Հայերեն   English   Русский  

Վերաքննիչը կրկին վերացրեց Վահագն Հարությունյանի կալանքը


  
դիտումներ: 798

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մհեր Արղամանյանի, այսօր՝ փետրվարի 6-ին հրապարակեց Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի խափանման միջոցի գործով որոշումը։

NEWS.am-ի հետ զրույցում Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանն ասաց, որ դատարանը մասնակի բավարարել է պաշտպանական կողմի բողոքը, բեկանել է կալանավորման որոշումը և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան նոր քննության։

«Կարծում եմ, որ դատարանը շեշտը դրել է պաշտպանական իրավունքից զրկելու վերաբերյալ խախտումներին, որի մասին պաշտպանական կողմը բարձրաձայնում էր»,–ասաց նա։

Նշենք, որ 2018թ. դեկտեմբերի 30-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը, առանց պաշտպանական կողմի մասնակցության, Վահագն Հարությունյանի նկատմամբ երկրորդ անգամ կալանքի որոշում է կայացրել։

Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար մեղադրվող Վահագն Հարությունյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է 2018թ. դեկտեմբերին։

Նա որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 308–րդ հոդվածի 2–րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով):

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Վահագն Հարությունյանին կալանավորելու որոշում էր կայացրել նաև 2018թ. նոյեմբերի 2-ին՝ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար։ Սակայն դեկտեմբերի 12-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր առաջին ատյանի որոշումն ու վերացրել Վահագն Հարությունյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի որոշումը։

Վահագն Հարությունյանն այս տարվա հուլիսին ազատվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: