Հայերեն   English   Русский  

​«Գոյ» թատրոնի անբացատրելի կախարդանքը...


  
դիտումներ: 3072

«Թատերական ժամանակներ և ժամանակակից թատրոն» խորագրի ներքո «Անկախը» շարունակում է ներկայացնել Երևանում գործող թատրոնները:

Այս անգամ հյուրընկալվել ենք բեմադրիչ, «Գոյ» թատրոն բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանին:

-Պարոն Սահակյան, թատրոնի ստեղծումն ի՞նչ պատմություն ունի, և ովքե՞ր էին կանգնած ակունքներում: Ինչու՞ այն անվանվեց հենց «Գոյ», և ինչպե՞ս թատրոն-լաբորատորիան դարձավ բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոն:

-Թատրոնի հիմնադիրներն են Արմեն Մազմանյանը, Սամսոն Ստեփանյանը, Արսեն Աբրահամյանը, Մկրտիչ Մկրտչյանը և ես: Մենք այդ ժամանակ աշխատում էինք «Կամերային» թատրոնում, որից առանձնացանք մեր թատրոնը ստեղծելու նպատակով: Այն կազմավորվեց 1988-ի դեկտեմբերի 1-ին, բայց ընդամենը մեկ շաբաթ անց վրա հասած աղետը որոշ ժամանակով կանխեց թատրոնի առաջին խաղաշրջանի պաշտոնական բացումը:

Սկզբում կոչվում էինք թատրոն-լաբորատորիա, որովհետև մտադիր էինք զբաղվել ձևի ու բովանդակության փորձարկումներով: «Գոյ» անվանման մեջ Մազմանյանը հետևյալ միտքն էր դրել՝ սա մեր գոյապայքարն է, կենսակերպը, այսպես մենք ոչ միայն մտածում ենք, այլև ապրում առանց ձևականությունների: Արմենը, որ մեր թատրոնի գեղարվեստական ղեկավարն է եղել 1988-2014 թթ, նաև ասում էր՝ սա վայր է, ուր յուրաքանչյուրս ունի սխալվելու իրավունք, որովհետև թատրոնում չկան սխալ մոտեցումներ, կա ընդամենը ապաշնորհություն, անգրագիտություն և անճաշակություն: Մենք չորս ռեժիսորներով ստեղծեցինք չորս տարբեր տեսակի ներկայացումներ: Ժամանակի ընթացքում էլ թատրոն-լաբորատորիան դարձավ բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոն, որն արդեն մեկ տարի է՝ կրում է Արմեն Մազմանյանի անունը:

-Ինչպիսի՞ ճանապարհ եք անցել: Ի վերջո անկախության դժվարին տարիները մի ամբողջ կյանք արժեցան Ձեր սերնդի արվեստագետների համար: Ի՞նչ հասկացաք, ինչպե՞ս ապրեցիք ու ապրեցրիք Ձեր հանդիսատեսին:

-Մենք ապրեցինք, իսկ թե ինչպես, բերեմ մի օրինակ: Այն անլույս տարիներին խաղում էինք Սեմյուել Բեքեթի «Godo սպասելիս» ներկայացումը: Մինչ սկսելը պայմանավորվում էինք, որ լույսը չանջատեն: Բայց, իհարկե, հասկանում էինք՝ դժվար բան ենք խնդրում: Ներկայացումն էլ դիտում էին ընդամենը 10-15 հոգի, որ ոտքով գալիս էին քաղաքի տարբեր ծայրերից: Խաղում էինք ցուրտ դահլիճում, և ներկայացման ինչ-որ հատվածում լույսը գնում էր: Ժողովուրդը չէր համաձայնվում հանձնել տոմսերը, գալիս էին հաջորդ ներկայացմանը, բայց էլի նույնն էր կատարվում, ու այդպես երեք-չորս անգամից հետո նոր հաջողվում էր ավարտել ներկայացումը: Մենք երիտասարդ էինք, ու թեև երբեմն մենք էլ ապրելու հույս չէինք տեսնում, բայց հասկանում էինք՝ ուրիշ գաղափարի ենք կոչված՝ հույս տալուն:

Շուտով կնշենք մեր թատրոնի 30-ամյակը, և երբ հետադարձ հայացք եմ ձգում, տեսնում եմ՝ մշտապես արել ենք այն, ինչ ուզել ենք, բայց և ինչեր կարող էինք անել, որ չարեցինք: Ի դեպ, 30 տարեկան դարձանք անցյալ տարի դեկտեմբերի 1-ին, ուղղակի մարդիկ այնքան խառն էին տխմար քաղաքականությամբ, որ չուզեցինք նշել: Եվ առհասարակ վերջերս ես էլ չեմ կարողանում ներկայացում բեմադրելու մասին մտածել, որովհետև շատ անհանգիստ եմ երկրի անվտանգության համար:

Այս տարիներին գիտակցեցինք, որ շատ հասկանալու, կարդալու և կիսվելու բան ունենք, ուղղակի ժամանակը չի բավարարում: Ամեն անգամ փորձում ենք երազանք իրականացնել, չանել անցողիկ գործեր և ժամանակը ծախսել այնպիսի նյութերի վրա, որ կարևոր են ու մշտապես զգաստ կպահեն: Բեմադրել ենք փոքրաթիվ, բայց ծանրակշիռ ներկայացումներ: Ընդհանրապես ներկայացում ստեղծելը միշտ էլ եղել է փախուստ իրականությունից, երբ այդ իրականությունն այնքան է կուտակվում մեջդ, որ փակվում ես թատրոնում ու ներկայացման տեսքով պատասխանում նույն այդ իրականությանը:

-«Գոյ» թատրոնը գտնվում է Գ. Սունդուկյանի անվան թատրոնի ձեղնահարկում: Դահլիճն ունի հարյուր նստատեղ: Արդյոք այս ամենը Ձեզ բավարարու՞մ է, թե՞ հնարավորության դեպքում կտեղափոխվեք ավելի ընդարձակ տարածք:

-Մեզ տարածք անհրաժեշտ է միայն ներկայացումների դեկորները պահելու համար, որ ամեն անգամ նոր ներկայացում ստեղծելիս չմտածենք տեղ չունենալու մասին: Իսկ մնացած ամեն ինչը մեզ բավարարում է: Մեր թատրոնի բեմի ու դահլիճի մոտիկությունը ստեղծում է յուրօրինակ մթնոլորտ: Մենք մտածում ենք այն ճշմարտության չափաբաժնով, որ տալիս է այդ մոտիկությունը: Այս տարածքի վրա խաբեություն չի կարող լինել, թեև չենք բարձրանում բեմ՝ խաբելու, այլ ապրելու, ներկայացման երկու ժամերի ընթացքում հանդիսատեսի հետ կիսվելու և մտորելու համար:

-«Գոյը» նորարարական թատրոն է: Ո՞րն է Ձեր նորությունն այս ասպարեզում:

-Թատրոնը պիտի անպայման դեմք ունենա: Մենք հենց սկզբից որոշեցինք անդրադառնալ այնպիսի գրական գործերի, որ անցել ու անցնելու են Հայաստանի կողքով: Այդ գրականությունը, որ պահանջում է թատերական նոր լեզվամտածողություն, արդեն իսկ պիտի դառնար թատերական տեսակ թելադրող ներկայացում: Եվ մինչ այսօր փորձում ենք հավատարիմ մնալ մեր որդեգրած սկզբունքին, որ մեր ժամանակը չվատնվի սին գործերի վրա: Մեր ընտրած հեղինակների (Ջորջ Օրուել, Տոնինո Գուերա, Սեմյուել Բեքեթ, Միշել դե Գելդերոդ և այլն) գործերն անգամ երևանյան ընթերցողներին են անծանոթ կամ քիչ ծանոթ, և հանկարծ բարձրանում են բեմ: Իսկ բեմը, որտեղ ամեն ինչ կենդանանում է, ու տողերը դառնում են մարդիկ, միշտ ավելի ազդեցիկ է ընթերցանությունից:

«Գոյի» բեմադրած ներկայացումներն անհրաժեշտ են աշխարհի հետ զուգահեռ ընթանալու և մեր կապը չկորցնելու համար, որովհետև անկախ մեր երկրում տիրող իրավիճակից, ժամանակը չի սպասում, այն առաջ է գնում ու առավել ևս բերում է ապրելու, փիլիսոփայելու, տրամաբանելու տեսություններ, որոնք իրականում խորթ չեն մեզ, ընդհակառակը՝ հարազատ են, ուղղակի բաց ենք թողել: Եվ անկախ մեր ժողովրդի տեսածից ու ապրածից՝ հայը կարող է բոլորի հետ խոսել հավասարը հավասարի սկզբունքով: Խնդիրը մեր ունեցած ոգեղեն աշխարհը ներկայացնելու և հաղորդակից դարձնելու մեջ է:

-Արդյոք չե՞ք ափսոսում Ձեր աշխատանքը, երբ ներկայացումներին, ելնելով հենց դրանց դժվարամարսությունից, ներկա է լինում քիչ թվով հանդիսատես:

-Բեքեթի գործերն անգամ Փարիզում լիքը դահլիճներում չեն խաղացվում, ոչ էլ Ֆելինիինը՝ Իտալիայում: Լիքը դահլիճը չափանիշ չէ արվեստի համար: Հանդիսատեսը պիտի ընտրության հնարավորություն ունենա: Մեր գովազդը մեր ներկայացումներն են: Բայց խնդիրը ոչ թե հանդիսատեսի քիչ լինելն է, այլ այն, որ մշակութային ոլորտի պատասխանատուները լինեն կոմպետենտ, ադեկվատ մարդիկ, որոնք ունակ են հասկանալու բնագավառի խնդիրները: Սա մեծ պրոբլեմ է, որովհետև ինչ-որ տարօրինակ մարդիկ են նշանակվում, տանջված տեսք ընդունում, փորձում մեզ իջեցնել իրենց տափակության մակարդակին և ոլորտն էլ ավելի խճճելով իրենց հիմար որոշումներով՝ բացարձակ անպատիժ հեռանում են:

-Քանի՞ ներկայացում ունի թատրոնն այս պահին: Կա՞ն մանկական ներկայացումներ, և ի՞նչ նոր ներկայացումների սպասենք առաջիկայում:

-Խաղացանկում կա տասը ներկայացում, որոնք բոլորն էլ շատ ինքնատիպ են: Մեր այս փոքրիկ բեմը զարմանալի փոփոխությունների է ենթարկվում ամեն անգամ: Ներկայացումից առաջ պարտադիր վերհիշում ենք այդ երեկոյի բեմական ճշմարտություններն ու հետո արդեն հենց այդ մթնոլորտը փոխանցում հանդիսատեսին:

Նոր ներկայացումներ անպայման կլինեն, որոնցից մեկը՝ մանկական: Մեկ մանկական ներկայացում էլ արդեն ունենք խաղացանկում:

-Ի՞նչ կպատմեք «Գոյի» դերասանական կազմի մասին:

-Այս պահին թատրոնի հին կազմից վեց հոգի են մնացել: Հիմնական կազմը Արմեն Մազմանյանի տարբեր տարիների շրջանավարտներն են՝ շնորհալի, կիրթ և թատրոնին նվիրված մարդիկ: «Գոյը» փակ թատրոն է, դժվար է գալ ու դառնալ մեզնից մեկը, թեև սիրով ենք ընդունում նորեկներին: Թատրոնը, ըստ բեմադրվող գործերի ռեժիսորների ցանկության, ունենում է նաև հրավիրյալ դերասաններ: Մեր դերասաններն էլ համատեղության կարգով աշխատում են այլ թատրոններում: Եվ չես կարող արգելել, որովհետև 60-70 հազար աշխատավարձ ստացող մարդը չի կարող մի քանի տեղ չաշխատել, չի կարող մերժել սերիալներից ստացած հրավերները: Այդ վաթսուն հազարը պետական վերաբերմունքի ցայտուն արտահայտություն է: Սակայն էականն այն է, որ, անկախ այլ թատրոններում ունեցած մեր հարկադրված «հյուրախաղերից», կրկին գալիս ենք «Գոյ» ու շարունակում աշխատել: Մենք կապված ենք այս թատրոնին ոչ թե նրա համար, որ այլ տարբերակ չկա, այլ վարակված ենք մեր թատրոնով, որը մի անբացատրելի կախարդանք ունի: Մենք զգացմունքային մարդիկ ենք, ոչ թե պետական ծառայողներ: Մեր զգացած անբացատրելիի համար էլ շարունակում ենք մնալ թատրոնում:

-Ի վերջո, ի՞նչ է «Գոյը»:

-«Գոյը» ապրելակերպ է, մտածելակերպ, իրականությունից փախուստի և իրականությանը էմոցիաները վերադարձնելու շատ ուրույն տեսակ: Իմ սկզբունքն է՝ ամեն անգամ այնպես բեմադրել ներկայացումը, կարծես՝ վերջին անգամ: Հետո, երբ էլի կլցվես, մի հատ էլ վերջին անգամ կանես ու այդպես շարունակ: Մենք միշտ փորձում ենք տալ առավելագույնը, քանի որ երբ ասում ես՝ եկեք, տեսեք, ուրեմն պիտի ապացուցես՝ այդ պահին, այդ լեզվով և´ առավելագույն անկեղծ ես, և´ նախապատրաստվել ես հանդիսատեսի հետ հանդիպմանը: Մենք ուզում ենք՝ մեր հայտնագործությունը դառնա հանդիսատեսինը, մեր բացահայտած հեղինակը պետք գա մարդկանց: Ուզում ենք նաև, որ մեր ներկայացումներն անհրաժեշտ լինեն Երևանին՝ դառնալով ոչ թե ժամանցի միջոց, այլ խորհելու առիթ:

-Պարոն Սահակյան, ինչպե՞ս կամփոփեք զրույցը:

-Կյանքը գեղեցիկ է: Ժամանակին ինձ համար ձևակերպում եմ գտել. ավելի ձեռնտու է շուրջս նկատել դրականը, ինչն անհրաժեշտ է ամեն օր զարթնելու, գործունեությունս շարունակելու համար: Ձեռնտու է նկատել գարունը, ծաղկունքը, սերը, լավ մարդկանց: Քանի դեռ երկրագնդի վրա ենք ու չենք անցել գոյի այլ տարբերակի, ուրեմն պիտի պետք լինենք միմյանց: Ատելության քանդող ուժի դեմ սիրո էներգիան ամենազոր է ու արարող:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: