Հայերեն   English   Русский  

Սամվել Գասպարյան. «Սպորտի շնորհիվ ավելի ուժեղ եմ դարձել»


  
դիտումներ: 3473

2019 թվականի Հայաստանի ծանրամարտի առաջնությունում 109 կգ քաշային կարգում երկամարտի 356 կգ (156կգ+200կգ) արդյունքով հաղթող ճանաչվեց Սամվել Գասպարյանը:

Երիտասարդ մարզիկի համար ստուգատեսը յուրօրինակ փորձություն էր միջազգային մեկնարկներից առաջ. Սամվելը չեմպիոնի տիտղոսը նվաճեց վնասվածքի ապաքինումից հետո:

Անկախի հետ զրույցում հայ մարզիկը պատմում է նախապատրաստական շրջանի, բարձրացրած կիլոգրամների և առաջիկա ծրագրերի մասին:

-Տարեսկզբի առաջին փորձությունը պատվով անցաք. շնորհավորում ենք հաղթանակի կապակցությամբ:

-Շնորհակալ եմ: Վնասվածքից ամբողջովին վերականգնվել եմ, սակայն վիրահատությունից հետո շատ քիչ` շուրջ 2 ամիս ժամանակ ունեցա մարզվելու համար և մարզիչներիս որոշմամբ մասնակցեցի ստուգատեսին: Բարձրացրած կիլոգրամները գոհացուցիչ են: Ես ցույց տվեցի իմ հնարավորությունները: Նոր արդյունքներ գրանցեցի, ինչը ոգևորում է: Սակայն չեմ սահմանափակվում այս կիլոգրամներով. Եվրոպայի առաջնությանը հարկավոր է ավելացնել:
Նշեմ, որ այս մրցմանը հանդես եկա 109 կգ քաշային կարգում` չցանկանալով քաշս նվազեցնել, քանի որ տարբերությունը շատ չէր: Ապրիլին Վրաստանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում հանդես կգամ 102 կգ քաշային կարգում:

-Հաղթանակն ազգային առաջնությունում պարտավորեցնու՞ մ է:

-Սա տարվա առաջին ստուգատեսն էր: Չեմպիոնի կոչումը նվաճելը վստահություն է հաղորդում միջազգային հարթակներում հաջող հանդես գալու և ավելի լավ արդյունքներ ցույց տալու համար:
Հաղթանակը ոգևորում է և հնարավորություն է ընձեռում հանդես գալ միջազգային ասպարեզում: Հարկավոր է ամեն ինչ անել բարձր մակարդակով ներկայանալու համար:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիային, բոլոր մարզիչներին դժվար պահերին աջակցելու, ոգևորելու և կողքիս լինելու համար:

Նշեմ, որ մեծ հպարտություն ու պատիվ է ինձ համար ներկայացնել Հայաստանը միջազգային հարթակներում: Կան մարզիկներ, որոնք այլ երկրների դրոշի ներքո են հանդես գալիս: Կարծում եմ` ես իրավունք չունեմ այլ երկիր ներկայացնել և հանդես գալ այլ դրոշի ներքո: Ավելի մեծ հպարտություն և ոգևորություն չկա, երբ հաղթում ես և հնչում է օրհներգն ու վեր է խոյանում հայոց եռագույնը:

-Ինչպե՞ս սկսեցիք զբաղվել ծանրամարտով. մարզաձևի ընտրությունն ինչո՞վ էր պայմանավորված:

-Ծանրամարտով սկսել եմ զբաղվել 8 տարեկանից: Հայաստանի վաստակավոր մարզիչ Հարություն Եղոյանը մորեղբայրս է և իմ անձնական մարզիչը: Մորեղբորս հորդորով եմ գնացել մարզադահլիճ` պարզապես մարզվելու: Այնուհետեև հետաքրքրությունը մեծացավ, որոշեցի ավելի լուրջ զբաղվել ծանրամարտով` պրոֆեսիոնալ մոտեցում ցույց տալով և այս ոլորտում մորեղբորս անավարտ թողած գործը շարունակելով:

Նշեմ, որ բարեկամական հարաբերությունները մարզադահլիճից դուրս են: Պարապմունքների ժամանակ մենք մարզիկ-մարզիչ հարաբերությունների հարթակում ենք: Դահլիճում պետք է դրվի և պահպանվի որոշակի սահման` գործում հաջողության հասնելու համար: Փոքր տարիքից ինձ այդպես է դաստիարակել մարզիչս: Մարզադահլիճից դուրս մենք ավելի անմիջական ենք, սակայն անգամ այդ ժամանակ մասնագիտական քննարկումներն անպակաս են:

-Ի՞ նչ է տալիս սպորտը, ո՞ րն է հաջողության հասնելու գրավականը:

-Սպորտը պատանիներին, երիտասարդներին կոփում է և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես, միևնույն ժամանակ, վստահություն է հաղորդում: Սպորտի շնորհիվ ես հաստատվել եմ, ավելի ուժեղ եմ դարձել: Սովորել եմ դժվարություններից չընկճվել, նպատակներ դնել իմ առջև և մեկ առ մեկ իրագործել:

Հաջողության հասնելու համար պետք է ցանկություն ունենալ: Ցանկացած ոլորտում կայանալու համար մարդ պետք է ունենա նպատակ և կամք, այլապես հնարավոր չի լինի ոչնչի հասնել: Նպատակին հասնելու համար մարզիկին չպետք է խանգարեն վնասվածքները, անհաղթահարելի թվացող դժվարությունները, անարդարությունները: Հարկավոր է միայն ու միայն առաջ շարժվել և անկոտրում լինել:

Կյանքում ամեն ինչ իր ժամանակն ունի: Այս շրջանը ես նվիրել եմ մարզական կարիերայիս` հրաժարվելով այլ հետաքրքրություններից, կողմնակի զբաղմունքներից:

-Ֆիզիկական պատրաստությունից զատ մարզիկի համար անչափ կարևոր է նաև հոգեբանական պատրաստությունը: Ինչպե՞ ս եք հաղթահարում հուզմունքը մրցահարթակում:

-Փորձը թույլ է տալիս հաղթահարել լարվածությունը: Այդ առումով մրցումներին մասնակցելն անչափ կարևոր է: Հավանաբար որևէ մարզիկ չկա, որ չհուզվի մրցումներից առաջ, սակայն մարզիչների օգնությամբ, նրանց խորհուրդներով մենք հաղթահարում ենք հուզմունքն ու լարվածությունը և դուրս ենք գալիս մրցահարթակ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: