Հայերեն   English   Русский  

«Շիրակ» հեռուստաընկերությունում աշխատատեղերը կպահպանվեն մի քանի տարի. Նիկոլ ՓաշինյանՆիկոլ Փաշինյան


  
դիտումներ: 140

Հայաստանի կառավարությունը առաջիկայում կորոշի «Շիրակ» հեռուստաընկերությունը օտարել մի ներդրողի, որը կկատարի ներդրումներ:

Այսօր Ազգային ժողովում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանի հարցին։

Փաշինյանի խոսքով՝ հեռուստաընկերությունը լուծարելն ունեցել է և՛ քաղաքական, և՛ սոցիալական ենթատեքստ։

«Շիրակի հանրային հեռուստաընկերությունը Հանրային հեռուստաընկերության մասնաճյուղն է, հիմա հարց՝ ինչո՞ւ չկա Արմավիրի հանրային հեռուստաընկերություն, Սյունիքի հանրային հեռուստաընկերություն։ Այսինքն՝ եթե այդպես է, ապա բոլոր մարզերում պետք է բացել մասնաճյուղեր։ Բայց ենթադրում եմ՝ Շիրակի մասնաճյուղը բացվել է մի ժամանակներում, երբ սփռման դժվարություններ են եղել։ Տրամաբանական չէր այս հեռուստաընկերության գոյությունը և կառավարությունը այս համատեքստում է կայացրել որոշումը», - ասաց Փաշինյանը։

Վարչապետը նաև հաղորդեց, որ կառավարությունն արդեն պայմանավորվածություն ունի «Շիրակ» հեռուստաընկերությունում ներդրում կատարելու ցանկություն հայտնած ներդրողի հետ ու առաջիկայում կառավարությունը հեռուստաընկերության ակտիվները կօտարի ներդրողին։

Փաշինյանի խոսքով՝ այդ ամենի արդյունքում աշխատատեղերը կպահպանվեն առնվազն մի քանի տարի։

«Այդ մարդիկ, ըստ մեր պայմանավորվածության, չեն մնա առանց աշխատանքի», - ասաց Փաշինյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: