Հայերեն   English   Русский  

Արցախում կհիմնադրվեն շինշիլաբուծական տոհմային փոքր տնտեսություններ


  
դիտումներ: 618

Փետրվարի 9-ին ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանն ընդունել է հայաստանյան «Փափուկ շինշիլ» շինշիլաբուծական տոհմային տնտեսության հիմնադիրներ Մհեր Միրզոյանին (գործադիր տնօրեն), Քրիստափոր Արթինին և Արման Քարամյանին:

ԱՀ գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում անասնաբուծության այս ճյուղի զարգացման հեռանկարները:


Նախարարը նշել է, որ կարևորում է Արցախում շինշիլաբուծության զարգացումն ու արմատավորումը, քանզի, որպես փոքր բիզնես, այն կարող է բազմաթիվ տնտեսավարողների համար դառնալ հիմնական եկամտի աղբյուր, առավելևս, որ այն մեծ ներդրումներ չի պահանջում և արագ զարգանալու լուրջ հեռանկար ունի: Սակայն, նշել է Ժիրայր Միրզոյանը, կան նաև ռիսկեր՝ կապված պոտենցիալ տնտեսավարողների մոտ բուծման հետ կապված անհրաժեշտ գիտելիքների բացակայության հետ:


Ոլորտի զարգացման մեկնարկին զուգընթաց, տնտեսավարողների և անասնաբույժների համար կկազմակերպվեն սեմինարներ և անհրաժեշտ վերապատրաստում:


Քրիստափոր Արթինն անդրադարձավ շինշիլաբուծության առավելություններին՝ նշելով, որ տվյալ դեպքում տնտեսավարողների համար ռիսկերը քիչ են նաև այն պատճառով, որ միջազգային շուկայում մեծ պահանջարկ ունեցող՝ թանկարժեք մորթատու այս կենդանիների բուծումն իրականացվում է փակ պահվածքով ու բարդ գործընթաց չէ: Մորթու վերամշակումն էլ կիրականացվի տեղում:


Այնուհետև հանրապետության շրջաններից ժամանած հինգ տասնյակ տնտեսավարողների համար անցկացվեց սեմինար-պարապմունք՝ նվիրված շինշիլաբուծության վարման առանձնահատկություններին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: