Հայերեն   English   Русский  

Կանայք կինոյում. ինչի՞ պակաս ունեն նրանք, ունակությունների՞, թե՞ հնարավորությունների


  
դիտումներ: 1814

Եթե հարց տանք հանրությանը, թե կա՞ն ասպարեզում կին ռեժիսորներ, հավանաբար չի գտնվի մեկը, որ դրական չպատասխանի, իսկ եթե խնդրենք անուններ թվարկել, մեծ մասը կկարկամի:

Գենդերային հավասարակշռության կամ կանանց և տղամարդկանց հավասարության ջատագովները մեզանում հիմնականում զբաղված են որոշումների ընդունման մակարդակում՝ կառավարման և օրենսդիր մարմիններում կանանց ներկայությունը մեծացնելու հարցերով և համեմատաբար քիչ ուշադրություն են դարձնում մեր կենսագործունեության այլ ոլորտներին, մանավանդ՝ մշակույթին:

Ինչ վերաբերում է կինոյին, ինչքանով մեզ հայտնի է, չկա որևէ ուսումնասիրություն, որ պատասխան տա այն հարցին, թե ինչու են կանայք այնքան սակավաթիվ, տաղա՞նդ չունեն, թե խնդիրն այլ հարթությունում է:

Աշխարհում էլ, ի դեպ, իրավիճակն առանձնապես ավելի տպավորիչ չէ, սակայն մտահոգություններ տարեցտարի ավելի ու ավելի հաճախ են արտահայտվում, նույնիսկ իրավիճակը փոխելու նախաձեռնություններ են հանդիպում: Ստորև ներկայացում ենք որոշ օրինակներ՝ օգտվելով ԲիԲիՍի-ի հրապարակումներից:

Ինչո՞ւ են կանայք հազվադեպ հայտնվում մրցանակաբաշխությունների անվանակարգերում

Այս տարի «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն ռեժիսոր» անվանակարգի հավակնորդների շարքում կանայք չկան: Բայց դա հազվադեպ երևույթ չէ: Իր գոյության 91 տարիների ընթացքում Ամերիկայի կինոակադեմիան այդ անվանակարգում ընդամենը հինգ կնոջ է առաջադրել:

Այս տարվա «Օսկարի» կարճ ցուցակները հրապարակվելուց հետո սոցցանցերում հերթական անգամ բանավեճ սկսվեց: Հարց է՝ ինչպե՞ս պետք է առաջադրել կին ռեժիսորներին, գենդերային հավասակշռություն ապահովելու համա՞ր, թե՞ այնուամենայնիվ ըստ արժանիքների ու ավանդի:

«Ընդգրկել կնոջ անուն, որպեսզի քվոտա ապահովվի, սեքսիզմ է և ապտակ կանանց: Հետո՞ ինչ, որ միայն տղամարդիկ են առաջադրվել: Պարզապես նրանց ֆիլմերն ավելի լավն են, և վերջ: Հերիք է ամեն ինչ մեկնաբանել որպես սեքսիզմ/ռասիզմ»,- գրել է թվիթերի կին օգտատերերից մեկը:

Կինո-կին-1

Բրիտանական կանանց ընկերության նախագահ Լիզ Թաքերը ԲիԲիՍի-ի հետ զրույցում դրան այսպես է պատասխանում. «Դժվար է հավատալ, որ ողջ պատմության ընթացքում միայն հինգ կին է արժանացել այդ պատվին: Մենք որևէ արտոնություն չենք խնդրում… Ոչ ոք չի վիճում, առաջադրված բոլոր ֆիլմերն էլ հոյակապ են, բայց մի՞թե իրականում ամենալավն են: Անցած տարի իմ ամենահավանած ֆիլմն էր «Կարո՞ղ եք ինձ ներել», և ոչ այն պատճառով, որ այն կին է նկարահանել: Այդ մասին ես հետո եմ իմացել»:

Կինո-կին-2

ԲիԲիՍի-ի թղթակից Նիլ Սմիթի կազմած այլընտրանքային ցուցակի համաձայն՝ առնվազն հինգ կին ռեժիսոր կարող էր ընդգրկված լինել հավակնորդների շարքում. Դեբրա Գրանիկը («Հետքեր մի թողնիր»), Մարիել Հելլերը («Կարո՞ղ եք ինձ ներել»), Լին Ռեմսին («Դու երբեք այստեղ չես եղել»), Ջոզի Ռուրկը («Երկու թագուհի») և Քլոյա Չժաոն («Հեծյալը»):

Ուրեմն ինչո՞ւ են կանայք այդքան հազվադեպ հայտնվում անվանակարգերում:

Որոշ քննադատների կարծիքով՝ կինոստուդիաներն այնքան էլ ջանասիրաբար չեն գովազդում կանանց նկարած ֆիլմերը: Հավակնորդներին առաջադրելը, գովազդի համար հատկացվող գումարների մեծությունը խիստ քաղաքականացված են, բացի այդ, առաջվա պես գործում է տղամարդկանց համերաշխությունը: Վերջապես, չի կարելի անտեսել այն հանգամանքը, որ կանանց նկարահանած ֆիլմերն էապես ավելի փոքրաթիվ են: 2018 թվականին վարձույթ մտած 100 ամերիկյան ֆիլմերից միայն չորսն են կանայք նկարել: Եվ սա ավելի քիչ է, քան 2017 թվականին, երբ 100 կինոնկարներից 8 տոկոսն էր կին ռեժիսորներինը:

Լավ, մի կողմ թողնենք փառքն ու պարգևները և հարցին նայենք զուտ ֆիլմերի շահութաբերության տեսանկյունից: Պատկերը չի փոխվում: Ըստ ամերիկյան Time's Up («Ժամանակն է») նախաձեռնող խմբի տվյալների՝ վերջին տասնամյակի առավել շահութաբեր ֆիլմերի ընդամենը 4 տոկոսն են կանայք նկարահանել: Եվ այժմ այդ քարոզարշավի ակտիվիստները կոչ են անում Հոլիվուդի կինոստուդիաներին և կինոյի երևելի աստղերին փոխել իրերի դրությունը:

Time's Up քարոզարշավն իրականացվում է #4percentchallenge հեշթեգով, որին արդեն արձագանքել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Թեսսա Թոմսոնը, Բրի Լարսոնը և Բրայս Դալլաս Հովարդը:

Կանանցից՝ փորձ, տղամարդկանցից՝ պոտենցիալ

«Չորս տոկոսը տխուր թիվ է,- ասել է ԲիԲիՍի Ռադիո 1-ին տված հարցազրույցում բրիտանացի ռեժիսոր Ջորջիա Փարրիսը, որի առաջին լիամետրաժ «Մարի» ֆիլմն անցյալ տարի ներկայացվել է Լոնդոնի կինոփառատոնում:- Սա հին խնդիր է. կանանց վարձում են ըստ նրանց աշխատանքի փորձի, իսկ տղամարդկանց՝ ըստ նրանց պոտենցիալի: Բայց եթե մեզ անհրաժեշտ փորձ ձեռք բերելու հնարավորություն չտան, ապա ինչպե՞ս կարող ենք լուծել այդ խնդիրը»:

Նրա կարծիքով՝ այն հաջողությունը, որ ունեցավ 2017 թվականին «Հրաշք կինը» բլոկբաստերը, ցույց է տալիս, որ իրավիճակը սկսում է փոխվել: «Կարծիք կա, որ կանայք հակված են նկարելու առավել զգացմունքային բաների մասին, որոնք հետաքրքրում են հիմնականում կանանց, և այդ ֆիլմերի արտադրությունը շատ ծախս չի պահանջում: Բայց եթե նայեք, օրինակ, «Հրաշք կինը», ապա այն շատ լավ օրինակ է: Եվ հիմա մենք տեսնում ենք, որ կանանց սկսում են մեծ բյուջեով ֆիլմեր վստահել»,- ասում է ռեժիսորը:

Կարևոր է և այն, որ #4percentchallenge-ի նման քարոզարշավներն ինքնավստահություն են տալիս նոր սերնդի ռեժիսորներին, որոնցից է Բեատրիս Սաթքլիֆը:

Բեատրիսը նաև համակարգում է «Կանայք կինոյում» փառատոնը, որը մտահղացել է բրիտանական Like Minded Females («Համախոհ կանայք») նախաձեռնող խումբը և անցկացվելու է Լոնդոնում այս տարվա ապրիլին:

«Մենք կարծես Միջնադարում լինենք այն տեսանկյունից, թե կանանց կերպարներն ինչպես են ներկայացված էկրանին, և առհասարակ ինչպես են կանայք ներկայացված կինոարդյունաբերությունում,- կարծում է Սաթքլիֆը:- Մենք պետք է փորձենք կանանց առաջնագիծ բերել, որովհետև իրավիճակը պարզապես համարժեք չէ, և ես ամեն ինչ ուզում եմ անել, որպեսզի կոտրեմ դա»:

Պե՞տք են արդյոք գերունակություններ

Time's Up խումբը պնդում է, որ կանանց նկարահանած ֆիլմերն ավելի հաճախ են պատկերում տարբեր տարիքների և տարբեր էթնիկական խմբերի կանանց:

«Կին ռեժիսորները նաև ավելի հաճախ են կանանց ընդունում նկարահանող խմբի առանցքային պաշտոններում,- ասվում է նախաձեռնող խմբի հայտարարությունում:- Այդպիսով կինոարդյունաբերությունն ավելի մարդկային գործընթաց է դառնում, երբ հաջողությամբ ու համերաշխ աշխատում են տարբեր տարիքների և սոցիալ-էթնիկական խմբերի մարդիկ»:

Այդ արշավի ակտիվիստները կոչ են անում դերասաններին առաջիկա մեկուկես տարին նկարահանվել որևէ կին ռեժիսորի մոտ: Եվ արդեն մի շարք դերասաններ ու դերասանուհիներ՝ Էմի Շումեր, Արմի Համմեր, Ջորդան Փիլ, Ջուլիետ Սմոլլեթ, Ռիզ Ուիզերսփուն և Զազի Բիթց, աջակցել են այդ արշավին:

Բրիտանիայում նույնպես ջանքեր են գործադրվում այդ ուղղությամբ: 2018 թ. Լոնդոնի կինոփառատոնում ցուցադրված կինոնկարների 38 տոկոսը նկարահանել էին կանայք:

Այնպիսի խոշոր կինոընկերություններ, ինչպիսիք են Ջեֆրի Աբրամսի Bad Robots-ը, Universal-ը и Disney-ը, զորակցել են արշավին, իսկ Disney ստուդիայի գործադիր տնօրեն Բոբ Այգերը հայտարարել է թվիթերում, որ իր ընկերությունը ոչ միայն ընդունել է դա, այլև արդեն նախապատրաստվող և նկարահանվող ֆիլմերի 40 տոկոսի ռեժիսորները կանայք են:

Մի՞թե ավելի կարևոր չէ աշխատանքի վերցնել առավել համատասխանող մարդու՝ անկախ սեռական պատկանելությունից: Սա տակավին հռետորական հարց է և ոչ միայն կինոյի ոլորտում:

«Տղամարդիկ կարող են հոյակապ կինո ստեղծել, այդ թվում և շատ հուզիչ, կանանց սրտամոտ սյուժեներ: Բայց վերջին հաշվով, եթե մենք մշտապես առաջարկում ենք միայն մեկի տեսակետը՝ տղամարդու տեսակետը, դա չի արտացոլում այն աշխարհը, որում ապրում ենք,- կարծում է ռեժիսոր Ջորջիա Փարրիսը:- Պետք է ոչ միայն հասնել գենդերային հավասարակշռության, այլև այնպես անել, որ տարբեր կանայք ցույց տան աշխարհը տարբեր կողմերից»:

Disney ստուդիայի սուպերհերոսների մասին նոր «Կապիտան Մարվել» ֆիլմը, որ էկրան կբարձրանա այս գարնանը, երկու ռեժիսոր ունի՝ տղամարդ և կին՝ Ռայան Ֆլեք և Աննա Բոդեն:

«Կապիտան Մարվել» ֆիլմով, կարծում եմ, իրականում կարևոր ժամանակներ են սկսվում, երբ կին ռեժիսորները, հատկապես՝ նրանք, ովքեր ուզում են աշխատել Հոլիվուդի խոշոր ստուդիաներում, պետք է առաջ շարժվեն և պայքարեն իրենց իրավունքների համար»,- կարծում է Բեատրիս Սաթքլիֆը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: