Հայերեն   English   Русский  

​Հեղափոխության դասերը.Անդրանիկ Թևանյան


ֆբ գրառում


  
դիտումներ: 244

1789-ին մեկնարկած ֆրանսիական հեղափոխության 10 տարվա ցիկլի մեկնարկի ժամանակ սիրո և հանդուրժողականության կոչեր էին հնչում:

Սակայն դա շատ կարճ տևեց: Այդ կոչերի կրողները շեղվեցին իրենց գծից և արդյունքում գլխատվեցին: Հատկապես ծանր գին վճարեցին ժիրոնդիստները, որոնք իշխանությունից զրկվեցին հեղափոխության մեկնարկից 4 տարի անց:

1917-ի փետրվարյան հեղափոխությունից ամիսներ անց՝ հուլիսին, Կերենսկին դարձավ Ռուսաստանի ժամանակավոր կառավարության ղեկավարը: Հեղափոխական զանգվածների սիրելի Կերենսկին, ով սիրո և հանդուրժողականության կոչերով էր հանդես գալիս, ժամանակի ընթացքում հեռացավ այդ կարգախոսներից և վարչապետ դառնալուց ընդամենը ամիսներ անց կորցրեց իր գերբարձր վարկանիշն ու հոկտեմբերյան հայտնի իրադարձություններից հետո ստիպված էր փախչել Ռուսաստանից:

Ե՛վ Ֆրանսիայում, և՛ Ռուսաստանում հեղափոխության 1-ին ալիքի թիրախը նախկին իշխանություններն էին՝ Լյուդովիկոս 16-րդը և Նիկոլայ 2-րդը:

Ե՛վ Ֆրանսիայում, և՛ Ռուսաստանում սիրո և հանդուրժողականության կոչեր անողներն իրականում անցան պատժիչ գործողությունների և արդյունքում դարձան իրենց իսկ ներդրած մեխանիզմների զոհերը: Ամբոխը ողջունում էր ինչպես ժիրոնդիստների գլխատումը, այնպես էլ Կերենսկու փախուստը: Մինչդեռ դրանից առաջ նրանց կուռք էին սարքել:

Գանք մեր օրերին:

Վրաստանում տեղի ունեցած «Վարդերի հեղափոխության» սկզբնական փուլը նույնպես սիրո և հանդուրժողականության կարգախոսների ներքո էր: Հետո սկսվեց սահակաշվիլիական տեռորն ու սեփականության վերաբաշխումը: Արդյունքում՝ Սահակաշվիլին փախած է Վրաստանից, իսկ նրա թիմակիցների 80 տոկոսն այժմ բանտերում է կամ հետախուզվում է պաշտոնական դիրքի չարաշահման ու կոռուպցիոն սխեմաներում ներգրավված լինելու համար:

Եթե ոմանք գտնում են, որ նախորդ տարվա ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն, ապա պետք է դասեր քաղեն ուրիշների սխալներից ու հիշեն, որ հեղափոխությունը սկզբում կերակրում, արբեցնում, իսկ հետո խժռում է իր զավակներին՝ ամբոխի դավաճանական բացականչությունների ներքո:

Քաղաքական ճոճանակի ու բումերանգի մեխանիզմն անվրեպ գործում է բոլոր ժամանակներում ու բոլոր տեղերում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: