Հայերեն   English   Русский  

Եթե լինել օրինակ, ապա լավագույնը․ Սոֆյա Հովսեփյան


  
դիտումներ: 5370

Պատգամավոր լինելու առանձնահատկությունների մասին է «Անկախը» զրուցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ։

- Սոֆյա, երկար տարիներ պայքարել եք որպես քաղաքացիական ակտիվիստ։ Այժմ օրենսդրական դաշտում եք պայքարում։ Պայքարի ո՞ր հարթակն է Ձեզ ավելի հոգեհարազատ, ո՞րն եք ավելի արդյունավետ համարում։

- Պայքարը բնականաբար արդյունավետ կհամարեմ այն դաշտում, որտեղ առաջնային խաղացող ես և քո ձեռքում են թե՛ օրենքների կիրառումը, թե՛ շտկումները, թե գործադիրում համապատասխան քայլեր ձեռնարկելը։

Մեկը մյուսի հետ չեմ ուզում համեմատել։ Այն ժամանակ ես պայքարում էի, որ եղած օրենքները կիրառվեն ի շահ ժողովրդի, որպեսզի բարեկեցություն ապահովվեր ժողովրդի համար և միաժամանակ գնայինք երկրի զարգացման ճանապարհով։ Իսկ այս պարագայում արդեն ես ինքս դարձել եմ այդ առաքելության կրողը և որպես այդպիսին պարտավորություն եմ ստանձնել առավելագույն ջանքեր գործադրել, որպեսզի հասնենք այս կամ այն խնդիրների լուծմանը։ Իհարկե, դերերը փոխվելու հետ մեկտեղ ուրախ եմ, որ նաև ինձնից են պահանջում: Հուրախություն ինձ, դերերի փոփոխության ժամանակ չեմ մոռացել իմ անցած ճանապարհը և այն, որ ինքս պահանջատեր եմ։

Այնքան էլ համեմատելի չեն, բայց իրարից չեմ կարող տարանջատել և մոռանալ այն ճանապարհը, որը ես անցել եմ։ Դա մի մեծ ընթացք էր, որը կայացրել է իմ պահանջատեր վիճակը։ Ինքս ինձանից եմ արդեն պահանջում։

- Կարո՞ղ ենք օրենսդիր գործունեությունը համարել Ձեր նախորդ տարիների գործունեության տրամաբանական զարգացումը։

-Չէի ասի։ Այն ժամանակ իմ մտքով չէր էլ անցնում, որ ես կարող եմ մի օր լինել օրենքներ կիրառողը, օրենքներ ստեղծողը կամ մարդկանց աջակցողը։ Այն ժամանակ մեր մտքով չէր անցնում, որ մեր պայքարի արդյունքում օր կգա, որ մենք կլինենք այն խնդիրների շտկողը, որոնց հետ այն ժամանակ կռիվ էինք տալիս։ Էվոլյուցիա կարող ենք համարել զուտ տրամաբանության տեսանկյունից, միևնույն ժամանակ կարող եմ ասել, որ սա չի եղել իմ տեսլականը։ Ես իմ մասնագիտության մեջ իմ տեղն ունեի, բացի մասնագիտությունից ունեցել եմ շատ նախաձեռնություններ, եթե տեսել եմ խնդիր, գնացել եմ այդ խնդրի լուծման ճանապարհով։

- Քաղաքականություն մտնելու որոշում ինչպե՞ս կայացրեցիք։ Դեռ նախորդ ընտրություններում էիք առաջադրվել «Ելք» դաշինքի կողմից։ Ինչպե՞ս և ինչո՞ւ որոշեցիք, որ պիտի քաղաքականություն մտնեք։

- Ինձ համար շատ բարդ էր այդ որոշումը։ 2017-ին այդ որոշումն ավելի շատ իմ աջակցությունն էր ընկերներիս, որոնք պետք է կռիվ տային մի մեծ ոհմակի դեմ։ Ինձ խնդրեցին, որ ես էլ հանդես գամ որպես թեկնածու։ Իհարկե, ես շատ ընկերների կարծիք հարցրեցի՝ ինչպե՞ս կնայեք, արդյոք տրամաբանված է, արդյոք կկարողանամ ինչ-որ բան անել։ Որովհետև քաղաքականությունը ես տեսնում եմ զուտ մաքրության մեջ, իսկ այդ ժամանակվա իրավիճակը ինձ համար շատ խնդրահարույց էր։ Ընկերներս ասում էին՝ իսկ ինչու ոչ դու, եթե կարող ես օգնել, պետք է օգնես։ Ընտանիքս այնքան էլ կողմ չէր, որովհետև ճանաչելով ինձ՝ համարում էին, որ այսօրվա քաղաքականության մարդ չեմ։ Բայց հանուն ընդհանուրի շահի լծվեցի այդ գործին և դարձա թեկնածու «Ելք» դաշինքի կողմից։

Կարող եմ ասել, որ ինձ համար արդյունքն անսպասելի էր, որովհետև չկարողացա ամբողջական քարոզարշավն օգտագործել ի շահ ինձ։ Բայց այն արդյունքը, որ գրանցեցի, ցույց տվեց, որ մարդիկ կարիք ունեն մաքուր, արժանապատվություն ունեցող մարդկանց։ Եվ սա դարձավ պատճառ, որ մնայի այդ դաշտում։ Եվ 2018 թվականին, երբ սկսվեց շարժումը, միացա, ինչպես նախկին բոլոր շարժումներին, որոնք միտված էին երկրի զարգացմանը։ Հետո նշանակվեցի Շիրակի փոխմարզպետ։ Գործունեության ընթացքում հասկացա, որ կան օրենսդրական մեծ բացեր։ Շատ-շատերը մինչև չեն ապրում տվյալ վիճակը, չեն պատկերացնում դրա հրատապությունն ու կարևորությունը։ Ուստի քայլ արեցի, որ ինքս լծվեմ այդ փոփոխություններին։

Պետք է ասեմ, որ ինձ շատ լավ էի զգում գործադիրում, կարողանում էի յուրաքանչյուր մարդու օրը փոխել, բայց որպեսզի գործադիրում ինձ շատ լավ զգամ, պետք է նախ օրենսդրական փոփոխություններ անել։

- Եղել եք և՛ պահանջողի դերում, և՛ այժմ Ձեզնից են պահանջում։ Երկուսի կոշիկն էլ փորձել եք․․․

- Երբ պահանջողի դերում էինք, մենք, ի տարբերություն շատերի, պահանջում էինք, որ ոչ թե մեզ համար մի բան անեն, այլ մեզ տան հնարավորություն իրենց փոխարեն ծառայելու հանուն նրա, որ համայնքները չդատարկվեն, որ բանակը շենանա: Եվ կամավոր կերպով ծառայում էինք։ Երբ հայտնվեցի այն դերում, որ ինձնից էին պահանջում, անկեղծ ասած, ուրախանում էի։ Երբ գալիս էին մարդիկ այս կամ այն հարցով, բանը չէր հասնում պահանջելուն, քանի որ տեսնում էին պատրաստակամություն։

Բավականին հետաքրքիր ընթացք էր ինձ համար, կայացման և ինքնաբացահայտման ճանապարհ էր պահանջողի դերից անցումն այն կարգավիճակին, երբ ինձնից պետք է պահանջեն։

Եթե այն ժամանակ ինձ հարցնեին՝ եթե դու լինես այս պաշտոնում, ինչ կանես, ես վստահ կթվարկեի, թե ինչ կանեմ։ Բայց մի բան է, երբ խոսքով ես դա անում, և այլ աբն, երբ հայտնվում ես այդ պաշտոնում և սկսում ես ցույց տալ՝ անում ես դա, թե ոչ, կամ կարողանում ես անել դա, թե ոչ։

Երբ տեսնում ես պահանջատիրություն, հասկանում ես, որ իրավունք չունես ոչ մի վայրկյան հանգստանալու, որովհետև դու արդեն պատասխանատվություն ես վերցրել։ Որպես լիազոր մարմին ունես բացառապես նվիրվելու և շտկելու իրավունք։

- Ձեր պատգամավորական գործունեությունն ինչպիսի՞ն եք տեսնում։

- Բնականաբար շատ ակտիվ, համագործակցային, ժողովրդի հետ կապի մեջ:

- Մտքում որևէ օրենսդրական նախաձեռնություն ունենալո՞վ եք եկել ԱԺ։ Առաջիկայում որևէ օրենսդրական նախաձեռնություն պլանավորո՞ւմ եք։

- Միանշանակ։ Շատ նախաձեռնություններ ունեմ, որոնք վերաբերում են սոցիալական ոլորտին, կրթությանը, ներառական կրթությանը և միևնույն ժամանակ հարկերի ու գյուղատնտեսության խնդիրներին։ Քննարկումներ արդեն իսկ ունեցել եմ բոլոր ոլորտների հանձնաժողովների հետ, և կարծես ունենք նախնական պայմանավորվածություն, որ առավել խորքային ուսումնասիրենք, հասկանանք, թե ինչ խնդիրներ կան, ինչ է պետք շտկել։ Ինձ համար հրատապ է նաև հեռուստաեթերի մաքրման հարցը։

- Այսինքն այն խնդիրներին, որոնց առնչվել եք մինչև ԱԺ գալը որպես քաղաքացի, հիմա փորձում եք լուծում գտնել։

- Միանշանակ։ Որպես քաղաքացի և որպես գործադիրում աշխատած մարդ, որովհետև երբ գնացի գործադիր, զտեցի, թե որն էր խնդիր, որը մարդկային գործոնի հետևանք։ Նրանք, որոնք խնդիր են, որովհետև կան օրենսդրական բացեր, առանձնացրել եմ, և հիմա այդ բացերի ուղղությամբ պետք է աշխատենք։

- Մասնագիտությամբ հոգեբան եք։ Ձեր մասնագիտությունն օգնո՞ւմ է նոր աշխատանքում։

- Շատ է օգնում։ Այս աշխատանքում օգնում է հարաբերությունների, բանակցությունների, մարդկանց հետ շփման առումով։ Գործադիրում էլ շատ էր օգնում։ Մտածում եմ՝ եթե իմ մասնագիտությունը չլիներ, ինչպե՞ս պետք է կարողանայի աշխատել ամենախնդրաշատ մարզում։

- Պատգամավոր դառնալուց հետո Ձեր կյանքում ի՞նչ է փոխվել։

- Որևէ բան չի փոխվել, ընդամենը Շիրակի մարզից վերադարձել եմ Երևան։ Այնտեղ ես ամենօրյա ռեժիմով առավոտից երեկո հանդիպումներ ունեի։ Այժմ էլ է այդպես, ինքս նախաձեռնում ու հանդիպում եմ քաղաքացիների, խմբավորումների հետ, լսում նրանց խնդիրները, ինքս խնդիրներ առաջադրում։ Եթե միայն օրենսդիր գործունեությամբ զբաղվեի, կարող էր պասիվություն լինել։ Բայց ես նման բան թույլ չեմ տալիս։

- Լավ օրենսդրի Ձեր բանաձևը ո՞րն է։

- Լավ պատգամավորն այն պատգամավորն է, որը երկրում առաջացած խնդիրներին անտարբերությամբ չի վերաբերվում։ Եթե անգամ այդ խնդիրները իրեն՝ որպես պատգամավորի, չեն վերաբերվում, ապա գոնե պետք է ստանձնի միջնորդ լինելու պարտավորությունը այդ խնդիրը հասկանալու և լուծում փնտրելու ճանապարհին։ Կարևոր եմ համարում, որ անձը քաղաքականության մեջ պահում է բարոյականության նորմերը։ Եվ ամենակարևորը՝ պատգամավորի լավագույն տեսակն այն է, որ իրապես չի սահմանափակվում միայն կոճակ սեղմելով, ինչը տարիներով մեզ մատուցված է եղել, գործում է, հասկանում է, քվերակության պահին էլ հավատում է իր արածին, ոչ թե ուղղորդված է այդ կոճակը սեղմելու։ Շատ կարևոր է այդ սկզբունաքայնությունը, արժեհամակարգը և նվիրվածությունը։ Ամբիցիաներն են շատ կարևոր, բայց ոչ թե սեփական անձի, այլ երկրի ամբիցիաները, երբ քո առջև դնում ես հարց՝ ոչ թե ինչ կշահի քո անձը, այլ ինչ կշահի քո երկիրը քո՝ որպես ԱԺ պատգամավորի գործունեությունից։

- Իսկ Դուք փորձո՞ւմ եք լինել այդպիսին։

- Այո, իհարկե։ Այն, ինչի մասին ես խոսում եմ, ձգտում եմ լինել այդպիսին։ Ես չեմ ուզում պահանջել դա ուրիշներից, երբ ես դեռ այդպիսին չեմ։ Բայց ես ձգտում եմ լինել այդպիսին և ձգտում եմ ոչ թե պահանջել, այլ ընդամենն օրինակ ծառայել։

- Հիմա էլ եք օրինակ ծառայողի դերում որպես կին պատգամավոր։ Այդ պատասխանատվության գիտակցումը կա՞։

- Գիտեք, ես այդ պատասխանատվությունն ունեցել եմ միշտ։ Երբ ես դպրոցում էի աշխատում որպես հոգեբան, որպես անձ՝ օրինակ էի յուրաքաչնյուրի համար, երբ փողոցում էի պայքարում, օրինակ էի շատերի համար, երբ նախաձեռնություններ էի համակարգում, օրինակ էի շատերի համար և երբ փոխմարզպետ էի, կրկին օրինակ էի շատերի համար։ Ես շատ ուրախ եմ ու դա ինձ մեծամտության տեղիք չի տալիս։ Ես համարում եմ, որ եթե լինել օրինակ, ապա լավագույնը, եթե չէ, ապա պետք է մեկուսանաս ու քո տեսակով չվարակես հասարակությանը։

- Պատգամավորի մանդատը կաշկանդելո՞ւ է Ձեզ անձնական տեսակետ հայտնելու, քննադատելու հարցում։

- Կարծում եմ՝ այս երկու ամսվա ընթացքում արդեն համոզվել եք, որ ինձ որևէ բան չի կարող կաշկանդել, մասնավորապես շատ սկզբունքային հարցերում, որ իմ տեսակետը հայտնեմ։ Միանշանակ չեմ կաշկանդվելու, եթե սևը սև է, չեմ կարող այդ սևին, ինչ է թե ունեմ պատգամավորական մանդատ, ասել սպիտակ։ Պատգամավոր լինելու պահանջների մեջ, եթե կա կաշկանդվածություն, ապա ես դեռ այդ պահանջը չեմ տեսել, այն պետք է սևով սպիտակի վրա գրվի և լինի օրենք։ Իսկ քանի դեռ օրենքը չկա, որ պետք է մարդիկ կաշկանդված լինեն պատգամավոր դառնալուց հետո, ես չեմ կաշկանդվի։ Իսկ եթե օրենքը եղավ, ես կմտածեմ՝ լինե՞մ պատգամավոր։

- Այսինքն՝ հարկ եղած դեպքում կարո՞ղ եք Ձեր քաղաքական ուժի դիրքորոշումը քննադատել, եթե այն չի համապատասխանում Ձեր տեսակետին։

- Իհարկե, և ոչ միայն ես։ Մենք ներսում բավականին հետաքրքիր զարգացումներ ունենք։ Եթե ինչ-որ հարցեր կան, որ մեզ դուր չի գալիս, մենք անկաշկանդ բարձրաձայնում ենք։ Խմբակցության ներսում ազատ արտահայտվելու խնդիր չկա։

- Այսինքն՝ ընդհանուրից տարբեր կարծիք ունենալ և քննադատվել չե՞ք վախենում։

- Բացարձակ, և կարծում եմ, որ արդեն այդ կիզակետում հայտնվել եմ ու չեմ վախեցել։

- Վերջերս սկանդալ եղավ, երբ Արցախի հարցով դիրքորոշում հայտնեցիք։ Ձեր դիրքորոշումն այդ հարցում կարո՞ղ է փոխվել։ Եվ երկրորդ հարցը՝ պատկերացնո՞ւմ եք իրավիճակ, երբ կարող եք Ձեր տեսակետներին հակառակ քվեարկել։

- Չի կարող դա լինել, դա նշանակում է, որ ես մեռել եմ։ Չի կարող նաև այլ տեսակետ լինել, որովհետև այդ հարցն ինձ համար սկզբունքային է և քննարկման չենթարկվող։ Ես պահանջում եմ, որ «տարածքների հանձնում» արտահայտությունը մեր մտածողությունից հանենք, հետևաբար չի կարող այնպիսի պահ լինել, որ ես դրան կողմ քվեարկեմ։ Դա նշանակում է, որ ես ինքս ինձ եմ կորցրել։ Դա ժողովրդի պահանջ է, միայն ես չեմ, որ այդպես եմ մտածում։ Ժողովուրդն է այդպես մտածում, և ես ժողովրդի ներսում եմ ձևավորել իմ կարծիքը, ես այդ ժողովրդի մի մասն եմ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: