Հայերեն   English   Русский  

«Մեր հասարակությունը վաղուց պատրաստ է խաղաղությանը». Հովհաննես Իգիթյան


  
դիտումներ: 370

«Այս բոլոր հանդիպումներն ուղղված են ստեղծելու մթնոլորտ, որտեղ կարելի է բանակցել»:

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը:

Հիշեցնենք, որ Հունվարի 16-ին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաների միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Քննարկվել են նաև ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն, անվտանգությանն ու տարածաշրջանային կայուն զարգացմանը վերաբերող հարցեր:

Ըստ Իգիթյանի ՝ համանախագահների հայտարարությունում խոսքը գնում էր բանակցությունների համար մթնոլորտ ստեղծելու մասին.« Դա գալիս է Վիեննայի պայմանավորվածությունից: 2016 թվականին Քառօրյա պատերազմից հետո առաջին հերթին մենք, հետո Մինսկի խումբը շեշտեցին, որ անհնար է ունենալ որևէ բանակցություն այս իրավիճակում, երբ մի կողմը(անուղղակիորեն նշվում էր Ադրբեջանը) փորձում է անընդհատ հարցը լուծել ռազմական միջոցներով»,-նշեց պատգամավորը՝ ընդգծելով՝ սա է պատճառը , որ Քառօրյա պատերազմից տարիներ անց բանակցություններ չկան:

Անդրադառնալով ժողովուրդներին խաղաղության նախապատրաստմանը, Հովհաննես Իգիթյանը նկատեց, որ մեր հասարակությունը վաղուց պատրաստ է խաղաղությանը.«Եթե պատրաստ չլիներ, ապա 1994 թվականին ո´չ Հայաստանի կողմը, ո´չ ԼՂՀ կողմը չէին ստորագրելու համաձայնագիրը զինադադարի մասին»:

Դիտարկմանը, թե քննարկումներ կան, որ Վիեննայի պայմանավորվածություններին փոխարինելու են եկել վերելակային բանակցությունները, Իգիթյանն արձագանքեց.« Թե վարչապետ Նիկոլ Փաշինյան, թե վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, թե Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպմուներն ուղղված են Վիեննայի պայմանավորվածությունների իրականացմանը »:

Իսկ ինչ վերաբերում է «վերելակային համաձայնությանը», ապա, Իգիթյանի խոսքով, չկա այդպիսի բան.«Երբ ինչ-որ մեկը ուզում է հեգնել որևէ բան, սկսում է հորինել նման բաներ: Այդպիսի միջազգային հանդիպումների ժամանակ որոշ բառակապակցություններ, որոնք փոխանակվում են երկրների ղեկավարների կողմից, կարող են լինել թե սեղանի շուրջ, թե վերելակում, թե միջանցքներում: Ընդգծելով, թե որտեղ է հանդիպումը տեղի ունեցել, մոռանում ենք , թե ինչ է խոսվել: Երկրի ղեկավարները ծանոթանալով, ըստ էության, հաստատեցին Վիեննայի պայմանավորվածության կարևորությունը»:

Իգիթյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ արտգործանախարարների հանդիպումը տևել է 3 ժամից ավել.«Ձեզ թվո՞ւմ է՝ 4 ժամ խոսել են հաջորդ հանդիպումը կազմակերպելու մասին: Ո´չ: Այնտեղ Կասպրչիկի ներկայություն խոսում է այն մասին, որ քննարկվել է մոնիտորինգի էֆեկտիվ մեխանիզմ ստեղծելու գաղափարը »,- նշեց նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: