Հայերեն   English   Русский  

Հոգեզավակին դուր չի եկել, կնքահայրն անհանգստացած է. Hayeli.am


  
դիտումներ: 995

Hayeli.am-ը գրում է.

«Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերություների մասին հոդվածով, որտեղ նա փորձում է ամեն գնով համոզել, թե Փաշինյանն ամենևին էլ իր հոգեզավակը չէ, ինքն էլ՝ նրա կնքահայրը։

Տեր-Պետրոսյանը նկարագրել է իրենց հարաբերությունները և անցած համատեղ քաղաքական ճանապարհը՝ սկսած Նիկոլ Փաշինյանի լրագրողական գործունեութայն առաջին փուլից, մինչև 2008-ի նախագահական ընտրությունները և Փաշինյանի ընդհատակյա գործունությունը, վերջացրած 2014 թվականի իրադարձություններով, երբ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջ էր քաշում բուրժուադեմոկրատական հեղափոխության գաղափարը՝ ակնկալելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աջակցությունը։ Այս իրադարձությունից սկսած՝ Նիկոլ Փաշինյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ճանապարհները պաշտոնապես տարբեր են եղել։ Բայց քաղաքականության մեջ հոգեզավակը կամ կնքահայրը առաջին հերթին գաղափարական հասկացություններ են։ Իսկ գաղափարական տեսանկյունից՝ Նիկոլ Փաշինյան քաղաքական գործչին ամբողջությամբ կերտել է Լևոն Տեր-Պետրոսյանը․ սա փաստ է, որը իր հոդվածում առաջին նախագահը չի էլ հերքում՝ արձանագրելով, որ քաղաքական ասպարեզում Փաշինյանը հայտնվել է որպես իր թիմակից և գաղափարակից։

Մյուս կողմից, սակայն, քաղաքական գործընթացների հմուտ գիտակ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաշալի հասկանում է, որ այս պահին ՀԱԿ-ի ու հատկապես իր անվան հետ ասոցացվելը վնասում է իր հոգեզավակի վարկանիշին և կարող է խթանել նրա դեմ հասունացող հանրային դժգոհության ալիքը։ Հնարավոր է, որ Փաշինյանն ինքը չի ցանկանում դիտվել Տեր-Պետրոսյանի հոգեզավակ, և հասկացրել է, որ հանրային այդ տպավորությունը պետք է ամեն կերպ վանել։ Ի վերջո թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաշալի գիտեն, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ու ՀԱԿ-ի անունն այսօր, վնասից բացի, որևէ օգուտ չի կարող բերել Փաշինյանին՝ սկսած Արցախի հարցով նրա հայտնի պարտվողական մոտեցումից, վերջացրած քաղաքական կորսված կապիտալով։

Դժվար չէ հասկանալ, թե Լևոն Տեր-Պետրոսյանը շահագրգռված է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը երկարատև լինի, որովհետև Փաշինյանը միակ մարդն է, որ կարող է Մարտի 1-ի գործը ավարտին հասցնել՝ Տեր-Պետրոսյանի պատկերացրած ձևով, այսինքն ՝ պատժել Ռոբերտ Քոչարյանին։ Հակառակ պարագայում, բացի Փաշինյանից, ով էլ որ գա իշխանության, նման հույսեր Տեր-Պետրոսյանը հազիվ թե կարողանա փայփայել։ Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ՀԱԿ-ի ներկայացրած առաջարկն էլ այս պահին ևս պետք է դիտել այս համատեքստում, չնայած որ Սահմանադրությունը առանձին քննարկման հարց է, և իրականում առաջին նախագահի պնդումը, թե կիսանախագահական կառավարման մոդելը Հայաստանի համար ավելի նախընտրելի է, ընդունելի հիմնավորում է։ Մնացած բոլոր պնդումները պարզ մանևրումներ են։

Անկախ ամեն ինչից՝ ակնհայտ է, որ 1998 թվականի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո ՀԱԿ-ը երբեք իրեն այսքան լավ չի զգացել, որքան այժմ։ Բայց ՀԱԿ-ն ու Տեր-Պետրոսյանը փաստորեն անհանգստացած են Նիկոլի՝ իրենց հետ նույնականացումից։ Հավանաբար այս ընկալումները դուր չեն եկել նաև Փաշինյանին։ Ամեն դեպքում, Լևոն Տեր-Պետրոսյանը լրացուցիչ անգամ փաստել է, որ Փաշինյանն այնուամենայնիվ իր հոգեզավակն է․ այդ մասին խոսում է հրապարակված հոդվածի ոճն ամբողջությամբ․ <<Եթե ոմանց կարծիքով Փաշինյանին հնարավոր է ուղղորդել խորհուրդներով կամ նրան ինչ-որ բան թելադրել, նրանք կա՛մ չարաչար սխալվում են, կա՛մ ընդհանրապես այդ մարդուն չեն ճանաչում, կա՛մ էլ նրա մասին դատում են սեփական հակումներով։ Ես Փաշինյանից ավելի անկախ եւ ինքնաբավ մարդու չեմ հանդիպել>>,- գրում է առաջին նախագահը։ Ինչպիսի պաթոս․ էլ ում, եթե ոչ հոգեզավակի մասին այսքան մեծարանքով կխոսեր սեփական անձի արժեքը բարձր գնահատող և հայտնի ամբիցիոզ Լևոն Տեր-Պետրոսյանը»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: