Հայերեն   English   Русский  

Աջափնյակում մետրոյի 2 կայարան կկառուցվի. Արթուր Մեսչյան


  
դիտումներ: 342

Երևանի մետրոպոլիտենի` ևս մի քանի կայարան ավելացնելու ծրագիրն ենք սկսել:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

Մասնավորապես, Աջափնյակում մետրոյի երկու կայարան կավելացվի. «Ուզում ենք քաղաքը կապել Աջափնյակի հետ և թեթևացնել տրանսպորտային բեռը: Հետագայում այդպես կանենք նաև Դավիթաշենում, դա արդեն կլինի մի փոքր հետո: 2-րդ կարևոր ծրագիրը ճոպանուղին է, որը պետք է Նորքը կապի քաղաքի կենտրոնին: Ճոպանուղին շատ ավելի արագ կստացվի իրագործել, որովհետև գումարային առումով այն շատ ավելի համեստ է մետրոյի համեմատ:

Խնդիրները շատ-շատ են: Ամենակարևորը՝ ինչքանով են դրանք ռեալ, կարող եմ ասել՝ ռեալ են, ուղղակի պետք է աշխատել:»,- նշեց Մեսչյանը:

Նա հիշեցրեց, որ մետրոպոլիտենի Աջափնյակի կայարանի համար տարիներ առաջ արդեն ներդրում կատարվել է` շուրջ 250 մլն դրամ է ծախսվել: Մեսչյանի համոզմամբ` հիմա էլ կլինեն ներդրողներ:

Ճոպանուղու կառուցման և շահագործման հարցը, ըստ Մեսչյանի, շատ ավելի արագ կլուծվի: «Ֆինանսական առումով ճոպանուղին ավելի քիչ ծախսեր կպահանջի մեզնից, քան մետրոյի նոր կայարանը: Տեսեք` ինչքան էլ շատ գումար ունենանք, Մասիվը մետրոյի կայարան չի կարող ունենալ, դրա համար խնդրին պետք է այլ կերպ լուծում տալ: Ճոպանուղին կլինի երկու տեսակի` ինչպես զբոսաշրջիկների համար, այնպես էլ պարզապես որպես տրանսպորտ: Բնականաբար, որպես տրանսպորտ ծառայող ճոպանուղին չի կարող լինել 6 տեղանոց, այն 12-14 տեղանոց կլինի»,- ասաց Մեսչյանը՝ հավելելով, որ ճոպանուղու ուղղությունը փոխվելու է, և այն կունենա երկու կանգառ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: