Հայերեն   English   Русский  

​Եթե դատապարտյալը չի ընդունում իր մեղքը, ապա չի կարող խոսք լինել ներման մասին.Արթուր Ղազինյան


ֆբ գրառում


  
դիտումներ: 543

Facebook-ի իր էջում գրել է ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Խնդրում եմ մեկ բան հաշվի առնել. Ներում շնորհում են մեղավորին, ինչի հիմքում մեղքի խոստովանությունն է, ապաշխարումը, տուժող կողմի հետ համաձայնության ձեռք բերումը` փաստացի հաշտությունը:

Իսկ անմեղին արդարացնում են` վերացնելով դատական սխալն ու վերականգնելով արդարությունը:

Եթե դատապարտյալը չի ընդունում իր մեղքը եւ պնդում է, որ ազատազրկման է դատապարտվել դատական սխալի հետևանքով, ապա չի կարող խոսք լինել ներման մասին:

Այդ դեպքում անհրաժեշտ է նախաձեռնել նախաքննության կամ դատաքննության նոր փուլ` նոր ի հայտ եկած հանգամանքներով եւ որոշել դատավճռի ճակատագիրը:

Խնդիրն առավել սուր է, երբ խոսքը գնում է առանձնակի դաժանությամբ կատարված սպանության համար մահապատժի դատապարտված, ապա ներման արդյունքում ցմահ ազատազրկման դատապարտվածի մասին, հատկապես, որ տուժող կողմի իրավահաջորդը պնդում է պատժի մինչ վերջ կրելու իր դիրքորոշումը: Այսինքն չկա փաստացի հաշտություն դատապարտյալի եւ տուժող կողմի ներկայացուցիչների միջեւ»:

Հիշեցնենք, որ բազմաթիվ բժիշկներ ստորագրահավաք են սկսել ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանին ներում շնորհելու խնդրագիրը մերժելու հարցով։ Արդեն մի քանի օր է՝ համացանցում տեղեկություններ են տարածվում, որ շուտով ազատ կարձակվի ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանը։ Նաև տեղեկություն է տարածվել, որ ներման հանձնաժողովը՝ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ, դրական եզրակացություն է տվել Մհեր Ենոքյանին ներում շնորհելու նախագծին, և օրերս նրան ներում կշնորհվի։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: