարվա կարևորագույն մրցաշարն անցկացվում է ամբողջ Ռուսաստանի հրաձիգների միջև: Այդ ստուգատեսում գրավեցի երկրորդ տեղը` փորձի պակասի պատճառով զիջելով երկրի ամենատիտղոսակիր մարզիկին նվազագույն միավորով: 2018-ին ճանաչվեցի Մոսկվայի լավագույն հրաձիգ:
Այժմ վերսկսել եմ մարզումներս և նախապատրաստվում եմ Եվրոպայի առաջնությանը: Ցանկանում եմ ներկայացնել Հայաստանը: Ամեն ինչ անելու եմ, որպեսզի հաղթող ճանաչվեմ: Աշխարհում այս մարզաձևը ներկայացնող միակ հայ մարզիկն եմ, որ նման արդյունք ունեմ: Մրցաշարերի ժամանակ Ռուսաստանի դրոշի հետ կապում եմ նաև Հայաստանի դրոշը: Մոտ ապագայում անպայման ցանկանում եմ մարզաձևի զրագացմամբ զբաղվել Հայաստանում:

-Նշեցիք, որ միջազգային մրցաշարերում ցանկանում եք ներկայացնել Հայաստանը: Ի՞նչ ծրագրեր ունեք, որոնք պատրաստվում եք կյանքի կոչել:

-Երբևէ ոչ մի մրցաշարում չեմ հանդիպել Հայաստանը կամ այլ երկիր ներկայացնող հայ մարզիկի: Մարզաձևն իսկապես շատ հետաքրքիր է, արագ տարածվում է: Ողջ աշխարհում բազմաթիվ մարդիկ կան, որ զբաղվում են պրակտիկ հրաձգությամբ: Ռուսաստանում մարզաձևը շուրջ 17 տարվա պատմություն ունի: Շատ կարևոր է, որ հատկապես հայ երիտասարդները զբաղվեն այս մարզաձևով, որպեսզի զենքին, զենքի տեսակներին տիրապետելու ձևերին ծանոթ լինեն, տիրապետեն անվտանգության կանոններին, քանի որ տարբեր զենքերով ենք կրակում մրցումների ժամանակ: Պետք է այնպես անենք, որ մարդկանց համար մարզաձևը լինի մատչելի և հասանելի: Ներդրումների միջոցով կփորձենք ապահովել համապատասխան պայմաններ:

Մարզաձևը յուրահատուկ է, տարիքային սահմանափակումներ չկան: Պրակտիկ հրաձգությունը շատ դինամիկ է: Զարգացնում է ուղեղը, նպաստում է արագ կողմնորոշմանը, հավասարակշռության պահպանմանը, ինչն օգնում է թե՛ կյանքում, թե՛ աշխատանքում: Կարևոր են նաև ֆիզիկական տվյալները. մարզիկները ոչ միայն կրակում են, այլև վազում` փորձելով ժամանակի մեջ տեղավորվել, քանի որ թիրախները շատ արագ են շարժվում: 1 վայրկյանը մեզ համար հսկայական ժամանակ է: Հոգեհարազատ մարզաձև է ինձ համար: Նպատակ ունեմ հանդես գալ ոչ միայն որպես մարզիկ, այլև որպես մարզիչ:

-Տարիների փորձ, գրանցած հաղթանակներ և ձեռքբերումներ ունեք ըմբշամարտում ու հրաձգությունում. ի՞նչ է հարկավոր սպորտում հաջողության հասնելու համար:

- Հաջողության հասնելու համար հարկավոր է լինել աշխատասեր ու համառ: Ոչ մի պարագայում չպետք է հուսահատվել: Եթե կա նպատակ, ապա հարկավոր է համբերատար ու հաստատուն հասնել դրան և հաջողության հասնելու դեպքում չտարվել աստղային հիվանդությամբ: Այդ կերպ դաստիարակվում են նաև տղաներս, որոնք նույնպես զբաղվում են սպորտով` ջրագնդակով: Նրանց թիմը լուրջ հաջողություններ է գրանցել այդ ասպարեզում` դառնալով Մոսկվայի չեմպիոն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: