Հայերեն   English   Русский  

Եվս երկու ամսո՞վ. ՀՔԾ-ն Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել


  
դիտումներ: 1296

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը միջնորդություն է ներկայացրել ՀՔԾ՝ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջով։

Հատուկ քննչական ծառայությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

«Հատուկ քննչական ծառայությունը Ռոբերտ քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել»,- ասաց նա:

Հունվարի 9-ին դատախազն ու քննիչը ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել նախագահող դատավորին: Ինքնաբացարկ ներկայացնելու համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ դատավորը մարտի 1-ի առնչությամբ մեկ այլ մեղադրյալի գործով ինքնաբացարկ է հայտարարել՝ նշելով, որ իրենց ընտանիքներն ունեն բարեկամական կապեր:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով ազատ արձակմամբ փոխարինելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը: Գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը պաշտպանները ներկայացրել են դեկտեմբերի 26-ին:

Հիշեցնենք`Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301.1 հոդվածով` Սահմանադրական կարգը տապալելը, որն ընդունվել է 2009թ.–ին։ Իսկ մինչ այդ քրեական օրենսգրքում առկա 300 հոդվածը` պետական իշխանությունը յուրացնելը, որը ՀՔԾ–ի մեկնաբանությամբ նույնանում է այսօր գործող 300.1 հոդվածի հետ, Քոչարյանի փաստաբանների համոզմամբ, այլևս իրավական ուժ չունի։

Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: