Հայերեն   English   Русский  

​Հաղթող կյանքի պայքարում...


  
դիտումներ: 3423

Փետրվարի 4-ն աշխարհում նշվում է որպես Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր: «Առողջության կամուրջ Արմենիա» հիմնադրամի հիմնադիր Անահիտ Բարսեղյանը,

որն ունի քաղցկեղը հաղթահարած որդի՝ 12-ամյա Նարեկը, զրուցում է թե´ որպես մայր իր անցած ճանապարհի, թե´ հիմնադրամի ստեղծման դրդապատճառների ու հետագա ձեռքբերումների մասին:

Նա նշում է՝ քաղցկեղի մասին իմանալը մի բան է, մոտիկից առնչվելն՝ այլ: «2009-ին, երբ բալիկս դեռ երեք տարեկան էր, շատ հանկարծակի բախվեցինք այդ խնդրին: Երեխայի մոտ հայտնաբերվեց երիկամի ուռուցք: Երբեք սկզբում ամենավատը չես մտածում, բայց լուծումն այդ պահին երիկամի հեռացումն էր: Այդ վիճակում հայտնվելիս չես իմանում՝ ո՞րն է ճանապարհը, կամ ընդհանրապես կա՞ ճանապարհ, թե՞ ոչ: Փառք Աստծո, մենք ունեինք աշխարհով մեկ սփռված լավ ընկերներ, որոնց օգնությամբ էլ ես ու որդիս մեկնեցինք ԱՄՆ՝ բուժումը շարունակելու ամերիկյան հայտնի կլինիկայում, որտեղ բոլոր ռիսկերով հանդերձ սկսեցին բուժումը: Մեր բժիշկը հրաշալի մարդ էր, և հենց սկզբից շեշտեց՝ իմ խնդիրը միայն ծնողական պարտքս կատարելը պիտի լինի, մնացած բժշկական հարցերը նա վերցրեց իր վրա: Ամերիկայում անցկացրած մեկուկես տարիների ընթացքում տեղի մեր հայրենակիցները մի մարդու նման կանգնեցին թիկունքիս: Եվ բուժումից հետո մեզ մնաց ընկերների մի ողջ բանակ: Հայաստան վերադառնալով՝ որոշեցի հիմնել մի այնպիսի կառույց, որը մեր նման ընտանիքներին հենց սկզբից հստակ ցույց կտար քայլերի հերթականությունը ու կօգներ նաև ֆինանսապես: Բացվեց «Առողջության կամուրջ Արմենիա» հիմնադրամը: Նույնիսկ այն ծնողները, որոնց երեխաները հաղթահարել են քաղցկեղը, միշտ զգոն են մնում, որովհետև վախենում են հիվանդության կրկնվելուց: 2013-ին արդեն Ամերիկայում Ռոբերտ Աղավերդյանի հետ միասին ստեղծեցինք «Առողջության կամուրջ» հիմնադրամը: Այժմ նա այդ հիմնադրամի գործադիր տնօրենն է: Ամերիկայի մեր հայրենակիցները հիմնադրամի շրջանակներում աջակցում են Հայաստանում ապրող քաղցկեղով հիվանդ երեխաներին»,-հանգամանորեն պատմում է Անահիտ Բարսեղյանը:

Հաջորդիվ անդրադարձանք զրուցակցիս արդեն 12-ամյաորդուն: Ըստ տիկին Բարսեղյանի՝ նա շատ ուժեղ բնավորությամբ երեխա է, ինչն էլ օգնել է հիվանդությանը հաղթելու ճանապարհին: «Երեխաները չեն մտածում կյանքին սպառնացող վտանգի մասին: Դրա համար փոքր տարիքում հիվանդությունն առավել հեշտ է հաղթահարվում: Միայն թե այս դեպքում մայրիկն է կրկնակի ծանրաբեռնվում: Նախ դրված է երեխայի կյանքի հարցը, երկրորդ՝ մոր կյանքն է գլխիվայր փոխվում: Քաղցկեղով հիվանդ երեխաների ընտանիքներից շատերը մարզերից են, և ստիպված են երեխայի հետ մենակ մնալ հիվանդանոցում, ինչը հանգեցնում է բազում սոցիալ-կենցաղային, անգամ ընտանեկան բարդությունների:Այդ պատճառով էլ մեր ցուցաբերած հոգեբանական աջակցությունը նույնքան կարևոր է ծնողների համար, որքան ֆինանսականը»,- բացատրում է տիկին Բարսեղյանն ու կրկին վերադառնում որդու թեմային. «Երբ փոքրերը հիվանդանում են, միանգամից են մեծանում. նրանց աչքերի մեջ զարմանալի խորություն է սկսում նկատվել: Ես ամեն ինչ պատմել եմ որդուս: Նա գիտի՝ ունի մեկ երիկամ, որը պիտի պահի աչքի լույսի պես: Բայց և գիտի՝ բոլորի նման լիարժեք երեխա է, որն ուղղակի պիտի խուսափի հարվածներից և չօգտագործի աղ՝ երիկամը չծանրաբեռնելու համար»:

Զրույցի ընթացքում տիկին Բարսեղյանն առավել մանրամասն ներկայացրեց «Առողջության կամուրջ Արմենիա» հիմնադրամի յուրահատկությունները: Նրանք օգնում են մինչև 18 տարեկան երեխաներին, որ բուժում են ստանում Հայաստանում: Օգնում են դեղորայքով, բժշկական տեստերով, որոշ անհրաժեշտ անալիզներով. «Հիվանդ երեխաների ծնողները գիտեն՝ մենք մի թիմ ենք: Այս ճանապարհն անցած մարդիկ բանակային ընկերներ են, ընդ որում ողջ կյանքի համար: Մեր հիմնադրամի հիմնական յուրահատկությունը համարում եմ այնպիսի ծնողների ներկայությունը, որոնք ունեցել են նման խնդիր իրենց երեխաների հետ: Մենք բոլորս կամավորներ ենք, որոնց երեխաները, փառք Աստծո, հաղթահարել են քաղցկեղը: Դրա համար էլ, շատ լավ հասկանալով այդ դժվարին կացության մեջ հայտնված մարդկանց, նրանց ենք փոխանցում մեր անցած ճանապարհի փորձառությունն ու գիտելիքները: Նրանք պիտի տեսնեն մեր մեկնած ձեռքն ու հասկանան, որ մենակ չեն: Այսօր արդեն բժիշկներն էլ են լավ տեղյակ մեր գործունեությանը: Նրանք շահագրգռված են, որ հիվանդը որակյալ բուժում ստանա: Ուրախությամբ եմ ասում՝ մեր գործունեության յոթ տարիներին դեռ չի եղել դեպք, երբ երեխան գումարի պատճառով բուժում չստանա: Այս պահին ակտիվ բուժման մեջ են մոտ 40 հոգի: Տարվա կտրվածքովունենում ենք հարյուր նոր դեպք, որոնց մի մասը միանգամից մեկնում են արտասահման, բայց մեծ մասը մնում են Հայաստանում և դիմում հիմնադրամներին: Մեր նախաձեռնություններից է նաև քիմիաթերապիայի կուրսը հաջողությամբ ավարտած փոքրիկների պարգևատրումը շքանշանով: Դրա մի երեսին պատկերված է մեր լոգոն, որը իմ տղայի ձեռքն է՝ մեջը սրտիկ, իսկ վրան գրված՝ «Առողջության կամուրջ Արմենիա», իսկ մյուս երեսին «Հաղթող կյանքի պայքարում» գրությունն է: Հատկապես հաղթող են նրանց մայրիկները: Կառանձնացնեմ նաև Ամանորին ու Երեխաների պաշտպանության տոնին մեր կազմակերպած միջոցառումները, երբ յուրաքանչյուր փոքրիկ ստանում է իր ցանկացած նվերը: Եվ դա իրագործում ենք մարդկանց բարի կամքի շնորհիվ: Շատ ունենք նաև այնպիսի դեպքեր, երբ զավակներին կորցրած ծնողները շարունակում են կապ պահել մեզ հետ՝ օգնելով իրենց ուժերի ներածին չափով»:

Զրուցակիցս կարևորեց ոլորտում տեղի ունեցող զարգացումներն ու առաջընթացը: Նա նախ ողջունեց քաղցկեղ ունեցող բոլոր փոքրիկներին մի հաստատությունում՝ Արյունաբանական կենտրոնում մեկտեղելու գաղափարը, ինչը կօգնի իրականացնել տարածաշրջանում ամենալավ կենտրոնը դառնալու տեսլականը: Ապա կարևորեց վերջին մեկ տարվա ընթացքում քաղցկեղի բուժման համար անհրաժեշտ դեղերի գրանցումը, որ նպաստում է դրանց թե´ ցածր գնին, թե´ պահպանման ժամկետի ստուգմանը: Ուրախալի են նաև շատ բժիշկների հաճախակի վերապատրաստումներն ու նոր մեթոդներով և դեղորայքով աշխատելու ունակությունը:

Հետաքրքիր էր՝ արդյոք զրուցակիցս, որ առանց այդ էլ բավական ճանապարհ է անցել իր սեփական երեխայի հետ, չի՞ դժվարանում այդքան հիվանդ փոքրիկների և նրանց ծնողների հետ աշխատելիս: Տիկին Բարսեղյանը միանգամից է պատասխանում՝ իր գործունեությունը չի կարելի աշխատանք համարել, դա իր ընտրությունն է. «Գուցե դրա համար եմ անցել այդ ճանապարհը, որ հետո կարողանամ օգնել մյուսներին: Ծնողների հետ շատ հեշտ է: Երևի մինչև կյանքի վերջ էլ ինձ համարեմ քաղցկեղը հաղթահարած երեխայի մայրիկ, ոչ թե հիմնադրամի հիմնադիր: Երբ քեզ ասում են՝ երեխադ չի ապրի, բայց նա ապրում է, դու հասկանում ես՝ նրա շարունակվող կյանքն ուղղակի նվեր է Աստծուց: Եվ հենց այդ միտքը թույլ չի տալիս հուսահատվել: Հոգնածության պահեր, իհարկե, լինում են, բայց կարճ ժամանակում կրկին վերագտնում ես քեզ և շարունակում օգնել մյուս երեխաներին՝ որպես շնորհակալություն երեխայիդ կյանքի համար»:

Զրուցակիցս նաև մատնացույց արեց այն բացը, որ մեր երկրում չկա տարին գոնե երկու անգամ առողջության բազային ստուգում անցնելու մշակույթը, ինչը կօգներ քաղցկեղի ավելի շուտ հայտնաբերմանը: Ինչ վերաբերում է քաղցկեղը հաղթահարածներին, զրուցակցիս խոսքով՝ նրանք բաժանվում են երկու խմբի: Մի մասը հետագայում ընդհանրապես ոչինչ չի ցանկանում հիշել անցյալի մասին, իսկ մյուս մասը հետագա կյանքը շարունակում է՝ մյուսներին օգնելով: Տիկին Բարսեղյանը տեղեկացնում է՝ թե´ հայաստանյան, թե´ ամերիկյան հիմնադրամների գործունեությանը մարդիկ կարող են ծանոթանալ ՖԲ էջերի օգնությամբ: «Bridge of Health Armenia / Առողջության կամուրջ Արմենիա» անունով գործում է հայաստանյան ՖԲ էջը , իսկ «Bridge of Health» անվանումով՝ ամերիկյան ՖԲ էջը: Դրանցից բացի հիմնադրամն ունի կայք՝ «Bridge of Health»:

Անահիտ Բարսեղյանը հորդորում է չվախենալ ոչնչից, լինել տեղեկացված, միշտ դրականը մտածել ու պատրաստակամ լինել ձեռք մեկնելու այն մարդկանց, որոնք ունեն դրա կարիքը:

Արփի Խաչատրյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: