Հայերեն   English   Русский  

Ձեր PR կամպանիան շաքարով կտրեմ կամ, ավելի ճիշտ, Ձեր PR փուչիկը քորոցով պայթեցնեմ.Մարինա Խաչատրյան


ֆբ գրառում


  
դիտումներ: 488

Շատ գեղեցիկ, գործից անտեղյակ մարդկանց մոլորեցնելու, «անվճար» բառը շահարկելու միջոցով, պարո՛ն Թորոսյան, Դուք կարճ ժամանակով բարձրացրեցիք Ձեր վարկանիշը:

Ձեր լայնածավալ ասուլիսում ներկայացրեցիք 10 կետ, որոնք պետք է արմատապես բարեփոխեն ՀՀ-ում առողջապահության ոլորտը, ապահովեն ՀՀ քաղաքացիների կյանքն ու առողջությունը։

«Թորոսյան» փուչիկներին կանդրադառնամ պարբերաբար և հետևողականորեն։
Այսօր ցանկանում եմ խոսել չարորակ նորագոյացությունների վիրահատական բուժման մասին, որն ըստ Ձեր խոսքերի՝ ԱՅՍՈՒՀԵՏ իրականացվելու է բացարձակ անվճար։
Պարո՛ն Թորոսյան, եթե չգիտեիք, ասեմ-իմացեք։ Հայաստանի Հանրապետությունում, նույնիսկ ՄԻՆՉԵՎ Ձեր բժշկական ասպարեզ մտնելը եղել են ու կան խմբեր, որոնք անկախ Ձեր ցանկությունից ու հրամանից բացարձակապես անվճար ստացել են բուժ. օգնություն, այդ թվում նաև չարորակ նորագոյացությունների դեպքում։

Իրենց ստացիոնար բուժման համար մինչև Ձեր հրամանը չեն վճարել մինչև 7 տարեկան երեխաները, մինչև 18 տարեկան երեխաներն անհետաձգելի բուժման անհրաժեշտության դեպքում, հաշմանդամության I, II, III կարգ ունեցող անհատները, «Փարոս» համակարգում ընդգրկված ընտանիքի բոլոր անդամները, Պաշտպանության նախարարության, ԱԱԾ և Ոստիկանության աշխատակիցները և նրանց ընտանիքի անդամները, ապահովագրություն ունեցող անձինք, սոց. փաթեթի շահառուները և այլ խմբերում ընդգրկված բազմաթիվ անձինք։

Բոլորին տեղեկացնեմ նաև, որ չարորակ նորագոյացությունների վիրահատական բուժումը բացարձակապես անվճար է եղել հիվանդների շուրջ 60-70%-ի համար արդեն նշածս պատճառներով։ Այնպես-որ, Թորոսյանի հրամանը կիրառելի է քաղաքացիների միայն 30-40%-ի համար։

Այժմ անդրադառնանք այդ 30-40%-ին։
Եթե Դուք մի փոքր հարցում կատարեիք, ապա կիմանայիք, որ պետ.պատվերով կատարվող վիրահատությունների համար նաև չարորակ նորագոյացություններով հիվանդները ստիպված են լինում հերթագրվել, հաճախ նրանք ստիպված են լինում սպասել ամսից ավելի։ Որպեսզի հնարավոր լինի փրկել հիվանդի կյանքը, նրա հարազատները հաճախ վճարում են համավճար` «հերթն առաջ գցելու» համար։ Այժմ, այդ նույն հերթն առաջ գցելու համար հիվանդը ստիպված է լինելու վիրահատվել վճարովի հիմունքներով, որը շուրջ 2 անգամ ավելի թանկ է, քան համավճարով բուժումը։ Փաստենք, որ հերթագրումներն անխուսափելի են։
Ինչպես և Ձեր նախկինները, այնպես էլ Դուք ծրագրում եք ուղղորդել չարորակ նորագոյացություններով հիվանդներին կոնկրետ կլինիկաներ։
Որպես հիմնավորում բերում եք այն հանգամանքը, որ տվյալ հիվանդանոցում պետք է լինեն չարորակ նորագոյացությունների վիրահատակն և ոչ վիրահատական բուժման բոլոր եղանակները, մասնագետները, ժամանակակից սարքավորումները, tumor-board կազմակերպելու հնարավորություն։
Պարո՛ն Թորոսյան, պիտի Ձեզ հիասթափեցնեմ։ Այդպիսի հիվանդանոցներ Հայաստանում գոյություն չունեն։
Հանդիսանալով նեյրովիրաբույժ, մանրամասն տիրապետում եմ Հայաստանում առկա նեյրովիրաբուժության ոլորտին և կարող եմ Ձեզ ու մեր հայրենակիցներին վստահեցնել, որ գլխուղեղի և ողնուղեղի ուռուցքներով հիվանդների ժամանակակից և լիաժեք վիրահատական բուժման համար Հայաստանում շատ բան է պակասում։
Մեկ հիվանդանոցում առկա է նեյրովիրաբուժական միկրոսկոպ, միկրոգործիքներ, սակայն այնտեղ բացակայում են քիմիոթերապիան և ճառագայթային բուժումը։ Մյուսում առկա են նեյրոնավիգացիոն, ստերեոտաքսիկ, էնդոսկոպիկ սարքավորումներ, քիմիոթերապիա, սակայն բացակայում են ներվիրահատական էլեկտրոներյոմոնիտորինգը և ճառագայթային բուժումը։ Երրորդ կենտրոնում ակտիվորեն իրականացվում է ճառագայթային և քիմիոթերապիա, սակայն նույնիսկ նեյրովիրաբուժական միկրոսկոպ չկա։ Հիմա այս կիսատ–պռատ իրավիճակում ինչպե՞ս եք կողմնորոշվելու, թե որն է Ձեր «սիրելի» և ընդունելի հիվանդանոցը։
Միաժամանակ, Դուք խախտում եք մարդու` իր բժշկին ընտրելու իրավունքը։
Թե՞ կրկին գործելու է «Սերժի թվի» откат-ի մեխանիզմը և հիվանդներն ուղղորդվելու են այնտեղ, որտեղ Ձեզ է անհրաժեշտ։
Անընդունելի են նաև քիմիաթերապևտների ու ճառագայթաբանների այն պնդումները, թե իրենք կարող են այդ բուժօգնությունը ցույց տալ միայն իրենց կենտրոնում վիրահատված հիվանդներին։ Բա հետո՞ …
Իհարկե կծիծաղեի, եթե այդքան լացելու չլիներ «Ազատության» կիրակնօրյա եթերում Ձեր կողմից հնչեցրած այն միտքը, թե փոխհատուցում կտրվի միայն այն դեպքերում, եթե բիոպսիայի և հիստոլոգիական քննության միջոցով պարզվի ուռուցքի չարորակության փաստը։
Դե հիմա պատկերացրեք. քաղաքացին վճարում է, որպեսզի կատարվի իր գլխուղեղի ուռուցքի բիոպսիա (կատարվում է նարկոզով, հեռացվում է գանգոսկրի որոշ հատված), այնուհետև պարզված չարորակ նորագոյացության համար դիմում է հերթագրման, ապա, երբ հասնում է իր հերթը` պարզվում է, որ բժշկությունն արդեն անզոր է իրեն օգնել կամ ստանում է երկրորդ նարկոզը, երկրորդ անգամ են բացում գլխուղեղը և այլն։ Մինչդեռ այս խայտառակ քյանդրբազությունն անելու փոխարեն անհրաժեշտ էր վիրահատել առաջին իսկ նարկոզի պարագայում։
Ծաղրո՞ւմ եք մեր քաղաքացիներին։
Պրակտիկ բժիշկ-մասնագետի համար պարզ է, որ Դուք չեք տիրապետում աշխարհում և Հայաստանում առկա բժշկության նրբություններին։
Պարո՛ն Թորոսյան, Դուք անգամ ի վիճակի չեղաք կազմակերպել սահմանամերձ շրջանի բնակչի բուժումը հեմոռագիկ կաթվածի սուր փուլում պետական պատվերի շրջանակներում։ Ինչպե՞ս եք դուրս գալու այս աջաբսանդալ ծրագրի տակից։
Շարունակելի ….

Բժիշկ-նյարդավիրաբույժ՝
Մարինա Խաչատրյան




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: