Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ն Վենեսուելա ռազմական ներխուժման է պատրաստվում. ՄԱԿ-ում Վենեսուելայի մշտական ներկայացուցիչ


Խորխե Վալերոյի ելույթի ժամանակ ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի տեղակալը լքել է նիստերի դահլիճը


  
դիտումներ: 391

Միացյալ Նահանգների կառավարությունը Վենեսուելա զորք մտցնելու պատրաստություն է տեսնում: Այդ մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Reuters գործակալությանը, այսօր Զինաթափման խորհրդաժողովում հայտարարել է ՄԱԿ-ի Ժնևի բաժանմունքին առընթեր Բոլիվարական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Խորխե Վալերոն:

Բանավեճի ընթացքում Վալերոն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն իր երկիր ռազմական ներխուժման է պատրաստվում և տարակուսանք հայտնեց, որ ԱՄՆ-ն Կարակասի վրա «դիկտատ հաստատելու» իրավունք ունենա:

Իր հերթին ամերիկյան ներկայացուցչի տեղակալ Սինթիա Փլաթը հայտարարել է, որԱՄՆ-ն կշարունակի օգտագործել «իր տնտեսական և դիվանագիտական գործիքների ողջ համալիրը Խուան Գուայդոյին զորակցելու համար»: Գործակալությունը նշում է, որ վենեսուելացի մշտական ներկայացուցչի ելույթի ժամանակ Փլաթը լքել է նիստերի դահլիճը, բայց հետո վերադարձել է:

Հունվարի 23-ին Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն, որի նշանակումը խորհրդարանի խոսնակի պաշտոնում երկու օր առաջ չեղարկել էր Վենեսուելայի գերագույն դատարանը, իրեն հռչակեց երկրի նախագահի պաշտոնակատար: Նույն օրը Միացյալ Նահանգները նրան ճանաչեց որպես երկրի ժամանակավոր ղեկավար, որից հետո Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածը որակեց հեղաշրջման փորձ և հայտարարեց Միացյալ Նահանգների հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին:

Շուտով որպես Բոլիվարական Հանրապետության նախագահ Գուայդոյին ճանաչեցին Լիմայի խմբի երկրները՝ բացառությամբ Մեքսիկայի, Ամերիկյան պետությունների կազմակերպությունը, Ավստրալիան, Ալբանիան, Վրաստանը և Իսրայելը: Իսպանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Նիդեռլանդները հունվարի 26-ին հայտարարեցին, որ Գուայդոյին ճանաչում են որպես ժամանակավոր նախագահ, եթե Մադուրոն ութ օրվա ընթացքում նոր ընտրություններ չհայտարարի: Մադուրոյին պաշտպանություն հայտնեցին Ռուսաստանը, Բելառուսը, Բոլիվիան, Իրանը, Կուբան, Նիկարագուան, Սալվադորը և Թուրքիան:

Չինաստանը կոչ արեց բոլոր հակասությունները լուծել խաղաղ ճանապարհով և հանդես եկավ արտաքին միջամտության դեմ, իսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ արեց ճգնաժամը հաղթահարելու համար երկխոսություն սկսել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: